Հինգշաբթի, 03 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Միքայել Սրբազանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ

Միքայել Սրբազանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ
140
Երեկ, 21:06

Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանների կողմից ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազին միջնորդություն է ներկայացվել՝ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Միքայել Սրբազանի պաշտպանների թիմը։

«Միջնորդության մեջ ներկայացվել են մասնավորապես հետևյալ փաստարկները՝

Սրբազանին մեղսագրված արարքը չի պարունակում հանցակազմի հատկանիշներ, ուստի քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման:

Հարկ է նկատել, որ ՀՀ սահմանադրական դատարանը, դեռևս իր 14 հոկտեմբերի 2008 թ. թիվ ՍԴՈ-766 որոշմամբ բացահայտել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 301 հոդվածի (նույնական է գործող քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի հետ) բովանդակությունը կազմող «պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված հրապարակային կոչեր» և «Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր» հասկացությունները և պարզաբանել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածի սահմանադրաիրավական իմաստով պետք է հասկանալ օրենսդիր, գործադիր կամ դատական իշխանության մարմինների պետաիշխանական գործառույթներին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված կարգի խախտմամբ՝ բռնությամբ կամ դրա գործադրման անմիջական և իրական սպառնալիքով տիրանալու համար գործողություն պլանավորելու, կազմակերպելու, նախապատրաստելու կամ իրականացնելու նպատակով այլ անձանց մասնակից դարձնելու դիմում կամ հրավեր:

Իրավակիրառական պրակտիկան և ցանկացած գործի փաստական հանգամանքների գնահատումը պետք է ելնի տվյալ հասկացությունների սահմանադրաիրավական այդ բովանդակությունից, առաջին հերթին նկատի ունենալով հակաիրավական (բռնի) գործողությունների միջոցով պետաիշխանական գործառույթի նկատմամբ ոտնձգություն իրականացնելու նշված հանգամանքը: Բռնության կոչերի նպատակը մեկն է՝ համախմբել մարդկանց, ուղղություն տալ նրանց բռնի գործողություններին:

Քննարկվող հանցակազմի իմաստով բռնության կոչեր չեն կարող համարվել իշխանության քննադատությունը, իշխանությունների հրաժարականի անհրաժեշտության հիմնավորումը, հրաժարականի պահանջը, ցույցեր, երթեր, հանրահավաքներ անցկացնելու կոչը կամ կազմակերպումը, փոխաբերական իմաստով արված արտահայտությունները:

Հանրային իշխանության մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են հանդուրժել իրենց հասցեին արված ավելի սուր քննադատություն, քան այն, որը թույլատրելի է մասնավոր անձանց հասցեին: Մյուս կողմից, այդ քննադատությունը չի կարող վերածվել բռնության կոչերի, որն անհամատեղելի է խոսքի ազատության իրավունքի հետ: Հանցակազմի առկայության համար էական է, որ բռնության կոչերը հրապարակային բնույթ կրեն, այսինքն՝ լինեն բացահայտ և ընկալելի, ուղղված մարդկանց լայն շրջանակի՝ նրանց դրդելով բռնության կիրառման:

Վերոշարադրյալ մեկնաբանությունից բխում է նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածի իմաստով՝ «պետական իշխանություն» հասկացությունը չի կարող նույնականացվել «պաշտոնատար անձ» հասկացության հետ, և դա չի կարող արվել նաև իրավակիրառական պրակտիկայում:

Վեճի առարկա դրույթների համատեքստում իրավունքի ամեն մի չարաշահում պետք է գնահատվի միայն ու միայն վերոշարադրյալ իմաստով սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու իրական սպառնալիքի և դրա կանխման անհրաժեշտության տեսանկյունից: Այս շրջանակներում միայն ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածի դիսպոզիցիան սահմանադրական նորմերի ու սկզբունքների տեսանկյունից կարող է ունենալ իրավաչափ բնույթ:

Այս չափորոշիչի լույսի ներքո վերլուծելով մեղադրանքի նկարագրությունը՝ տեսնում ենք, որ այն չի համապատասխանում ՀՀ սահմանադրական դատարանի սահմանած թեստին:

Այսպես, մենք տեսնում ենք, որ խոսքը, որը հավակնում է հանցակազմի իմաստով համարվել բռնության կոչ, պետք է համապատասխանի հետևյալ չափորոշիչներին՝

1) այն պետք է լինի գործողություն պլանավորելու, կազմակերպելու, նախապատրաստելու կամ իրականացնելու նպատակով այլ անձանց մասնակից դարձնելու դիմում կամ հրավեր,

2) բռնության կոչերի նպատակը պետք է մեկը լինի՝ համախմբել մարդկանց, ուղղություն տալ նրանց բռնի գործողություններին,

3) այն պետք է լինի բացահայտ և ընկալելի, ուղղված մարդկանց լայն շրջանակի՝ նրանց դրդելով բռնության կիրառման,

4) վեճի առարկա դրույթների համատեքստում իրավունքի ամեն մի չարաշահում պետք է գնահատվի միայն ու միայն վերոշարադրյալ իմաստով սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու իրական սպառնալիքի և դրա կանխման անհրաժեշտության տեսանկյունից (առկա է ուղիղ և անմիջական կապ տվյալ արտահայտման և բռնության գործողությունների կամ դրա սպառնալիքի առաջացման միջև):

Բռնության կոչեր չեն կարող համարվել՝

1) իշխանության քննադատությունը, իշխանությունների հրաժարականի անհրաժեշտության հիմնավորումը, հրաժարականի պահանջը, ցույցեր, երթեր, հանրահավաքներ անցկացնելու կոչը կամ կազմակերպումը, փոխաբերական իմաստով արված արտահայտությունները:

2) Հանրային իշխանության մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են հանդուրժել իրենց հասցեին արված ավելի սուր քննադատություն, քան այն, որը թույլատրելի է մասնավոր անձանց հասցեին:

Նշված չափորոշիչները լրացնում և պայմանավորում են միմյանց, ուստի նրանցից յուրաքանչյուրի բացակայությունը հանգեցնում է բռնության կոչի բացակայության:

Այս չափորոշիչների լույսի ներքո վերլուծենք և հասկանանք, թե ի՞նչ է իրենից ներկայացնում մեղադրանքը:

«Գալա Թի-վի» հեռուստաընկերությանը տրված և 2024 թվականի փետրվարի 03-ին տարբեր լրատվական կայքերով ու սոցիալական ցանցերով հրապարակված հարցազրույցի բովանդակություն.

«Հիմա էտ ա, ինձ վերապահված հարգանքը սրա է նման, հիմի ո՞վ է լսում ինձ, եթե ինձ լսող լիներ հեղափոխությունը պետք է վաղուց լիներ»։ Այս նախադասության մեջ արտահայտվում է պարզ հուսալքություն, փաստում է, որ իր խոսքն առնվազն իրական սպառնալիք չի պարունակում և դրա կանխման անհրաժեշտութուն առկա չէ:

«Իշխանություն փոխելու ընդամենը ես երեք ճանապարհ գիտեմ, դուք եթե չորրորդը գիտեք ասեք։ Էս ա՝ ընտրություն, իբր թե, կամ, կամ իբր թե ընտրություն, կամ ընտրություն, երկրորդը՝ հեղաշրջում, երրորդը՝ ժողովրդական ապստամբություն։ Ուրիշ կա՞, կա՞ ուրիշ, չկա։ Է երեքն էլ անհնարին է, երեքն էլ անհնարին է սուբյեկտիվորեն, օբյեկտիվորեն հնարավոր է», ապա ավելացրել է՝ «Ուրեմն իմ էս վերջին վեց տարվա, միայն վեց տարվա, էն ժամանակ, վեց տարվա գործունեությունից պարզ չի՞, ես ինչ եմ ասում, քանի անգամ ասի բացեիբաց՝ ռազմական հեղաշրջում ա պետք, պատերազմի օրերին ասի և նախագահներին ասեցի՝ Քոչարյանին և Սերժին։ Ասի լավ դուք պարոն նախագահ Քոչարյան, տասը տարի նախագահ եք եղել, դրանից առաջ մի տարի երկու տարի էլ վարչապետ, չէ՞, էտքան տարի էլ Ղարաբաղի նախագահ, Դուք Ձեր կողմնակից, գաղափարակից ոչ մի գեներալ չունե՞ք, ո՜չ բանակում, ո՜չ ոստիկանություն, ո՜չ ազգային անվտանգություն, որ գան Ձեր կողքը կանգնեն և հեղաշրջում իրականացնեն։ Եթե իրենցով ա։ Սե՜րժ, դու ավելի, տաս տարի նախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, ներքին գործերի նախարար, ազգային անվտանգության նախարար, ազգային անվտանգության քարտուղար, էլ պաշտոն կա" որ չես տարել, հա շախմատի ֆեդերացիայի նախագահ։ Դու ոչ մի գեներալ քեզ նվիրված չունե՞ս, ոչ ոստիկանությունում, ոչ ազգային անվտանգությունում, ոչ բանակու՞մ, որ հելել ես փողոց «պատիվ ունեմ»–մատիվ ունեմ։ Ռեալ պոլիտիկը ինչի՞ մասին էր խոսում, էտի ռեալ պոլիտիկն է չէ, որ ընտրությունով չի, հնարավոր չի սա փոխել։ Ու՞ր եք գնացել ընտրության, ու՞ր եք մտել ընտրության։ Նշանակումա ձեր նպատակը փոխելը չի։ Բա ձեզանից լավ ո՞վ պտի իմանա, որ էսի ընտրությամբ չի փոխվի...»։

Այստեղ հստակ է, որ խոսքը տարիների վաղեմության (44-օրյա պատերազմի ժամանակվա) զրույցների մասին է, որը հիշում է Սրբազանն իր հարցազրույցում: Այստեղ կարևոր է, որ նա վերհիշել է կոնկրետ անձանց հետ ունեցած խոսակցություն՝ Ռ. Քոչարյան և Ս. Սարգսյան: Այստեղ խոսքը չի գնում անձանց դիմելու, հրավիրելու, առավել ևս՝ անձանց լայն շրջանակի մասին: Որպես այդպիսին, հրապարակային և անորոշ անձանց դիմելու հրավիրելու կառուցվածքային խոսք նկարագված մեղադրանքում առկա չէ: Կառուցվածքային առումով, այն երկու հոգու խոսակցության վերատադրություն է: Այս առումով այն նաև չի պարունակում «բացահայտ և ընկալելի լինելու, ուղղված մարդկանց լայն շրջանակի՝ նրանց դրդելով բռնության կիրառման» չափորոշիչին: Այսինքն, կոչը լսողը պետք է ընկալի, թե իրենից ի՞նչ է պահանջվում անել: Այլ խոսքով՝ որոշակի գործողություն կատարելու հրավերը պետք է լինի բացահայտ, ոչ թե «ենթադրությունների» կամ «գլխի ընկնելու» մակարդակում ակնկալվի:

Այս իմաստով «ռազմական հեղաշրջում ա պետք» բառերը բացահայտ և ընկալելի չեն դա լսողի համար, քանի որ պարզ չէ, թե իրենցից ի՞նչ է ակնկալվում: Օրինակ, այս խոսքերը լսող անձը դրանից հետո ի՞նչ գործողություններ պետք է անի: Սա իր հերթին ցույց է տալիս, որ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու իրական սպառնալիք և դրա կանխման անհրաժեշտություն առկա չէ քննարկվող խոսույթում: Այսինքն, առկա չէ ուղիղ և անմիջական կապ տվյալ արտահայտման և բռնության գործողությունների կամ դրա սպառնալիքի առաջացման միջև:

Մեկ անգամ ևս արձանագրենք, որ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու իրական սպառնալիք և դրա կանխման անհրաժեշտություն առկա չէ, քանի որ, այն չի պարունակում մարդկանց համախմբելու և նրանց բռնի գործողություններին (ենթադրվող կամ ակնկալվող) ուղղություն տալու նպատակ, որն ըստ վկայակոչած չափորոշիչի՝ պետք է լինի միակ նպատակը:

Մյուս կողմից, խոսքի բովանդակությունը հանգում է իրավիճակի անհուսալիությունը փաստելուն, որ մի՞թե անհրաժեշտ ռեսուրս չկա, որ ի վերջո իշխանությունը փոխվի: Այսինքն, հեղինակը նույնիսկ ինքը չի հավատում այլևս իշխանությունը փոխելուն, պարզապես իր մտահոգություններն է արտահայտում:

«Ու՞ր եք գնացել ընտրության, ու՞ր եք մտել ընտրության։ Նշանակումա ձեր նպատակը փոխելը չի։ Բա ձեզանից լավ ո՞վ պտի իմանա, որ էսի ընտրությամբ չի փոխվի...»: Այս տողերը վկայում են, որ հեղինակը խոսում է իշխանությունը փոխելու իր պատկերացումների մասին և հանդիմանում իր մեկ՝ կոնկրետ զրուցակցին , որ իրականում նրանց նպատակը փոխելը չէ:

Բացի այդ, մեղադրանքում «Գալա Թի-վի» հեռուստաընկերությանը տրված և 2024 թվականի փետրվարի 03-ին տարբեր լրատվական կայքերով ու սոցիալական ցանցերով հրապարակված հարցազրույցի բովանդակությունը ցույց է տալիս, որ սրբազանը հրապարակային չի դիմել անձանց անորոշ շրջանակի, այլ հրապարակել է տարիների վաղեմության զրույցներից հատվածներ կոնկրետ անձանց հետ, որը վերաբերել է «ռազմական հեղաշրջում անելու անհրաժեշտության մասին» իր մտորումներին:

Այսինքն, պայմանականորեն ասած, եթե բռնության կոչը դատախազությունը դիտում է «ռազմական հեղաշրջում ա պետք» արտահայտությունը, ապա հենց մեղադրանքի ձևակերպումից հստակ է, որ այն չի եղել հրապարակային և ձևակերպված որպես դիմում կամ հրավեր՝ ուղղված անձանց անորոշ շրջանակի, այլ եղել է պատերազմի օրերին կոնկրետ անձի հետ զրույցի բովանդակություն, որը եղել է ոչ հրապարակային և միայն զրույցից տարիներ անց՝ 2024 թվականի փետրվարի 03-ին վերհիշել է սրբազանը, թե որ անձի հետ ինչ է խոսել: Այստեղից ակնհայտ է, որ այն հրապարակային կոչ չէ և դրա նպատակը չի կարող լինել անձանց համախմբելն ու ուղղորդելը:

Վատագույն երանգով, շարունակելով մեղադրանքի կողմի տրամաբանությունը, ստացվում է, որ 2024 թվականի փետրվարի 03-ի հարցազրույցում հեղինակը հրապարակայնացրել է մի մասնավոր զրույցի բովանդակություն, որը վերաբերում է ռազմական հեղաշրջման եղանակով իշխանությունը փոխելու անհրաժեշտությանը: Այստեղ միևնույն է, հեղինակի մտահոգություններն ուղղված են կոնկրետ զրուցակցին, ոչ թե անորոշ շրջանակի անձանց: Բարձրաձայնելով իր նախկին զրույցը կոնկրետ անձի հետ՝ հեղինակը դրանով չի դիմել անձանց բռնություններ իրականացնելու կոչով: Այն չի պարունակել գործողություն պլանավորելու, կազմակերպելու, նախապատրաստելու կամ իրականացնելու նպատակով այլ անձանց մասնակից դարձնելու դիմում կամ հրավեր:

Այսինքն, հաղորդման մեջ նշված և քրեական վարույթ նախաձեռնելու հիմք հանդիսացած խոսքը որևէ կերպ չի պարունակել և չի կարող պարունակել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներ:

Հատկանշական է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հունիսի 28-ին պարզաբանում է տարածել, հետևյալ բովանդակությամբ. «Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան զինվորականների օգնությամբ ստանձնելու անհրաժեշտության մասին իր խոսքը, ուժային կառույցների կողմից ՀՀ–ում իշխանությունը փոխելը ներկայացրել որպես անհրաժեշտություն:

Վերոնշյալը վկայում է այն մասին, որ Միքայել (Գևորգ) Աջապահյանի կողմից հնչեցրած կոչերը հուզական կամ անզգուշությամբ թույլ տրված արտահայտություններ չեն, այլ գիտակցված գործողություն, որը տեղի է ունեցել շարունակաբար, հետևողականորեն, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները։ Այդ հայտարարությունները նոր լույսի ներքո են երևում «Սրբազան պայքար» անվանումով շարժման կողմից իշխանության առերևույթ զավթման և ահաբեկչության կատարման նախապատրաստությունների բացահայտման համատեքստում, ինչի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները տևական ժամանակ իրականացրել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Նշված խմբի ակտիվ անդամների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուց հետո, այդ համատեքստում, Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանը 2025 թվականի հունիսի 21-ին կրկին հնչեցրել է իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն՝ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ գործադիր իշխանության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչեր:»:

Այս առումով հարկ է նշել, որ «NEWS.AM» լրատվական ալիքին տրված և 2025 թվականի հունիսի 21-ին հրապարակված հարցազրույցում սրբազանը ի պատասխան լրագրողի հարցին՝ պարզաբանել է իր՝ 2024 թվականի փետրվարի 3-ի հարցազրույցի էությունը և նշել, որ երբեք զավթելու կոչ չի արել։ Այսինքն, եթե մինչ այս, արդեն հարուցված քրեական վարույթով որպես ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածով նախատեսված «հանցանք» դիտվում էր 2024 թվականի փետրվարի 3-ի հարցազրույցը, ապա դա պարզաբանելով՝ հեղինակը մեկ անգամ ևս փաստում է, որ իր դիտավորությունն ու կամքը ուղղված չի եղել կոչ անելուն: Սա միանշանակ է: Այսինքն, ոչ թե վերահաստատել է, այլ փարատել պետության մտահոգությունը, եթե մինչ այդ կարծում էին, որ 2024 թվականի հարցազրույցում կոչ է պարունակվել:

«Ես կոչ եմ արել հեղաշրջման, դա զավթելու կոչ չի, ես հեղաշրջման, ես ուժային կառույցներին ասել եմ, որ փրկեք էս երկիրը, էս խելագարից փրկեք, է չեն փրկում, իրենք էլ նույնքան մեղավոր են էս ամեն ինչի մեջ»։ Այս տողերում կրկին տեսնում ենք, որ հեղինակը ոչ թե կոչ է անում անորոշ շրջանակի անձանց՝ հատուկ նպատակով, այլ բարձրաձայնում է տարիներ առաջվա խոսակցություն, որտեղ իր մտահոգությունն է հայտնել կոնկրետ անձից, ապա հիասթափությամբ արձանագրել, որ չեն փրկում այդ մեկ անձից: Այստեղ «կոչ» բառը ակամա արտաբերվում է լրագրողի հարցից, ապա փոխվում «ասել եմ» բառերով, որը կրկին ցույց է տալիս կոնկրետ մասնավոր զրույցի բովանդակություն:

Բազմիցս շեշտում է, որ «Ես իշխանության զավթման կոչ չեմ արել, ես ասել եմ, որ անհրաժեշտ է դա անել։ Դա կոչ չի, դա անհրաժեշտ է անել»։ Հարկ է փաստել, որ «անհրաժեշտ է այս կամ այն բանն անել» եզրույթն աբողջապես ընդգրկվում է «Իշխանությունների հրաժարականի անհրաժեշտության հիմնավորման» չափանիշի տիրույթում և ամենևին չի կարող ընկալվել, որպես դիմում կամ հրավեր: Այն ուղղված չէ որևէ մեկին, սա մնում է կարծիքի մակարդակում:

«Հիմա էլ է անհրաժեշտ, շատ ուշացած է, բայց էլի անհրաժեշտ է անել, էսքան բան, բայց եթե ուժայինները պարզապես տուն են պահում հա, և ոչ թե էս երկրի մասին ես մտածում, ոչ թե էս Հանրապետության մասին են մտածում, ոչ թե էս ժողովրդի մասին են մտածում, տուն են պահում, թող շարունակել տուն պահել...»։ Այս տողերը ցույց են տալիս, որ հեղինակի նպատակը հանցակազմի իմաստով բացառվում է, քանի որ նշված տողերն արտաբերելով, միևնույն է ցույց է տալիս, որ որևէ հույս, որևէ մեկի հետ չի կապում: Իսկ հանցակազմի իմաստով անհրաժեշտ է, որ այն լինի գործողություն պլանավորելու, կազմակերպելու, նախապատրաստելու կամ իրականացնելու նպատակով այլ անձանց մասնակից դարձնելու դիմում կամ հրավեր: Ակնհայտ է, որ այս տողերի նպատակը մարդկանց համախմբելը չէ, առավել ևս նրանց հնարավոր բռնի գործողություններին ուղղություն տալ: Միևնույն ժամանակ կրկին չի բավարարում բացահայտ և ընկալելի լինելու չափանիշին, բացի այդ ուղղված չէ մարդկանց լայն շրջանակի և չի դրդում բռնության կիրառման:

Իսկ ՀՀ սահմանադրական դատարանի առաջ քաշած չափորոշիչները պարտադրում են, որ առարկա դրույթների համատեքստում իրավունքի ամեն մի չարաշահում գնահատվի միայն ու միայն մնացած չափորոշիչների իմաստով սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու իրական սպառնալիքի և դրա կանխման անհրաժեշտության տեսանկյունից:

Այսպիսով, պաշտպանները գտել են, որ մեղադրանքի նկարագրությունը չի համապատասխանում ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշներին, ուստի մեղսագրված արարքը հանցանք չէ:

Բացի այդ, ՀՀ գլխավոր դատախազությունը 2025թ. հունիսի 28-ի պարզաբանումն իրականում հիմնավորում է մեղադրանքի ոչ իրավաչափ և անհիմն լինելը, քանի որ այն մի կողմից ցույց է տալիս, թե իբր սրբազանի հարցազրույցի բովանդակությունը ձեռք է բերել հանցանքի հատկանիշներ միայն 2025 թվականի հունիսի 21-ի հարցազրույցից հետ՝ նոր լույսի ներքո: Սակայն փաստ է, որ քրեական վարույթը հարուցվել է 2025 թվականի հունիսի 17-ին միայն 2024 թվականի փետրվարի 3-ի հարցազրույցի բովանդակության հիման վրա: Ավելին, այդ հարցազրույցի բովանդակությունը սկսել է ստուգվել հունիսի 12-ից, իսկ մեղադրանքի պաշտոնական պարզաբանումը ցույց է տալիս, որ «հանցանքն» ավարտվել է 2024 թվականի փետրվարի 3-ի հարցազրույցով: Հետևաբար, անհիմն է դատախազության այն մոտեցումը, թե Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը:

Բացի այդ, դեռևս 2024 թվականի ապրիլի 30-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոանիսյանին ուղղված գրության մեջ ՀՀ գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Հայկ Հովհաննիսյանը նշել է. «Ի պատասխան Ձեր՝ 25.04.2024թ. թիվ Հ-2798 թվակիր հաղորդման՝ հայտնում եմ, որ դեռևս 2023 թվականի սեպտեմբերի 26-ին «Facebook.com» կայքում հրապարակած՝ «Ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կդառնա Էրմենիստան. Աջապահյան» վերտառությամբ լուսանկարի կապակցությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքների հիման վրա ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ՕՀՏ և ՀՀԴՊՎ վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ՀԿԳ ավագ օպերլիազորի կողմից կազմվել է հանցագործության մասին հաղորդում, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե, ապա՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչություն, որտեղ էլ քննարկվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածով սահմանված կարգով։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում ուսումնասիրվել են «Ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կդառնա էրմենիստան. Աջապահյան» վերտառությամբ հոդվածն ու դրա սկզբնաղբյուրը հանդիսացող տեսանյութը, որի արդյունքում պարզվել է, որ դրանք չեն պարունակում հաղորդակցության տեխնոլոգիաներն օգտագործելով իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։ Հաղորդման կապակցությամբ քրեական վարույթ չի նախաձեռնվել։

Այսպիսով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով արդեն իսկ արձանագրվել է, որ հաղորդման մեջ նկարագրված հանգամանքներով չի փաստվում այնպիսի դեպք, գործողություն կամ անգործություն, որին որջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական»։

Այստեղ հատկանշական է երկու հանգամանք.

1) «Ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կդառնա Էրմենիստան» և «Ես ասել եմ, որ անհրաժեշտ է դա անել։ Դա կոչ չի, դա անհրաժեշտ է անել» նախադասությունները համազոր են և նույն միտքն են արտահայտում: Ավելին, հոդվածի բովանդակությունը, հեղինակի արտահայտած մտքերն ու մտահոգությունները նույնական են, ինչ այսօրվա մեղադրանքի բովանդակությունը: Բացի այդ ,դրանք վերաբերում են պատերազմի ժամանակ եղած իրադարձությանը (2023թ. նշել է՝ 44 օրյա, իսկ 2024թ.՝ պատերազմ բառերը):

2) Արդեն մեկ անգամ նույն նյութին, այսինքն՝ հոդվածում արտահայտած մտքերին ու մտահոգություններին պետութան կողմից տրվել է իրավական գնահատական՝ փաստվել է, որ դրանց ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական տալ հնարավոր չէ: Այլ խոսքով՝ նմանատիպ մտքերն ու մտահոգությունները հանցանքի հատկանիշներ չեն պարունակում:

Հետևաբար, այսօր արդեն նույն մտքերի ու մտահոգությունների համար քրեական հետապնդում հարուցելը առաջացնում է կրկին անգամ դատվելու անթույլատրելիության սկզբունքի կոպիտ խախտում: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշման առկայությունը բացառում է քրեական հետապնդումը նորոգելը:

Բացի այդ, թե՛ պաշտոնական մեղադրանքի պարզաբանումը, թե դատախազության պարզաբանումը հանգում է նրան, որ 2025 թվականի հարցազրույցը, դա 2024 թվականի հարցազրույցի կրկնությունն ու վերահաստատումն է, իսկ «հանցանքի» կատարման ժամանակահատվածը դա 2024 թվականի հարցազրույցն է: Միևնուն ժամանակ հստակ է, որ այդ հարցազրույցներում խոսվում է տարիներ առաջ (44-օրյա պատերազմի ժամանակ) տեղի ունեցած զրույցների մասին, հետևաբար 2024 թվականի հարցազրույցն էլ 2023 թվականի հարցազրույցի կրկնությունը կամ վերահաստատումն է, քանի որ այդ բոլոր հարցազրույցներում խոսվում է միևնույն բանի մասին: Դրանք մի ամբողջական երևույթի մասին տարիների ընթացքում տարբեր ժամանակահատվածներով կրկնությունը կամ վերարտադրությունն են:

Ուստի, եթե պետությունն, ի դեմս դատախազության, մեկ անգամ արարքը չի համարում հանցագործություն, ապա դրա կրկնությունը կամ վերահաստատումը (կարևոր չէ ամբողջական թե մասնիակի) չի կարող դիտվել հանցանք:

Կրկին անգամ դատվելու անթույլատրելիության (non bis in idem) սկզբունքի բովանդակությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Դ.Բաբայանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «Կրկին անգամ դատվելու անթույլատրելիության (non bis in idem) սկզբունքը հիմնարար տեղ է զբաղեցնում ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված պաշտպանության համակարգում, որի հիմքում ընկած է մեղքը քաված լինելու կանխավարկածը, և այն իրենից ներկայացնում է նույն արարքի համար նույն անձին կրկին քրեական հետապնդման չենթարկելու, չդատապարտելու, չպատժելու երաշխիք: Ընդ որում՝ «նույն արարքի համար» ձևակերպումը նշանակում է, որ կրկնակի դատապարտման անթույլատրելիության առարկան պետք է ընկալվի ոչ թե հանցանքի իրավական որակման, այլ փաստական նկարագրության իմաստով» (տե՛ս Դավիթ Բաբայանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԿԴ1/0043/01/11 որոշման 22-րդ կետը):

Վերահաստատելով Դ.Բաբայանի գործով արտահայտած իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքը ենթադրում է անձի և պետության միջև որոշակի արարքի կապակցությամբ ծագած քրեական և քրեադատավարական իրավահարաբերությունների վերջնական դադարում: Ընդ որում, քրեադատավարական տեսանկյունից այն հիմնվում է քրեական հետապնդման սպառնալիքի ավարտված լինելու գաղափարի վրա: Այլ խոսքով՝ կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքը ենթադրում է, որ բացակայում է հանցավոր արարքը, քանի որ քրեական մեղադրանքի բովանդակությունը կազմող արարքի կապակցությամբ անձի և պետության միջև համապատասխան իրավահարաբերությունները ծագել և վերջնականապես դադարել են, այսինքն՝ իրավական առումով «հանցավոր արարք» գոյություն չունի: (տե՛ս Գևորգ Խնուսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշման 23-րդ կետը):

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ մինչդատական վարույթի ընթացքում հսկող դատախազը վարույթի նյութերի հիման վրա իր նախաձեռնությամբ որոշում է կայացնում քրեական հետապնդում հարուցելու, չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին:

Պաշտպանները գտել են, որ ի տարբերություն քրեական վարույթ նախաձեռնելու ժամանակահատվածի, այժմ, երբ ի հայտ են եկել բավականաչափ տվյալներ, որոնք առնվազն հերքում են առաջադրված մեղադրանքը և ցույց են տալիս, որ արարքին արդեն տրված է իրավական գնահատական՝ պետությունն այն չի համարել որևէ հանցանքի հատկանիշներ պարունակող, ուստի այս փուլում արդեն հիմնավոր կերպով առկա է քրեական հետապնդումը բացառող հանգամանք:

Մեղսագրված հանցանքի առանձնահատկությամբ պայմանավորված, հաշվի առնելով, որ այն «ամբողջությամբ բացահայտված» է՝ տեսաձայնագրված, և ընդամենն անհրաժեշտ է բովանդակությանը տալ գնահատական, ուստի բացակայում է նաև «քննություն կատարելու» անհրաժեշտությունը, որով պայմանավորված կարող է արդարացվել վարույթը»։