Երկուշաբթի, 10 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Ծեծկռտուք և դանակահարություն` Խաչատուր Սուքիասյանի եղբորորդու և դատախազների որդիների մասնակցությամբ

Ծեծկռտուք և դանակահարություն` Խաչատուր Սուքիասյանի եղբորորդու և դատախազների որդիների մասնակցությամբ
230
Երեկ, 22:24

Լրագրող Լիա Սարգսյանը հայտնում է. «Դանակահարություն՝ «Սերենայում»․ ծեծկռտուքի մասնակիցներն են Սուքիասյանի եղբորորդին և դատախազների որդիներ
«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Երեւանի հայտնի ակումբներից «Սերենայում» ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբորորդու եւ գործող դատախազների որդիների միջեւ կնոջ պատճառով ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետեւանքով դատախազների որդիների ընկերները դանակահարվել են։
Օրեր շարունակ փորձում էինք տեղեկությունը հաստատող փաստեր հավաքել, սակայն իրավապահները համառորեն պնդում էին, թե նման տվյալներ չունեն։ Սակայն մեր հետաքննությունից պարզվեց այլ բան։ «Սերենա» կատարած այցով պարզեցինք, որ ակումբը փակ է, Քննչական կոմիտեն դռները կապարակնքել է։
Ակումբի աշխատակիցները կարծելով, թե լրագրողը շարքային հաճախորդ է՝ հավատացնում էին, որ դռները փակ են՝ վերանորոգման պատճառով, սակայն մեր նկարած տեսանյութից էլ պարզ երեւում է, որ կապարակնքված դռան վրա Քննչական կոմիտի կնիքն է։ Աշխատակցի միջոցով ակումբի տիրոջը փոխանցեցինք, որ ցանկանում ենք զրուցել։ Վերջինս նախ համաձայնվեց, ապա մերժեց։
Շարունակելով հետաքննությունը՝ պարզեցինք, որ դանակահարված տղամարդկանցից մեկը, չպարզված հանգամանքներում, տեղափոխվում է Վաղարշապատի հիվանդանոց։
Նույն օրը հիվանդանոցից ահազանգ է ստացվում ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ կենտրոնական բաժին։ Քննչական կոմիտեից «Իշխանություն» լրատվականի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ դեպքի առթիվ 2025 թվականի նոյեմբերի 3-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու և առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներով, իրականացվում է նախաքննություն:
Անձանց շրջանակի վերաբերյալ տեղեկատվությունը եւ՛ Քննչական կոմիտեն, եւ՛ Ներքին գործերի նախարարությունը թաքցնում են։ Ավելին, մեր հետաքննությունը պարզել է, որ ակումբի նկարահանող սարքերի կրիչներն անհետացել են։
Ուշագրավ է, որ այս ակումբը հատուկ հսկողություն ունի, անվտանգության աշխատակիցները մետաղորսիչ սարքի միջոցով ստուգում են եւ՛ տղամարդկանց, եւ՛ կանանց։ Դեպքին լավատեղյակ անձինք հայտնում են, որ դանակից բացի նաեւ հրազեն է եղել, սակայն իրավապահները, ենթադրաբար կոծկում են՝ հաշվի առնելով գործող անձանց շրջանակը։
Հարց է առաջանում՝ եթե վերահսկողությունը այդքան խիստ է, ապա ինչպե՞ս են ազդեցիկ ընտանիքների որդիները կարողացել սառը զենքով մուտք գործել ակումբ»։

Աղբյուրը`   Լիա Սարգսյան