Կիրակի, 03 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Ալիևն ԱՄՆ-ից կակնկալի ավելի շոշափելի ստանալիքներ, քան Աբրահամյան համաձայնագրերին մաս դառնալը». Ռոբերտ Անանյան

«Ալիևն ԱՄՆ-ից կակնկալի ավելի շոշափելի ստանալիքներ, քան Աբրահամյան համաձայնագրերին մաս դառնալը». Ռոբերտ Անանյան
186
Երեկ, 23:36

Լրագրող Ռոբերտ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն քննարկում է Ադրբեջանի՝ Աբրահամյան ակորդներին միանալու հնարավորությունը, սակայն որպես պայման դնում է Հայաստանի հետ Խաղաղության համաձայնագրի կնքումը, հարաբերությունների կարգավորումը։ Տեղեկությունը հաղորդում է «Ռոյթերզը»՝ հղում անելով հարցին քաջատեղյակ հինգ աղբյուրների։
«Ի տարբերություն արաբական երկրների, սակայն, Ադրբեջանը և Կենտրոնական Ասիայի երկրներն արդեն իսկ սերտ հարաբերություններ ունեն Իսրայելի հետ, ինչը նշանակում է, որ համաձայնագրերի ընդլայնումը հիմնականում խորհրդանշական կլինի՝ հնարավորություն տալով խորացնել կապերը առևտրի և ռազմական համագործակցության ոլորտներում», - հայտնել են «Ռոյթերզի» աղբյուրները։
Ըստ լրատվամիջոցի, Աբրահամի համաձայնագրերին միանալու համար Վաշինգթոնը նախապայման է դնում Ադրբեջանի առաջ՝ պահանջելով նախ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։
Ես կարծում եմ, ԱՄՆ-ն ճիշտ դիրքորոշում է որդեգրել՝ Ադրբեջանի միացման պայման առաջադրելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։ Աբրահամի համաձայնագրերը խորհրդանշում են քրիստոնեության, իսլամի և հուդայականության միասնական արմատներն ու համերաշխությունը։ Ադրբեջանը չի կարող միանալ Աբրահամյան համաձայնագրերին, քանի որ Հայաստանի հետ չլուծված կոնֆլիկտ ունի։
Կակնկալեի, որ նախագահ Թրամփը հրավերներ ուղարկի նախագահ Ալիևին և վարչապետ Փաշինյանին՝ Սպիտակ տանը ստորագրելու խաղաղության համաձայնագիրը։ Միաժամանակ, Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Հայաստանն ու Ադրբեջանը կարող են ԱՄՆ-ի հետ ստորագրել Աբրահամյան համաձայնագրերը և միանալ դրանց։ Առանց խաղաղության համաձայնագրի Աբրահամյան համաձայնագրերին միանալու սցենարը տարօրինակ կլինի։
Այդ կերպ, Հայաստանն ու Ադրբեջանը մեծ աջակցություն կցուցաբերեն նախագահ Թրամփի խաղաղարար առաքելությանը։ Նրանք հավատարմություն կհայտնեն խաղաղության օրակարգին և կընդունեն ԱՄՆ-ի կարևոր դերը՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում։ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ Աբրահամյան համաձայնագրերին՝ խաղաղության պայմանագրի ստորագրումից րոպեներ անց՝ Սպիտակ տանը։
Դա նաև մեծ դիվանագիտական հաղթանակ կլինի ԱՄՆ-ի համար, որը կկարողանա լուծել 35-ամյա կոնֆլիկտը։ Դոնալդ Թրամփը կդառնա բազմաթիվ նախագահներից միակը, ում կհաջողվի ստանալ Համաձայնագրի ստորագրում՝ կարգավորելով այսքան բարդ կոնֆլիկտը։ Կարծում եմ, ԱՄՆ-ն պետք է շարունակի ջանքեր ներդնել՝ Ադրբեջանին համոզելու այս սցենարի վրա։
Ադրբեջանը պետք է համաձայնություն տա նաև ապաշրջափակման պրոցեսում ամերիկյան ընկերության ներգրավմանը՝ ինչպես իր, այնպես էլ Հայաստանի տարածքում։ Ողջունելի է ԱՄՆ-ի այս քաղաքականությունը, հուսանք՝ արդյունավետ կլինի։ Իհարկե, գիտակցում եմ, որ Ալիևն ԱՄՆ-ից կակնկալի ավելի շոշափելի ստանալիքներ, քան զուտ՝ Աբրահամյան համաձայնագրերին մաս դառնալն է։
Ըստ «Ռոյթերզի»՝ հարցը քննարկվել է նախագահ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի՝ մարտին Բաքու կատարած այցի ժամանակ, դրանից հետո էլ Ուիթքոֆի օգնական Արյեհ Լայթսթոունն է գարնանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպել։
Այս թեմայով նաև Թրամփի բանագնացը նաև հարցազրուց է տվել. «Ես խոսում եմ մի շարք երկրների՝ «Խաղաղության Աբրահամի համաձայնագրերին» միանալու մասին: Դա կարող է տեղի ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի հետ, որոնք մեր կարծիքով շատ-շատ մոտ են իրենց միջև հակամարտության վերջնական կարգավորմանը: Երկուսն էլ, կարծում եմ, հնարավոր է ցանկություն հայտնեն միանալ «Աբրահամի համաձայնագրերին»: Սա մի մեծ նախաձեռնություն է նախագահի համար, և նա հավատում է դրան»:
Երևանը Վաշինգթոնի հետ քննարկել է փաստաթղթին միանալու հնարավորությունը․ «Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են տարբեր թեմաներ», - մայիսին ասել էր ՀՀ ԱԳՆ-ն: Հուսանք, Ադրբեջանին խաղաղության և պայմանագրի ստորագրման դաշտ բերելու այս գործիքը արդյունավետ կլինի»։

Աղբյուրը`   Ռոբերտ Անանյան