Երկուշաբթի, 28 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +29 °C

«Կոչս Գարեգին Երկրորդին և Նիկոլ Փաշինյանին». Դավիթ Սանասարյան

«Կոչս Գարեգին Երկրորդին և Նիկոլ Փաշինյանին». Դավիթ Սանասարյան
136
Այսօր, 11:30

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանի գրառումը․ «ՀՐԱՏԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Երրորդ ուժը բացառելով. կոչս կաթողիկոսին և վարչապետին
Սիրելի հայրենակիցներ, 2020 թվականի ռազմական պարտությունը չսահմանափակվեց սահմաններում՝ այն բացեց խոր ու վտանգավոր ճաքեր հենց պետության ներսում։ Ճաքեր, որոնք վերածվեցին քաղաքական պառակտման, հանրային ատելության բևեռացման և անվստահության՝ հասարակության ու պետականության հիմնասյուների միջև։ Այդ ճաքերն օրեցօր լայնանում են՝ խարխլելով մեր պետականության հիմքերը։
Հասարակության շերտերի միջև լարվածությունը հասել է վտանգավոր կետի, իսկ պետական առանցքային ինստիտուտների միջև ձևավորված թշնամական մթնոլորտն արդեն վերածվել է անվտանգության իրական սպառնալիքի։
Քաղաքական դաշտում չկա նվազագույն համաձայնություն հանուն երկրի գոյության ու անկախ ապագայի։ Ավելին՝ Կառավարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև հարաբերությունների սրումը հատել է սահմաններ, որոնք ընդունելի չեն որևէ պետության ներսում։
Այս իրավիճակում լռելը կործանարար է, իսկ հույսով սպասելը՝ ինքնախաբեություն։
Հաշվի առնելով ինչպես ներսում, այնպես էլ տարածաշրջանում անկայունության մեծացումը, մեզ անհրաժեշտ է անհետաձգելի, ծանրակշիռ քայլեր՝ ուղղված լարվածության հաղթահարմանը և բախումների կանխմանը։
Հենց այս գիտակցությամբ եմ դիմում՝ կաթողիկոս Գարեգին Երկրորդին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Հարգելիներ, ժամանակն է՝ հանդիպելու և անմիջական, առանց միջնորդների խոսելու։ Բայց եթե առկա է հանդիպման ձևաչափի բարդություն կամ անհրաժեշտություն՝ պատրաստ եմ ստանձնել միջնորդի պատասխանատվությունը՝ որպես մեկը, ով կողմ չի եղել այս հակամարտության ոչ մի փուլում, բայց չի կարող հետևել ու սպասել, թե ինչպես է օրեցօր խարխլվում Հայաստանի անվտանգությանը, խորանում ներքին պառակտումները, որոնք բերելու են անդառնալի վիճակների։
Քանի դեռ իրենց նման առաքելությունը չեն պարտավորեցրել երրորդ ուժեր ու չեն առաջարկել ժամանակավորապես խաղաղապահներ տեղադրել մեր Կառավարության և մեր Եկեղեցու միջև, կամ՝ քանի դեռ չեն առաջարկել ժամանակավորապես իրենց կառավարմանը հանձնել մեր Կառավարությունն ու մեր Եկեղեցին, շտապել է պետք՝ գործարկելու համար երրորդ ուժի բացառման օրենքը։
Ես՝ որպես քաղաքական և հանրային գործիչ, այս հակամարտության սկզբից հանդես եմ եկել զսպվածության և խաղաղության կոչերով։ Չեմ մասնակցել փոխհրաձգություններին և չեմ շահարկել իրավիճակի լարվածությունը։
Առաջարկում եմ՝ առանձին հանդիպումներ երկու կողմի հետ, և ապա՝ համատեղ քննարկում, միայն մեկ օրակարգով՝
Հայաստանում ներքին լարվածության հաղթահարում և կառուցողական երկխոսության հաստատում։
Առաջարկածս քաղաքական հարթակ չէ։ Այն լինելու է պետական պատասխանատվության դրսևորման եզակի հնարավորություն՝ ազգային բարձր մակարդակով քաղաքակիրթ խոսակցության սկիզբ դնելու համար։
Սա պարզապես երկու անձի կամ կառույցի հանդիպում չէ։
Սա ազգային միասնության առաջին քայլն է՝ մեզ մասնատող վտանգավոր ուղուց հետ դառնալու համար, որից չեն վարանի օգտվել Հայաստանի դեմ գործող օտարները։
Մենք ժամանակ չունենք. ճգնաժամն ինքն իրեն չի լուծվելու։
Եթե չենք կարողանում նստել մի սեղանի շուրջ ու խոսել իրար հետ, ապա մենք կկորցնենք ավելին, քան հիմա պատկերացնում ենք։
Պատրաստվում եմ կապի դուրս գալ երկու կողմի հետ հանդիպման մանրամասները քննարկելու համար»:

Աղբյուրը`   Դավիթ Սանասարյան