Կիրակի, 04 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Թրամփն ազդակ է հղում, որ համառ պայքար է մղելու իր համար ընդունելի թեկնածուի ընտրության համար»․ Հակոբ Բադալյան

«Թրամփն ազդակ է հղում, որ համառ պայքար է մղելու իր համար ընդունելի թեկնածուի ընտրության համար»․ Հակոբ Բադալյան
258
Երեկ, 18:48

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Թրամփը գրոհում է Վատիկանը:

ԱՄՆ նախագահ Թրամփը լուսանկար է հրապարակել, որտեղ ինքն է՝ Հռոմի Պապի հանդերձանքով, Սուրբ Աթոռի գահին:
Սա կդիտարկվի, թերևս, պարապ էպատաժ կամ խելագարություն: Գործնականում, Թրամփը արտացոլում է պայքարը Վատիկանի՝ նոր Պապի համար, որը լինելու է աննախադեպ թեժ: Իհարկե այդ թեժությունը չի արտահայտվի այնպես, ինչպես օրինակ ներքաղաքական պայքարները, բայց կլինի ցանկացած ներքաղաքական պայքարից ավելի սուր:
Հենց նախօրեին, անդրադառնալով Գերմանիայի մասին ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի գրառմանը, նշեցի, որ այդտեղ կարող ենք դիտարկել նաև հենց պայքարը Վատիկանի համար:
Եվ ահա, հաջորդիվ՝ Թրամփն իր հրապարակած լուսանկարով: Իհարկե սա ամենևին զարմանալի կամ անսպասելի չէ: Կաթոլիկ աշխարհի առաջնորդն ունի առանցքային աշխարհաքաղաքական նշանակություն, հետևաբար շատ կարևոր է, թե ո՞վ է այդ առաջնորդը, ի՞նչ գաղափարական հոսանքի կամ արժեհամակարգի կրող է նա, արևմտյան-կաթոլիկ աշխարհի ինչ բևեռ է ներկայացնում: Ընդ որում, բնականաբար երկրորդական չի լինելու և այն՝ վերը նշածիս համատեքստում, թե նա ինչպես է պատկերացնում ոչ միայն, այսպես ասած, ներկաթոլիկ հարաբերությունները, այլ նաև համաշխարհային տնտեսա-քաղաքական հարաբերություններն ընդհանրապես:
Թրամփը իր լուսանկարից թափանցիկ ազդակ է հղում, որ մտադիր է բավականին հաստատուն ու համառ պայքար մղել Սուրբ Աթոռի գահակալի ընտրության հարցում՝ իր համար ընդունելի թեկնածուի առաջմղման և ընտրության համար: Բնականաբար, Եվրոպայում իրենց դոմինանտությունը առնվազն առայժմ պահպանող լիբերալ գլոբալիստ - «ֆունդամենտալիստ» ուժերը փորձելու են պապական գահը դնել իրենց վերահսկողության ներքո:
Ընդ որում, այդ իմաստով, նախկին Պապի ժամանակաշրջանը, թերևս, խոշոր հաշվով հնարավոր էր դիտարկել «հիբրիդային», իհարկե որոշակի «լիբերալ» թեքվածությամբ:
Այժմ սակայն, «հիբրիդային» տարբերակը թվում է ավելի քիչ հավանական, քանի որ ինքնին, լայն առումով, բավականին վճռորոշ է դիմակայությունը երկու թևերի միջև»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան