Չորեքշաբթի, 06 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Քաղաքացիներից գումար կորզելու նպատակով համապարփակ, ստորագույն գործողություն է իրականացվում». Կարեն Հեքիմյան

«Քաղաքացիներից գումար կորզելու նպատակով համապարփակ, ստորագույն գործողություն է իրականացվում». Կարեն Հեքիմյան
179
Երեկ, 20:24

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քաղաքացիներից գումար կորզելու նպատակով համապարփակ, ստորագույն գործողություն է իրականացվում:
Բերեմ մեկ օրինակ:
Երևանի քաղաքապետարանը քաղաքացու հանդեպ վարչական վարույթ է հարուցում (իրավաչափ կամ ապօրինի): Քաղաքացին որևէ կերպ չի ծանուցվում վարչական վարույթի օրվա և ժամի մասին: «Վարույթի» արդյունքում կայացվում է վարչական ակտ: Քաղաքացին կրկին որևէ կերպ չի ծանուցվում վարչական ակտի գոյության մասին: ՀայՓոստ-ի փոստատարը քաղաքապետարանի նամակն իբր չի կարողանում հասցեատիրոջը հանձնել, վերջինիս իբր չի գտնում (մի քանի անգամ) և նամակը հետ է ուղարկում: Երևանի քաղաքապետարանը վարչական ակտը տեղադրում է www.azdarar.am կայքում: Կայքի «որոնում» գործողությամբ անհնար է որոշակի իրավական ակտ կամ անուն, ազգանուն գտնել: Ավելին, կայքի աշխատակիցն ասում է, որ իրենք միայն կայքի «աշխատացնողն են», իսկ «տեղադրողն», օրինակ՝ Երևանի քաղաքապետարանը, կարող հայտարարությունն «անտեսանելի վայրում» տեղադրել: azdarar.am-ի աշխատակիցը հորդորում է գրանցվել կայքում և անձնական էջ ունենալ: Վերջինս ասում է, որ կայքի աշխատակիցները որևէ մեկին չեն ընդունում և կայքից օգտվելու համար չեն օգնում, նույնիսկ՝ 92-ամյա ծերունիներին:
Ինչևէ, azdarar.am-ում վարչական ակտը, ենթադրաբար՝ անհասանելի վայրում, տեղադրելուց հետո՝ 1 ամսվա ընթացքում, Երևանի քաղաքապետարանը դիմում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, որտեղ աշխատող պայմանական թորոսյանարմեններն առանց դասական իմաստով (օրենքով սահմանված կարգով) վարույթ իրականացնելու քաղաքացու բանկային հաշվից գումար են գանձում:
Այսպիսով՝ Երևանի քաղաքապետարան-ՀայՓոստ-azdarar.am-Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն-բանկ: Ո՞վ կարող է վստահեցնել, որ սա քաղաքացուց գումար կորզելու նախապես ծրագրավորված գործողություն չէ:
Խորհրդային տարիներին սրան «круговая порука» էին անվանում: Իսկ ինչպե՞ս այս գործողությունը կանվանեք դուք»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան