Երեքշաբթի, 23 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Աղետների կործանարար ուժը տեսնելով՝ մարդ արարածը կոչված է սթափվելու». Սամվել դպիր Գրիգորյան

«Աղետների կործանարար ուժը տեսնելով՝ մարդ արարածը կոչված է սթափվելու». Սամվել դպիր Գրիգորյան
41
Այսօր, 02:12

Սամվել դպիր Գրիգորյանի գրառումը. «ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՅԱՑՔ «ԱՆՈՄԱԼ» ԿԱՐԿՈՒՏՆԵՐԻՆ
Վերջին օրերին Հայաստանի տարբեր տեղերում խոշոր կարկուտներ են տեղում։ Գյումրիում, Նոյեմբերյանի Կոթի գյուղում ձվի չափ կարկուտը վնասել է մեքենաներ, տների կտուրներ և այլն։ Մարդկանց մի մասի համար դրանք բնական երևույթներ են։ Ֆիզիկական մակարդակում դա զուտ մթնոլորտային բնական գործընթաց է, որը ենթարկվում է ֆիզիկայի հստակ օրենքներին, որոնք նույնպես Աստվածադիր են։ Սակայն, քրիստոնեական ընկալմամբ բնությունը ինքնավար և Աստծուց անկախ համակարգ չէ։ Աստված գործում է Իր իսկ ստեղծած բնության օրենքների միջոցով։ Այդ պատճառով քրիստոնյան չի կարող անտարբեր դիտել բնական աղետները։
Սուրբ Գրքում բնական երևույթները, աղետները, այդ թվում՝ կարկուտը, հաճախ ներկայացվում են ոչ միայն՝ որպես ֆիզիկական գործընթացներ, այլ նաև՝ որպես Աստծո նախազգուշացման, մարդկանց սթափեցման, խրատի, դատաստանի կամ նախախնամական ներգործության միջոցներ։
Եկե՛ք դիտարկենք.
1․ Եգիպտոսի փարավոնի սիրտը փափկեցնելու համար Աստված Մովսեսին ասում է․ «Ես, ահա, վաղն իսկ, հէնց այս ժամին այնպիսի սաստիկ կարկուտ տեղացնեմ, որպիսին դեռեւս չի եղել Եգիպտոսում իր գոյութեան օրուանից մինչեւ այսօր» (Ելք 9:18)։ Կարկուտ էր տեղում, բայց կարկուտի մէջ բորբոքուած կրակ կար։ Կարկուտն այնքան խոշոր էր, որ նմանը չէր եղել Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ ազգի առաջացումից ի վեր։ Կարկուտը հարված հասցրեց մարդկանց, անասուններին, դաշտում եղած ամբողջ բուսականությանը, ջարդուփշուր արեց դաշտում եղած բոլոր ծառերը (Ելք 9:25)։
2․ Ամովրհացիների դեմ պատերազմի ժամանակ, երբ նրանք փախչում էին, Աստված երկնքից նրանց վրա կարկտի քարեր թափեց, և նրանք, որ մեռան կարկտի քարերից, ավելի շատ էին, քան նրանք, որոնց իսրայելացիները սրով սպանեցին (Հեսու 10:11)։ Սա Աստծո կողմից ուղղակի ռազմական միջամտություն էր։
3․ Սողոմոն Իմաստունն ասում է, որ այն ամբարիշտներն, ովքեր ուրացան Աստծուն ճանաչել, տանջվեցին Նրա բազկի զորութեամբ, կարկտի նոր անձրևներով եւ անդիմադրելի փոթորիկներով հալածվեցին ու ոչնչացան հրով (Իմաստ․ 16:16)։
4․ Սաղմոսաց Գրքում ասվում է․ «Նա փայլատակեց նրանց առջեւ, ամպերը կարկուտ եւ հրեղէն կայծակներ արձակեցին։ Որոտաց Տէրն երկնքից, եւ Բարձրեալն իր ձայնը լսել տուեց կարկտով ու հուր կայծակներով» (Սաղմ․ 17:13)։
5․ Մեկ այլ տեղ ուղղակի ասվում է․ «Հուր եւ կարկուտ, ձիւն եւ սառնամանիք, հողմ ու մրրիկ, դուք, որ նրա խօսքն էք կատարում․․․» (Սաղմ․ 148։8)։
6․ Սիրաքի գրքում էլ ասվում է․ «Կրակը, կարկուտը, սովը եւ մահը, այս բոլորը վրէժխնդրութեան համար են ստեղծուած» (Սիր․ 39։36)։
7․ Եսայու մարգարեությունում ասվում է․ «Տէրը լսելի պիտի դարձնի իր փառաւոր ձայնը, ցոյց պիտի տայ իր բազկի զայրոյթը՝ սրտմտութեամբ ու ցասման ամենակուլ բոցով, կրակ սփռող իր ահաւոր բարկութեամբ, ինչպէս եւ ջրհեղեղով ու սաստկատարափ կարկուտով» (Ես․30։30)։
8․ Եզեկիելի մարգարեությունում Աստված է ասում․ «Նրա դատաստանն արիւնով ու համաճարակով եմ տեսնելու, անձրեւների հեղեղներով ու քարէ կարկուտներով. հուր ու ծծումբ եմ տեղալու նրա ու բոլոր նրանց վրայ, որ նրա հետ կը լինեն, բազմաթիւ ժողովուրդների վրայ, որ կը լինեն նրա հետ» (Եզեկ․ 38։22)։
9․ Հոբի գրքում Աստված Ինքն է խոսում բնության տարրերի մասին և ասում. «Գնացե՞լ ես շտեմարանները ձեան, կամ տեսե՞լ ես պահեստները կարկտի։ Կուտակե՞լ ես դրանցից՝ քո թշնամիների վրայ հասնելու, մարտի ու պատերազմի օրուայ համար» (Հոբ 38:22).
10․ Վերջապես, Ահեղ Դատաստանի ժամանակ Հայտնության գրքում նկարագրվում է․ «Եւ առաջին հրեշտակը հնչեցրեց փողը. եւ եղաւ կարկուտ եւ հուր՝ արիւնով խառնուած. եւ գցուեց երկրի վրայ. եւ երկրի մէկ երրորդ մասը այրեց. այրեց եւ ծառերի մէկ երրորդ մասը. այրեց եւ ամբողջ դալար խոտը» (Յայտն․ 8։7)։
11․ Շարունակության մեջ կարդում ենք․ «Եւ երկնքում բացուեց Աստծու տաճարը, ու երեւաց Աստծու տապանակը իր տաճարի մէջ. եւ եղան փայլատակումներ, ձայներ, որոտներ, երկրաշարժներ եւ՝ ուժեղ կարկուտ» (Յայտն․ 11։19)։
12․ Այս աշխարհի վախճանին Աստծո բարկությունը թափվելու է մարդկանց անօրենության պատճառով․ «Մարդկանց վրայ երկնքից թափուեց խոշոր կարկուտ՝ յիսուն կիլոգրամ կշռով։ Եւ մարդիկ հայհոյեցին Աստծուն, - որ երկնքում է, - կարկուտի պատուհասի համար, քանի որ պատուհասը մեծ էր եւ սաստիկ» (Յայտն․ 16։21)։
ԱՄՓՈՓՈւՄ
Քրիստոնեական աշխարհայացքը երբեք չի ժխտում բնության օրենքների գոյությունն ու ֆիզիկական երևույթների ընթացքը, սակայն դրանց հետևում միշտ տեսնում է Աստվածային նախախնամության ներկայությունը։ Բնության բոլոր տարրերը, ներառյալ կարկուտը, անձրևն ու փոթորիկը, ստեղծված են Արարչի կողմից և, ինչպես սաղմոսերգուն է շեշտում, «Նրա խօսքն են կատարում» (Սաղմ. 148:8)։
Աստվածաշունչը մեզ սովորեցնում է «անոմալ» կամ արտառոց բնական աղետներին նայել հոգևոր աչքերով։ Սուրբ Գրքի բազմաթիվ դրվագներում խոշոր ու ավերիչ կարկուտը հանդես է գալիս որպես երկնային արդարադատության, սթափեցման և Աստծո դատաստանի գործիք, հատկապես այն դեպքերում, երբ մարդկային անօրինությունը, հպարտությունն ու խստասրտությունը հասնում են ծայրահեղ աստիճանի։
Բնական աղետները, պատերազմները, համաճարակներն ու մյուս ցնցումները միշտ պետք է մարդուն մղեն ինքնաքննության, ապաշխարության և Աստծուն ավելի մոտենալու։ Քրիստոնյայի համար կարևոր է ոչ միայն «ինչո՞ւ եղավ սա» հարցը, այլև՝ «ի՞նչ հոգևոր դաս կարող եմ քաղել այս ամենից»։
Հայ Եկեղեցու որոշ հայրեր, այդ թվում՝ Հովհան Մանդակունին, բնական աղետները դիտում էին որպես Աստծո խրատական ներգործություն և ժողովրդի մեղքերի պատճառով թույլ տրված պատուհասներ, որոնք կոչված էին մարդկանց ապաշխարության և սթափության առաջնորդելու։
Կարևոր է դիտարկել նաև Ղուկասի Ավետարանի այն դրվագը, երբ Տիրոջը հայտնում են Սիլովամի աշտարակի փլուզման և Պիղատոսի կողմից գալիլյացիների սպանության մասին: Իսկ Տեր Հիսուս Քրիստոս պատասխանում է, որ նրանք ավելի մեղավոր չէին, քան Երուսաղեմում կամ Գալիլյայում ապրողները ու ավելացնում. «Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն, եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք» (Ղուկ. 13:1-5): Տիրոջ այս խոսքերը միաժամանակ մերժում են այն կարծիքը, թե աղետների զոհերը պարտադիր ավելի մեղավոր են եղել, և միևնույն ժամանակ բոլոր մարդկանց կոչ են անում ապաշխարության ու հոգևոր զգոնության։
Հետևաբար, մեր օրերում տեղացող արտառոց կարկուտները քրիստոնյային պետք է ավելի շատ առիթ տան խորհելու ոչ միայն դրանց ֆիզիկական պատճառների, այլև սեփական հոգևոր կյանքի և ինքնաքննության մասին։ Աղետների կործանարար ուժը տեսնելով՝ մարդ արարածը կոչված է ոչ թե հուսահատվելու կամ տրտնջալու, այլ սթափվելու, սեփական կյանքն ու ընթացքը քննելու, մեղքերից հետ կանգնելու և ապաշխարությամբ ու երկյուղածությամբ դեպի Աստված դառնալու։
Բնության տարերքի սաստկությունը մեզ հիշեցնում է մեր մեղավոր ընթացքի, Աստծո առաջ կանգնելու պատասխանատվության մասին, կանչում հոգևոր արթնության, զգոնության, սխալների վերանայման ու չարից հրաժարման»։