«Իմփինչմենթի գործընթաց չնախաձեռնելու պատճառներից է վարչապետի թեկնածուի բացակայությունը»․ Էդգար Ղազարյան
302
Հինգշաբթի, 05 հունիսի, 2025 թ., 00:36
Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փնտրվող վարչապետի թեկնածուն Խորհրդարանական «ընդդիմությունը» Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց չնախաձեռնելու պատճառներից նշում է նաև վարչապետի թեկնածուի բացակայությունը։ Ու եթե նրանք չկարողանան գտնել անվստահության գործընթացի համար վարչապետի թեկնածու, կնշանակի, որ նաև չեն նախաձեռնի իմպիչմենթի գործընթաց, քանզի թեկնածուի առկայությունը սահմանադրական պահանջ է։ Ստացվում է, որ Հայաստանի ընդդիմադիր կոչվող քաղաքական ուժերի տեսադաշտում վարչապետի լավագույն թեկնածուն գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, քանզի նրան պաշտոնից հեռացնելու պարագայում որևէ մեկի հարցում չեն կարողանում միասնական որոշում կայացնել։ Իրենց միասնական թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։ 2026 թվականի ընտրություններին և հերթական խայտառակ պարտությանը սրտատրոփ սպասող քաղաքական ուժերին ուզում եմ հիշեցնել, որ ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ պետք է ներկայացնեն իրենց կուսակցությունների և դաշինքների համամասնական ցուցակները, որոնց առաջին համարի թեկնածուները «Ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով, իրավունքի ուժով հանդիսանալու է վարչապետի թեկնածու։ Նրանք չեն կարող դատարկ թողնել ընտրական ցուցակի առաջին հորիզոնականը, հետևաբար պետք է ունենան վարչապետի թեկնածու։ Եթե նման թեկնածու 2026 թվականի ապրիլին լինելու է, որ փաստաթղթերը ներկայացնեն ԿԸՀ, ապա ինչու՞ է դժվար գտնել այդ թեկնածուին դրանից մի քանի ամիս առաջ, հիմա, այսօր, առաջադրել նրան ու սկսել անվստահության գործընթաց։ Սրանից կարելի է անել մեկ այլ հետևություն․ 2026 թվականին ընտրությունների գնացող քաղաքական ուժերը, ի սկզբանե պատրաստվում են ոչ թե իշխանություն գալու, այլ Նիկոլ Փաշինյանի մոտ հերթական անգամ «ընդդիմություն» աշխատելու։ Նիկոլ Փաշինյանը պետք է ընտրի 9-րդ գումարման Ազգային ժողովի իր համար լավագույն «երազանքների ընդդիմությանը»։ Այս փուլում «ընդդիմությունը», փաստորեն, պայքարում է, «լավագույն ընդդիմադիր» տիտղոսը Նիկոլ Փաշինյանից ստանալու համար, որ շարունակեն իրենց դերակատարությունը նաև հաջորդ խորհրդարանում։ Բարեկամաբար հորդորում եմ չմտել այդ դերի մեջ, որովհետև Նիկոլ Փաշինյանից բացի, գոյություն ունի շատ ավելի կարևոր որոշում կայացնող սուբյեկտ՝ Հայաստանի ժողովուրդը, որը չի հանդուրժի ո՛չ Նիկոլ Փաշինյանի, ո՛չ նրա տարբեր կարգավիճակով սպասավորներին»։