Ուրբաթ, 04 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Սամվել Կարապետյանի նկատմամբ վերաբերմունքը արդար չէ ու ոչ էլ` մարդավարի»․ Կարեն Կարապետյան

«Սամվել Կարապետյանի նկատմամբ վերաբերմունքը արդար չէ ու ոչ էլ` մարդավարի»․ Կարեն Կարապետյան
127
Այսօր, 10:48

«Ազգային ճակատ» թելեգրամյան ալիքը հրապարակել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, որում ասված է․ «Սամվել Կարապետյանը իմ ընկերն է և բարեկամը, հետևաբար չեմ բացառում, որ այն, ինչ կասեմ իր ու այս օրերին Հայաստանի Հանրապետությունում իր շուրջ կատարվողի մասին, ընկալվի սուբյեկտիվ և զգացմունքային, այդ իսկ պատճառով կփորձեմ ասելիքս կառուցել հնարավորինս օբյեկտիվ և փաստերի վրա հիմնված:

1․ Սամվել Կարապետյանը երբևէ որևէ իշխանության մաս չի կազմել, որևէ իշխանության օրոք որևէ պաշտոն չի զբաղեցրել, իր ֆինանսական կարողությունները և ունեցվածքը Հայաստանում չեն ձևավորվել:

2․ Սամվել Կարապետյանը Հայաստանում և Արցախում իր աննախադեպ ու լայնամասշտաբ բարեգործական գործունեությունը ծավալել է՝ դա չպայմանավորելով օրվա իշխանության ով լինելու հանգամանքով կամ այդ իշխանության նկատմամբ ունեցած վերաբերմունքով: Այս իրողության մեջ կարելի է համոզվել անգամ հպանցիկ հայացք նետելով այն բարեգործությունների շարքին, որոնք նա կատարել է այս տարիների (այդ թվում՝ վերջին յոթ տարիների) ընթացքում:

3․ Բոլոր հայ բարերարները, այդ թվում Սամվել Կարապետյանը, Հայաստանի Հանրապետությանը վերաբերվում են ու հուսով եմ՝ հետագայում ևս կվերաբերվեն որպես հարազատ տան, օջախի, որից զուտ ակնկալում են արդարացի վերաբերմունք՝ հայրենիքի նկատմամբ իրենց վարքագծին համապատասխան:

4․ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր անձ իրավունք ունի ամենատարբեր հարցերի վերաբերյալ ունենալ սեփական կարծիք ու այն արտահայտել, որը կարող է չհամընկնել կամ հաճելի չլինել այս կամ այն անձի կարծիքի հետ՝ անկախ այդ անձի ով լինելու կամ որևէ պաշտոն զբաղեցնելու հանգամանքից:

5․ Հայկական սփյուռքում Սամվել Կարապետյանը յուրահատուկ դեր ունի ոչ միայն իր կատարած բարեգործությունների կամ ֆինանսական օգնությունների շնորհիվ, այլ որովհետև նա միշտ փորձել է իր ձևով օգնել մեր հայրենակիցներին՝ այդ թվում խորհուրդ տալու, հաշտեցնելու, աջակցելու, սուր եզրերը հարթելու ձևով, երբ դրա կարիքը եղել է:

6․ Ս. Կարապետյանը իրավունք ունի ունենալ իր վերաբերմունքը մեր եկեղեցու նկատմամբ, արտահայտել դիրքորոշում ու կարծիք եկեղեցու շուրջ վերջին ժամանակահատվածում կատարվող իրադարձությունների վերաբերյալ, իր չափով ու ձևով ունենալ մասնակցություն այդ հարցի քննարկմանը, լուծմանը և հաղթահարմանը:

7․ Սամվել Կարապետյանի խոսքի մեկնաբանման այն տարբերակը, որը դրվել է նրա նկատմամբ իրականացվող քրեական գործընթացի հիմքում առնվազն վիճելի է՝ հաշվի առնելով հարցերի լուծման բազմաթիվ ուղիներ և եղանակներ, որոնք կարող էին տեղ գտնել այդ բառերի ներքո (տես՝ կետ 5):

8․ Կարծում եմ՝ նրա նկատմամբ վերաբերմունքը արդար չէ ու ոչ էլ՝ ժողովրդական լեզվով ասած՝ մարդավարի:

9․ Հայաստանում ստեղծված մթնոլորտի (ատելություն, անհանդուրժողականություն, հակադիր կարծիքների մերժում և այլն) առումով անելիքներ ունեն բոլորը՝ օրվա իշխանությունն առաջին հերթին, քանի որ իր հնարավորություններն այդ մասով ամենալայնն են:

Հուսով եմ՝ իրավասու պետական մարմինները կկայացնեն տրամաբանական ու օրենքին համապատասխան որոշում՝ նկատի ունենալով Սամվելի կենսագրությունը:

Կարծում եմ, որ այդ վիճելի գործընթացը կարող է շարունակվել նաև առանց իրավական ու բարոյական տեսանկյունից անընդունելի կալանքի կիրառման»։

Աղբյուրը`   «Ազգային ճակատ»