Չորեքշաբթի, 19 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Միայն հայն է, որ կասի՝ ես հայ քրիստոնյա եմ»․ Վահե Լոռենց

«Միայն հայն է, որ կասի՝ ես հայ քրիստոնյա եմ»․ Վահե Լոռենց
103
Այսօր, 01:12

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայի ինքնությանը որևէ պատմական իրադարձություն այնքան չի վնասել, որքան 301 թվականի մշակութային ոճիրը, որ իրականացրեց եկեղեցին և քրիստոնեությունը հայ ազգի նկատմամբ։ Մարդկային կորուստները չհաշվենք․ միայն փորձեք պատկերացնել մի երկիր, որն իր տարածքով, ռազմական, տնտեսական հզորությամբ աշխարհում զիջում է միայն Հռոմեական կայսրությանը և Սասանյան Իրանին, և այդ երկրում ինչպիսի կոթողներ կային։ Համեմատեք թեկուզ այսօրվա Հունաստանում, Իտալիայում, Իրանում պահպանված մշակութային արժեքների հետ։ Ամեն մեծ բնակավայրում՝ տաճարներ, ամֆիթատրոններ, պալատներ, քաղաքացիական կոմունիկացիաներ․․․
Առաքելական եկեղեցու հետևորդները և հոգևորականները փորձում են մոլորեցնել հայությանը, թե Հայաստանում դարերի ընթացքում հնագույն մշակույթը ոչնչացրել են թշնամիները․․․ պարսիկը, թուրքը, մոնղոլը․․․
Անգամ ծիծաղելի է։ Պարսիկը որևէ հայկական ազգային հեթանոսական կոթող չի ոչնչացրել (ընդհանրություններ շատ ունենք)։ Ավելին, զրադաշտական և մահմեդական պարսիկները շատ անգամներ եկեղեցիների կառուցումն են հովանավորել։ Իսկ թուրքերի, մոնղոլների, մյուսների արշավանքների ժամանակ վաղուց արդեն այդ կոթողները չկային։ Դրանց Հայաստանյաց Առաքելական եկեղեցին է հիմնահատակ ոչնչացրել։ Եվ տարօրինա՞կ չէ, որ թուրքը Հայաստանում ոչնչացնի, Հունաստանում, Ղրիմում, Միջագետքում՝ պահի, խնայի։ Եթե նկատել եք․ Արևմտյան Հայաստանում պահպանված են նախաքրիստոնեական այն կոթողները, որոնք․․․ Հայաստանյաց Առաքելական եկեղեցու տիրույթում չեն գտնվել, այլ, գտնվելով բյուզանդական տիրույթներում՝ Հույն Ուղղափառ եկեղեցու ազդեցության գոտում էին։ Ստացվում է, որ քաղկեդոնական եկեղեցին տոլեռանդ է, իսլամը տոլեռանդ է հայոց հնագույն մշակույթի նկատմամբ, իսկ Հայաստանյաց Առաքելական եկեղեցին՝ ոչ։ Կաթոլիկ եկեղեցին տոլեռանդ է, առաքելական եկեղեցին՝ ոչ։ Կաթոլիկ աշխարհի սրտում՝ Հռոմում, քանի՞ նախաքրիստոնեական կոթող կա պահպանված․․․
Պատկերացրեք, իսլամական շրջանում պարսիկ մոլլաների մտքով անցներ հիմնահատակ կործանեին Պերսեպոլիսը, կամ, Բեհիսթունի ժայռի արձանագրությունները ջնջեին, այնտեղ կիսալուսին պատկերեին։ Բա ինչպե՞ս կհիմնավորեինք, թե, ասենք՝ Ուրարտուն դա Հայաստան է։ Բեհիսթունի արձանագրությունը մեր ինքնության (անձնագրի) բաղկացուցիչն է։ Այսօր Իրանում, որը իսլամական ֆունդամենտալ երկիր է համարվում, հարյուր հազարավոր զրադաշտականներ կան, գործող հեթանոսական, զրադաշտական տաճարներ կան։ Հայաստանում, հայության մեծ մասը հիստերիայի մեջ ընկավ, երբ Բրիտանական թանգարանից Անահիտ աստվածուհու արձանի մնացորդները մի քանի ամսով Երևան բերեցին՝ ցուցադրության։ Շենքի պատին Անահիտ աստվածուհու պատկերն են նկարում՝ տասնյակ հազարավորներ հիստերիկ ոռնոց են բարձրացնում։ Ինչ է, ստացվում է, թե օտարն ավելի՞ է արժևորում, գնահատում, ընդունում, հայոց հնագույն արժեքները, մշակույթը, քան 21-րդ դարի քրիստոնյա հայը։ Այո, հենց այդպես էլ կա։ Պատճառը․ առաքելական եկեղեցու 17-դարյա ավերածություններ են, այս անգամ՝ հայի հոգում և մտքում։ Աշխարհում քրիստոնյա շատ ժողովուրդներ կան, բայց նրանց համար քրիստոնեությունը հավատք է, կրոն է և ոչ ավելին։ Նրանք իրենց ինքնությունը կապում են սեփական արմատների, սեփական մշակույթի հետ, հպարտանում են իրենց ծագմամբ, հպարտանում են նաև նախաքրիստոնեական իրենց արժեքներով (հույներ, իտալացիներ, իսպանացիներ․․․ բոլորը)։ Միայն հայն է, որի համար քրիստոնեությունը ինքնություն է։ Եվ ինքնություն է դարձել՝ բացառապես մերժելով, ժխտելով հինը, ազգայինը։ Միայն հայն է, որ իր ինքնությունը կապում է կրոնի (օտար) հետ։ Միայն հայն է, որ կասի՝ Ես հայ քրիստոնյա եմ։ Որևէ ազգից չեք լսի նման արտահայտություն՝ Ես վրացի քրիստոնյա եմ, ես հույն քրիստոնյա եմ և այլն․․․
Սա մեր ինքնության (չինքնության) ամենալուրջ խնդիրն է։ Հայը ոչ միայն չի հպարտանում իր ծագմամբ (Հայկով), իր արմենական արմատներով, այլև չի՛ ճանաչում իր ծագումը, արմատը, և իր ինքնությունն ամբողջովին կապում է օտար ծագմամբ դավանանքի հետ»։

Աղբյուրը`   Վահե Լոռենց