«Մեկ ամիս է, ինչ Բագրատ Սրբազանը, Հրայր Սարկավագը, Լիդյան ու մեր մյուս ընկերները կալանավորված են». Լուսինե Գրիգորյան
65
Երեկ, 23:18
«Սրբազան շարժման» անդամ Լուսինե Գրիգորյանը գրել է. «Արդեն մեկ ամիս է... Մեկ ամբողջ ամիս, ինչ Բագրատ Սրբազանը, Հրայր Սարկավագը, Լիդյան ու մեր մյուս ընկերները կալանավորված են։ Մի ամիս, բայց ինձ համար՝ մի ամբողջ դար։ Իրենց են փորձում լռեցնել։ Բայց իրականում՝ ամեն լռեցման փորձից հետո նրանց ձայնն ավելի ուժեղ է հնչում։ Սրբազանն ինձ համար միայն հոգևոր առաջնորդ չէ։ Նա այն մարդն է, ով չի վախեցել բարձրաձայնել ճշմարտությունը՝ այն պահին, երբ շատերը լռում էին։ Նրա մեջ լույս կա, որ չի շփոթեցնում, այլ ճանապարհ է բացում։ Նա հավատք է՝ քայլող, խոսող ու պայքարող։ Եվ ես միշտ նրա կողքին եմ լինելու։ Հենց դրա համար է չարիքը վախենում իրենից, որովհետև նրա լույսը թույլ չի տալիս խավարին ծածկել մարդկանց սրտերը և մտքերը։ Հրայր Սարկավագը՝ հիանալի մարդ։ Հումորի այն տեսակն ունի, որ կարող է քեզ ծիծաղեցնել՝ նույնիսկ կսկիծի մեջ։ Ու իր էն հումորի տակ մի բան կա, որ միայն հոգով ուժեղ մարդիկ ունեն։ Ուժեղ է, բայց ուժը չի ցուցադրում։ Ինքը մի բան գիտի՝ երբ սիրտդ մաքուր է, նույնիսկ բանտի մթությունը չի կարող քեզ մթնեցնել։ Սարկավագը չի ձևացնում՝ ապրում է։ Ու հենց դրա համար են վախենում իրենից։ Որովհետև ինքը չի տրվում խաղի, ինքը խաղից վեր է։ Լիդյան… Լիդյան ինձ համար համառության, խոհեմության և լույսի համադրությունն է։ Նա այն ընկերն է, ով կողքիդ է ոչ թե միայն խոսքերով, այլ լռությամբ, ներկայությամբ, ուժով։ Նա այն տեսակ մարդն է, ում մեջ խաղաղությունն ու պայքարը ապրում են միաժամանակ։ Նրա մեջ մի տեսակ խորքին հասնող ուժ կա՝ աննկատ, բայց անխուսափելի։ Լիդյան այն մարդկանցից է, ում հետ նույնիսկ լռելն է իմաստ ունենում։ Ես չգիտեմ՝ ովքեր կմնան այս ճանապարհին։ Բայց ես գիտեմ՝ ում կողքին եմ մնալու։ Եվ հիմա հարցը հետևյալն է՝ մենք մեր ներսում ունե՞նք այն նույն լռիկ խիզախությունը։ Մեզնից յուրաքանչյուրից է կախված՝ արդյոք այս պատմությունը կավարտվի խավարով, թե լուսով։ Ուստի ես ասում եմ՝ Մի՛ վախեցեք։ Մի՛ վախեցեք ճշմարտությունը բարձրաձայնելուց, երբ բոլորը լռում են հանուն իրենց հարմարության։ Մի՛ վախեցեք կորցնելուց, երբ պահում եք ձեր խիղճը։ Մի՛ վախեցեք կանգնելու նրանց կողքին, ում կալանավորել են ճշմարիտ լինելու համար։ Եթե մենք հիմա լռենք, մենք նրանց կդավաճանենք։ Բայց եթե խոսենք, քայլենք, բարձրանանք՝ մենք կլինենք այն ժողովուրդը, որին երազում էր Սրբազանը։ Այն ժողովուրդը, որի հոգին ձգտում է ոչ թե հարստության, այլ՝ Հոգևոր Հայաստանի։ Հաղթանակն այլընտրանք չունի»: