Հինգշաբթի, 19 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«ԱԳ նախարարը ներգրավվել է պարզունակ քարոզչական հնարքների կիրառման մեջ»․ Հակոբ Բադալյան

«ԱԳ նախարարը ներգրավվել է պարզունակ քարոզչական հնարքների կիրառման մեջ»․ Հակոբ Բադալյան
148
Այսօր, 13:24

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը թելեգրամյան իր էջում գրում է․ «Տխուր է, երբ երկրի արտաքին գործերի նախարարն է ներգրավվում պարզունակ քարոզչական հնարքների կիրառման մեջ: Հայաստանի ԱԳ նախարար Միրզոյանը սոցցանցում հրապարակում է տեսանյութ և ուղեկցում գրությամբ, թե «մեծագույն պատիվ է նոր դեսպանությունների բացման առիթով Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացնելը. Լոնդոն՝ 2023թ., Մոնտեվիդեո՝ 2024թ., Բեռն՝ 2026թ. շարքը շարունակելի»:

Ամբողջ հարցն այն է, որ Հայաստանը Լոնդոնում դեսպանություն հիմնել է 1992 թվականին, Շվեյցարիայում՝ 2002 թվականին, Ուրուգվայում՝ 2014 թվականին:

Այո, գուցե վերջին տարիներին Արարատ Միրզոյանը դրոշ է բարձրացրել այդ դեսպանությունների նոր շենքերում, բայց այդ դեպքում պետք է պարզապես գրել «նոր շենքերի», ոչ թե «նոր դեսպանությունների» մասին: Նոր դեսպանություն նշանակում է, որ այդ երկրում Հայաստանը մինչ այդ չի ունեցել դեսպանություն և բացվել է նոր, ու առաջին անգամ բարձրացվել է Հայաստանի դրոշը:

Բայց, ակնհայտ է, որ գրառման նպատակը տպավորություն ստեղծելն է, այսինքն՝ քարոզչությունը:

Պետությունների կառավարման համակարգերում արտաքին գործերի նախարարի պաշտոնն, իհարկե, աստիճանակարգի բարձրագույն դիրքերում չէ: Բարձր է իհարկե, բայց դրանից առաջ կա առնվազն երեք-չորս պաշտոն:

Սակայն, ԱԳ նախարարի պաշտոնն ամենից սոլիդներից մեկն է: Արտաքին գործերի նախարարները աչքի են ընկնում նաև առաջին հերթին նրանով, որ առավելագույնս քիչ են առնչվում ներքաղաքական ասպեկտների, չեն ներգրավվում կուսակցական քարոզների: Այդտեղ է նաև պաշտոնի սոլիդությունը, առանձնահատկությունը:

Այդ իմաստով, ցավոք սրտի, Արարատ Միրզոյանի պարագայում տեսնում ենք, որ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը կորցրել է այդ առանձնահատուկ սոլիդությունը: Չեմ բացառում, իհարկե, որ նրան նույնիսկ «պարտադրում» են այդ իմաստով միանալ «խրախճանքին», չտարբերվել որևէ մեկից: Դա կարող է լինել նաև ներիշխանական փոխադարձ կասկածների շրջանակում: Սա իհարկե Միրզոյանին արդարացնելու համար չէ, որ արձանագրում եմ: Նա է պատասխանատուն, որ Հայաստանի ԱԳ նախարարի կարգավիճակը կորցրել է սոլիդությունը:

Պարզապես մատնանշում եմ այդ ներիշխանական շերտն էլ, որովհետև համոզված եմ՝ այդ խնդիրը ևս առկա է, քանի որ Հայաստանի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները որքան էլ ուրախ-զվարթ ցուցադրում են իշխանության պահպանման հարցում իրենց անհոգությունը և ինքնավստահությունը, այդուհանդերձ լրջորեն մտածում են հեռանկարների մասին»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան