Չորեքշաբթի, 19 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Պետք է հասկանալ, թե ի՞նչ կարգավիճակով է Հուքերն այցելել Ծիծեռնակաբերդ»․ Հակոբ Բադալյան

«Պետք է հասկանալ, թե ի՞նչ կարգավիճակով է Հուքերն այցելել Ծիծեռնակաբերդ»․ Հակոբ Բադալյան
106
Այսօր, 10:18

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Մեր շատ հայրենակիցների զայրացրել կամ հետաքրքրել է փաստը, որ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերի տեղակալ Ալիս Հուքերը Հայաստան այցի ընթացքում Ծիծեռնակաբերդի Եղեռնի զոհերի ուշահամալիր է այցելել առանց Հայաստանի որևէ պաշտոնյայի ուղեկցության:

Չեմ տիրապետում մանրամասներին, սակայն կարծում եմ, որ խնդիրն այն չէ, թե պաշտոնական Երևանը խուսափել է նրա հետ այսպես ասած ուղեկցող պաշտոնյայի ներկայությունից: Համենայն դեպս, այս ընթացքում եղել են հուշահամալիր այցելող պաշտոնյաներ, որոնց ուղեկցել է Հայաստանի որևէ պաշտոնյա:

Պետք է հասկանալ, թե ի՞նչ կարգավիճակով է Հուքերը այցելել Ծիծեռնակաբերդ: Ենթադրում եմ, որ խոսքը զուտ անձնական այցի մասին է: Այդ պարագայում, ուղեկցող պաշտոնյայի ներկայությունը ոչ թե արարողակարգի պահանջ է, այլ կարող է լինել ընդամենը այցելուի ցանկություն: Այսինքն, եթե ԱՄՆ պետքարտուղարը ցանկանար, որ նրան ուղեկցեր որևէ հայաստանցի պաշտոնյա, այսինքն՝ ԱԳՆ որևէ փոխնախարար կամ վարչության պետ, ապա չեմ կարծում, թե պաշտոնական Երևանը հրաժարվեր կամ խուսափեր ԱՄՆ պաշտոնյայի այդ ցանկությանն ընդառաջելուց:

Եվ այստեղ թերևս կա փոքրիկ ինտրիգ՝ իսկ հնարավո՞ր է, որ հենց ամերիկացի պաշտոնյան չի ցանկացել, որ լինի ուղեկցող, այլ կկերպ ասած՝ Ծիծեռնակաբերդ այցը ստանա որոշակի այսպես ասած պաշտոնական շրջանակ: Համենայն դեպս, ես կդիտարկեի նաև այս վարկածը:

Ի դեպ, երբ դիտարկում ենք Ծիծեռնակաբերդ այցի մասին ԱՄՆ դեսպանատան տարածած լուսանկարները, դրանցում չկա նաև ԱՄՆ դեսպանը: Այսինքն, տպավորություն է, որ Հուքերին Ծիծեռնակաբերդ այցի ընթացքում չի ուղեկցել նաև ԱՄՆ դեսպանը, կամ համենայն դեպս նրան «խնամքով» դուրս են թողել լուսանկարներից:

Սա թերևս ևս մեկ անգամ հաստատում է վարկածը, որ Հուքերի այցը Ծիծեռնակաբերդ եղել է զուտ անձնական, ամերիկյան կողմը չի եղել այցի պաշտոնական շրջանակով շահագրգռված:

Սրանից էլ կարող եմ եզրակացնել, որ հենց ամերիկյան կողմն է խուսափել այնպիսի անտուրաժից, որը կարող էր դուր չգալ Անկարային: Իսկ անձնական բնույթի այցն էլ եղել է հայերին դուր գալու համար:

Սա չեմ ասում, որպեսի մեղադրանքներից պաշտպանեմ պաշտոնական Երևանին: Հայ-թուրքական հարցում, ցեղասպանության հարցում Երևանի մոտեցումները արտահայտվել են բավականին բաց և ես ինքս բազմիցս ընդդիմախոսել եմ այդ դիրքորոշումների հանդեպ: Հարցը այստեղ, իհարկե, կոնկրետ իրավիճակը, կոնկրետ դրվագը հնարավորինս ամբողջական դիտարկելն ու հասկանալն է, որպեսզի ոչինչ չլինի ինքնանպատակ, ու նաև հասկանալի լինի, թե օրինակ ինչ մղումներ կարող են լինել ամերիկյան կողմում»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան