ԱՄՆ-ն 50% մաքսատուրք է սահմանելու Բրազիլիայից ներմուծվող ապրանքների նկատմամբ
![]() 1555 Հինգշաբթի, 10 հուլիսի, 2025 թ., 19:04 ԱՄՆ-ն մտադիր է 50% մաքսատուրք սահմանել Բրազիլիայից ներմուծվող բոլոր ապրանքների վրա։ Այս մասին ասվում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ հարավամերիկյան երկրի առաջնորդ Լուիս դա Սիլվային ուղղված նամակում, որը հրապարակվել է Truth Social սոցիալական ցանցում։ «Սկսած օգոստոսի 1-ից՝ մենք 50% մաքսատուրք կսահմանենք Միացյալ Նահանգներ մտնող բոլոր բրազիլական ապրանքների վրա՝ առանձին բոլոր ոլորտային մաքսատուրքերից», - ասել է Թրամփը նամակում։ Նա նշել է, որ կողմերը տարիներ են ունեցել առևտրային հարաբերությունները քննարկելու համար։ Սակայն ԱՄՆ-ի և Բրազիլիայի միջև տնտեսական հարաբերությունները, ըստ Թրամփի, «հեռու են փոխադարձ լինելուց», քանի որ կա անհավասարակշռություն։ «Ինչպես գիտեք, մաքսատուրքը չի սահմանվի, եթե Բրազիլիան կամ ձեր երկրի ընկերությունները որոշեն արտադրություն իրականացնել Միացյալ Նահանգներում», - գրել է Թրամփը նամակում։ Նա ընդգծել է, որ Բրազիլիան դեռ հնարավորություն ունի փոխելու իրավիճակը։ Նամակում Թրամփը նաև նշել է, որ Բրազիլիայի վերաբերմունքը նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի նկատմամբ, ով ներկայում հետաքննության տակ է 2022 թվականին կառավարությունը տապալելու դավադրությանը ենթադրյալ մասնակցության համար, «միջազգային ամոթ է»։ «Այս դատավարությունը չպետք է տեղի ունենա։ Սա կախարդների որս է, որը պետք է անհապաղ ավարտվի», - ասել է ԱՄՆ նախագահը։ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան պատասխանել է Դոնալդ Թրամփին X սոցիալական ցանցում։ Նա ասել է, որ թվային հարթակների համատեքստում բրազիլական հասարակությունը մերժում է ատելություն, ռասիզմ, մանկական պոռնոգրաֆիա, խարդախություն, խաբեություն, ինչպես նաև մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների դեմ ուղղված խոսքը խթանող բովանդակությունը։ «Բրազիլիայում խոսքի ազատությունը չպետք է շփոթել ագրեսիայի կամ բռնության հետ։ Բոլոր ընկերությունները, թե՛ ներքին, թե՛ արտասահմանյան, պետք է համապատասխանեն բրազիլական օրենսդրությանը՝ մեր տարածքում գործունեություն ծավալելու համար։ Այն պնդումը, որ ԱՄՆ-ն առևտրային դեֆիցիտ ունի Բրազիլիայի հետ իր առևտրային հարաբերություններում, ճիշտ չէ։ ԱՄՆ-ի կառավարության վիճակագրությունը ցույց է տալիս Բրազիլիայի հետ ապրանքների և ծառայությունների առևտրի դրական մնացորդ՝ վերջին 15 տարիների ընթացքում 410 միլիարդ դոլար։ Հետևաբար, սակագների ցանկացած միակողմանի բարձրացում կքննարկվի Բրազիլիայի տնտեսական փոխադարձության մասին օրենքի համաձայն», - ասել է Լուիս դա Սիլվան։ Նախկին նախագահ Բոլսոնարոյի քրեական հետապնդման վերաբերյալ Բրազիլիայի ներկա ղեկավարը գրել է, որ «պետական հեղաշրջման պլանավորման համար պատասխանատուների դատավարությունները բացառապես բրազիլական դատական համակարգի իրավասության ներքո են»։ «Եվ որպես այդպիսին, դրանք չեն ենթարկվում որևէ միջամտության կամ սպառնալիքի, որը կարող է վտանգել ազգային ինստիտուտների անկախությունը», - եզրափակեց Բրազիլիայի նախագահը։ |
Թրամփը տասնյակ երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու հրամանագիր է ստորագրել
18511:54Հայաստանում աշխատողների 56,9%-ի միջին աշխատավարձը 107 հազար դրամ է (լուսանկար)
220Երեկ, 22:54«ՀՀ-ում տնտեսական մեծ անկումն անխուսափելի է». Ոսկան Սարգսյան
234Երեկ, 16:36«Հարավային Կորեայի հետ առևտրային համաձայնության ենք եկել»․ Թրամփ
540Երեկ, 12:09Ի՞նչ վիճակ է հայ-վրացական սահմանի անցակետերում. «Փաստ»
197Երեկ, 09:00«Մենք հենց նոր համաձայնագիր կնքեցինք Պակիստանի հետ». Թրամփ
477Երեկ, 01:45«Էլեկտրական ցանցերը թալանում են, որ ընտրություներով վերարտադրվեն». Հովհաննես Իշխանյան
233Երեկ, 01:18«ՀԷՑ»-ի Ժամանակավոր կառավարչի նախաձեռնությամբ չեղարկվել են մի շարք գնման գործընթացներ
17930.07.2025, 23:18