Հինգշաբթի, 08 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Հետևանքները եկան դրսից, սակայն պատճառը կար և մնաց ներսում». էդուարդ Մանվելյան

«Հետևանքները եկան դրսից, սակայն պատճառը կար և մնաց ներսում». էդուարդ Մանվելյան
318
Այսօր, 03:06

Գրող Էդուարդ Մանվելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ տարիներ առաջ, երբ նոր էի հայտնվել Փարիզ կոչված այս շքեղ հյուրանոցում, առողջական խնդիրներով դիմեցի բժշկի։ Չնայած իմ տառապանքին՝ ֆրանսիացի բժիշկը շատ հանգիստ պատասխանեց. «Ներեցեք, անգլերեն չեմ խոսում»։
Հետո արդեն, ադմինիստրատիվ հարցերով, նույն բանը՝ «ֆրանսերեն խոսեք»։
Այսօր ես իմ գրքերը Փարիզից ուղարկում եմ աշխարհի ամեն անկյուն, և ֆրանսիացիք հստակ կանոն ունեն. եթե գրքերդ ֆրանսերեն չեն, վճարում ես գրեթե երեք անգամ ավելի։ Պատճառը. եթե դրանք լինեն ֆրանսերեն, դու արտերկրում պրոպագանդում ես ֆրանսերենը և ուրեմն, մուծում ես կոպեկներ, իսկ թե ոչ՝ բարի եղիր վճարել։ (Դրա համար էլ գրքերը թանկ են այստեղ):
Հիմա, նախ՝ Երևանից Բելգիա ուղարկած երկու տարբեր հասցեատերերի գրքերն այդպես էլ տեղ չհասան։ «Հայփոստ»-ը հպարտ հայտարարեց, որ ինքը պատասխանատվություն չի կրում։ Բելգիայից ասացին՝ հետ ենք ուղարկել, բայց ոչ գրքերս հետ եկան, ոչ փողերս։
Հետո, ֆրանսիացին գնում է Լոնդոն, խոսում է ֆրանսերեն, եթե չհասկանան, կխոսի անգլերեն՝ իրենց լեզվով։ Պորտուգալացին գալիս է Ֆրանսիա, սովորում է ֆրանսերեն, իսկ հայերը... Հայերն իրենց երկրում ժամանակավոր գտնվող ռուսների հետ խոսում են ռուսերեն։ Նախագահ ու վարչապետ հյուր են ընդունում, խոսում են հյուրի լեզվով՝ սատկած ռուսերենով կամ մեռած անգլերենով, իսկ հյուրերից և ոչ մեկը Հայաստանում գոնե «բարև» բառը չի ասում...
Կիկաբիձեի վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ, Հայաստանում նա խոսում էր վրացերեն, լրագրողը պատասխանում էր ռուսերեն։ Կիկաբիձեն ասաց. «Ես խոսում եմ Ձեզ հետ իմ մայրենի լեզվով, Դուք ինձ հետ խոսում եք իմ թշնամու լեզվով, կարիք կա՞ շարունակելու մեր զրույցը...»
Ահա՛, Պետականության կորստի սկզբնապատճառներից մեկը՝ հայերը խոսում են աշխարհի բոլոր լեզուներով, բացի՝ հայերենից, բայց երբ հասնում են փորձանքի, մեղադրում են բոլոր նրանց, որոնց լեզուներով խոսելով՝ սեփական մշակույթը վերածեցին ռաբիս ու անճաշակ շոՎու բիզնեսի. Համալիրը լցրեցին չաթ ջիպիթին ու ռաբիսը, իսկ ճաշակն ու ինտելեկտը քարկոծվեցին:
Հետևանքներն եկան դրսից, սակայն պատճառը կար և մնաց ներսում...
Գրքեր կարդացեք և հայերեն խոսեք»: