Երեքշաբթի, 05 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

«ԽՍՀՄ տասնամյակների ընթացքում որևէ մեկի մտքով անցնո՞ւմ էր, որ կա «բաց» արցախյան հարց». Հակոբ Բադալյան

«ԽՍՀՄ տասնամյակների ընթացքում որևէ մեկի մտքով անցնո՞ւմ էր, որ կա «բաց» արցախյան հարց». Հակոբ Բադալյան
129
Այսօր, 20:06

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեզնում հաճախ է քննարկվում Արցախի հարցի փակ կամ բաց լինելու թեման: Ծավալվում է բանավեճ՝ արցախյան հարցը փակվա՞ծ է, թե՞ ոչ, կամ՝ պե՞տք է փակել, թե՞ ոչ:
Կարծում եմ ընդհանուր առմամբ սրանք արհեստական քննարկումներ ու բանավեճեր են:
Օրինակ, ի՞նչ եք կարծում, իսրայել-եգիպտոսյան հակամարտության թեման Քեմպ-Դեվիդով փակվա՞ծ է, թե՞ ոչ: Առերեւույթ՝ այո: Իսրայելի ու Եգիպտոսի միջեւ չկա կոնֆլիկտ, լարում, բախում եւ այլն, արդեն մի քանի տասնամյակ:
Հիմա միամիտ մի հարց, որը գուցե շատերը համարեն «դավադրապաշտություն»: Եթե օրինակ ԱՄՆ կայացնի ռազմավարական մի որոշում՝ խթանել իսրայել-եգիպտական կոնֆլիկտ, կամ՝ «արթնացնել» այն, կարո՞ղ է, թե՞ ոչ:
Ընդհանրապես, այդօրինակ որեւէ կոնֆլիկտ փակվու՞մ է ընդմիշտ, թե՞ ոչ:
Կարծում եմ՝ ոչ: Հետեւաբար, ի՞նչն է որեւէ կոնֆլիկտի «փակումից» դժգոհ հանրությունների, պետությունների խնդիրը: Մշտապես ամրանալ, ուժեղանալ, եւ լինել պատրաստ աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխություններին ու պատեհություններին: Վերջին հաշվով, ԽՍՀՄ տասնամյակների ընթացքում որեւէմեկի մտքով անցնո՞ւմ էր, որ կա «բաց» արցախյան հարց:
Բայց հարցը բացվեց: Իհարկե, որեւէ մեկի մտքով չէր էլ անցնում, որ արցախյան առաջին պատերազմի հաղթանակից երեք տասնամյակ անց Հայաստանում կարող է պետական բարձր մակարդակով հայտարարվել, թե արցախյան հարցը «թոկ» էր մեր վզին:
Բայց, պետությունների ղեկավարները խոշոր հաշվով միշտ հետեւանք են կամ արդյունք՝ հետեւանք են կամ արդյունք այն պրոցեսների, որ տեղի են ունենում հասարակական-քաղաքական առաջատար խմբերում, տնտեսական, մշակութային վերնախավերում:
Իհարկե իդեալական է, երբ այդ ամենը տեղի է ունենում ոչ թե ի հեճուկս տվյալ ժամանակահատվածում պետական ղեկի մոտ գտնվողների մտածողության, այլ պետական իրական էլիտայի հետ ներդաշնակությամբ: Բայց, այստեղ էլ թերեւս հանրային, ազգային պասիոնարության մի քննություն կամ փորձություն է, որակապես վերափոխվել թեկուզ ի հեճուկս առկա պետական «նարատիվների»»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան