«Կարելի՞ է փրկված համարել մի երկիր, որի սիրտը՝ Արցախը պոկվել է»․ Էրիկ Բեգլարյան
199
Այսօր, 17:24
Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լսի, Նիկոլ, Դու Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էիր, որ Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի՝ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի հայության համար։ Բայց այսօր արդարացի հարց է առաջանում՝ ի՞նչն է այս ամենի մեջ ընդունելի Արցախի ժողովրդի համար։ Կա՞ մի բան, որը մնացել է նրանցից, որն իրոք կարելի է համարել ընդունելի։ Դու ասում էիր՝ պիտի հասնենք խաղաղության, պիտի փրկենք Հայաստանը։ Բայց ի՞նչ գնով։ Արցախը հանձնեցիր, ու դա ներկայացրիր որպես ծանր, բայց անհրաժեշտ որոշում։ Այսինքն՝ Արցախը զոհաբերեցիր իբրև թե Հայաստանի ապագան պաշտպանելու համար։ Բայց հիմա, երբ Արցախը չկա, դու անընդհատ խոսում ես հաջողություններից, ժպտում ես տեսախցիկների առաջ, ու նույնիսկ փորձում ես համոզել մեզ, թե այս ամենը նոր էտապ է մեր պետականության համար։ Ու միևնույն ժամանակ՝ ինչ է տեղի ունենում արցախահայության հետ։ Ո՞վ է այսօր նրանց մասին հոգ տանում։ Ո՞վ է խոսում նրանց անունից։ Ո՞ւր է քո պարտականությունների կատարումը նրանց նկատմամբ։ Չէ՞ որ հենց դու էիր խոստանում, որ նրանց իրավունքները պաշտպանվելու են։ Հիմա նրանք դեգերում են սեփական հայրենիքում՝ փախստական դարձած, բազմաթիվ խնդիրների առաջ կանգնած, առանց բավարար աջակցություն ստանալու։ Սյունիքի ճանապարհները զիջեցիր, Արցախը հանձեցիր, ու հիմա ամեն քայլդ ներկայացնում ես որպես «հաղթանակ»։ Բայց արդյոք չպետք է մի պահ կանգ առնել ու հարց տալ՝ իսկ ով է այդ «հաղթանակի» շահառուն։ Արցախցին և Արցախը կարծես թե դարձել է քո քաղաքական հաշվարկների գործիքը՝ ապրող փոխարժեքը, որով փորձում ես խաղաղություն գնել։ Եթե ասում ես՝ արցախցիները հայ են, ապա որտե՞ղ է այդ վերաբերմունքը։ Ինչո՞ւ ես վերաբերվում նրանց որպես ավելորդ բեռի, ոչ թե եղբայրների ու քույրերի։ Քո երաշխավորի պարտականությունները ո՞ւր մնացին։ Թե՞ արցախցին քո համար միայն «առևտրային ապրանք» է եղել՝ մի բան, որը կարող ես փոխանակել ժամանակ շահելու համար։ Ասում ես՝ փրկել ես Հայաստանը։ Բայց արդյոք կարելի՞ է իսկապես փրկված համարել մի երկիր, որի սիրտը՝ Արցախը, պոկվել է, որի հազարավոր քաղաքացիներ դարձել են անտուն, հայրենազուրկ։ Ժամանակը կդատի բոլորիս, բայց առավելապես նրանց, ովքեր իրենց ձեռքում իշխանություն ունեին, ովքեր կայացրել են ճակատագրական որոշումներ»։