Հինգշաբթի, 23 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«Ալիևի պնդումը երեխայական կռուտիտ է, որի պատճառը, սակայն, շատ մեծավարի է»․ Արթուր Դանիելյան

«Ալիևի պնդումը երեխայական կռուտիտ է, որի պատճառը, սակայն, շատ մեծավարի է»․ Արթուր Դանիելյան
49
Այսօր, 09:54

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռուս-գերմանական բանակցություններն արդեն մի քանի ամիս է, ինչ ընթանում են: Բանակցությունների հիմնական մասը (Ուկրաինային վերաբերող) անցել ու, ըստ երևույթին, հաջող ավարտվել է հենց Գերմանիայում: Ադրբեջանում նրանք քննարկել են Կովկասի դասավորվածությունը: Ալիևի պնդումն այն մասին, որ նա տեղյակ չէր, իհարկե, շատ երեխայական կռուտիտ ա, որի պատճառը, սակայն, շատ մեծավարի է: Ալիևը շատ լավ գիտի, որ Եվրոպայում նրան ագրեսոր ու էթնիկ զտում իրականացրած ռազմական հանցագործ չեն հռչակել միայն այն պատճառով, որ նա հետագայում չխանգարի ԵՄ դարպասները դեպի Մերձավոր Արևելք բացելուն: Իր խնդիրը նրանում է, որ նման «դաբրոներ» նա ստացել էր ոչ միայն ԵՄ-ից, այլ նաև՝ ԱՄՆ-ից ու Իսրայելից, իսկ վերջին երկուսի օրակարգը տրամագծորեն տարբերվում է ԵՄ-ից, ինչը հանգեցնելու է իր համար լուրջ խնդիրների: Խնդիրներ, որոնք Ալիևը փորձում է հետաձգել՝ պնդելով, որ նա տեղյակ չէր իր տարածքում անցկացվող ռուս-գերմանական բանակցություններից: Մակրոտնտեսական ցուցանիշները հուշում են, որ «Էպշտեյնի կոալիցիա» անվանումը ստացած ԱՄՆ-Իսրայել զույգին քցելու են ոչ միայն քրդերն ու պարսիկները (ի դեմս Ահմադինեժադի), այլ նաև՝ Ալիևը:
Ռուսներն ու եվրոպացիք դաշինք բանակցելու շատ հարուստ պատմություն ունեն, սակայն՝ բոլոր բանակցված դաշինքները միշտ տապալվել են ռուսական կողմի պատճառով: Նապոլեոնը Պավելի հետ է դաշինք կնքել, որը տապալվեց Պավելի սպանությամբ: Կայսեր Վիլհելմի հետ դաշինքը տապալեց Նիկոլայ Երկրորդը: Հիտլերի հետ դաշինքը տապալեց Ստալինը: Գորբաչովի ու Հելմուտ Քոլի դաշինքը տապալեցին Ելցինը, Կրավչուկն ու Շուշկևիչը: Այս վերջին դրվագի մասին շատ քիչ է խուսվում:
80-ականներին ամերիկյան մի քանի հատուկ գործուղության արդյունքում Սովետական Միության տնտեսությունը հայտնվել էր շատ ծանր վիճակում: Սաուդիտների միջոցով Ամերիկան մի կողմից Աֆղանստանում շատ ծանր կացության մեջ է գցում Սովետին, մյուս կողմից կտրուկ նվազեցնում է նավթի գինը՝ այն հասցնելով $9-ի: Չդիմանալով տնտեսական ճնշումներին՝ Սովետական համակարգը սկսում է ճաքեր տալ: Գորբաչովը փորձում է ԱՄՆ-ի հետ լեզու գտնել, սակայն, հասկանալով, որ վերջիններս չեն զիջելու, որոշում է ձիով քայլ անել: Նախ նա որոշում է զորքը դուրս բերել Աֆղանստանից, իսկ դրան զուգահեռ բանակցում է Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության ղեկավար Հելմուտ Քոլի հետ՝ Արևելյան Գերմանիան հանձնելու շուրջ:
ԱՄՆ-ն կտրականապես դեմ էր Գորբաչովի այս մտքին: Որպեսզի չվնասեն Գերմանիայի հետ հարաբերություններին, Բուշի աշխատակազմը Ֆրանսիայի և ՄԹ-ի շուրթերով սկսում են համոզել Սովետին, որ նրանք ոչ մի դեպքում չլքեն Արևելյան Գերմանիան: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտտերանը մի քանի անգամ դրա մասին բարձրաձայնում է, իսկ ՄԹ վարչապետ Թետչերը հրապարակավ ասել է՝ «մենք դեմ ենք Գերմանիայի վերամիավորմանը, Գերմանիան խաղաղությամբ կստանա այն, ինչ Հիտլերը չստացավ պատերազմով»: Գորբաչովի անձնական արխիվներում բազմաթիվ փաստաթղթեր արձանագրել են բրիտանական դիպլոմատների շարանը, որ փորձում էր Գորբաչովին համոզել չգնալ այդ քայլին:
Գերմանիայի վերամիավորման պատճառով ամերիկյան էլիտան Բուշին թույլ չի տալիս վերընտրվել երկրորդ ժամկետին՝ նրան փոխարինելով Քլինթոնով, իսկ Նոբելյան խաղաղության մրցանակը ստանում է հենց Գորբաչովը: Հասկանալով, որ Գերմանիայի վերամիավորումը դադարեցնել հնարավոր չէ, ամերիկացիք էլ քանդում են Սովետը: 1922-ին Սովետական Միությունը հիմնադրած Բելոռուսի, Ուկրաինայի ու Ռուսաստանի ղեկավարները՝ Ստանիսլավ Շուշկևիչը, Լեոնիդ Կրավչուկը և Բորիս Ելցինը, 1991-ին գաղտնի հավաքվում են Բելովեժյան թավուտում և որոշում, որ Սովետը էլ չկա:
Գերմանիան վերամիավորելու դիմաց Գորբաչովին բանավոր խոստացել էին, որ ՆԱՏՕ-ն չի ընդարձակվի դեպի արևելք, բայց քանի որ դա խոստացվել էր Սովետի ղեկավար Գորբաչովին, իսկ Սովետը ինքնալուծարվեց՝ լուծարելով նաև Գորբաչովի պաշտոնը ու կնքված դաշինքը, Գերմանիան որոշեց չկրկնել նախորդ երկու հարյուրամյակի սխալը:
Սխալը կայանում էր նրանում, որ եվրոպական առաջնորդները, դաշինք կնքելով Ռուսաստանի հետ, կենտրոնանում էին արևմտյան ճակատի վրա: Ռուսաստանն էլ ամեն անգամ արևմտյան ճակատից «կակա» էր ստանում ու գցում իր դաշնակիցներին՝ մեջքից հարվածելով: Ոչ Նապոլեոնի Ֆրանսիան, ոչ էլ Վիլհելմի ու Հիտլերի Գերմանիան երկու ճակատի վրա պայքարել չէին կարողանում: Պատճառը երկրորդ ճակատի խորքն էր: Նրանք առանց պրոբլեմ հասնում էին մինչև Մոսկվա, բայց Մոսկվայից հետո դեռ մի քանի հազար կիլոմետր տարածք կար գրավելու, որը անհնար էր անել՝ զուտ լոգիստիկ խնդիրների պատճառով: Ոչ 200 տարի առաջ, ոչ էլ հիմա չկա տեխնոլոգիա, որը կարող է հարձակվող բանակի մատակարարումը կազմակերպել նման խորքի պարագայում:
Ռուսաստանին ծնկի բերելու համար պետք է հասնեն Եկատերինբուրգ, իսկ դա 3 հազար կիլոմետր է, եթե սկսում ես պայմանական Վարշավայից: Բայց եթե հարձակման մեկնարկը Սմոլենսկից է, դա մատակարարման շղթան կրճատում է հազար կիլոմետրով: Հենց սրա համար էր Գերմանիային պետք ՆԱՏՕ-ն ընդլայնել մինչև Սմոլենսկ: Ոչ թե ՌԴ-ն գրավելու, այլ դրա սպառնալիքը ունենալու համար, որ ռուսները նորից չգցեն, որ վախենան, որ հաջորդ անգամ Ստալինգրադը կընկնի, հետն էլ՝ Կովկասը, որ ռուսները իմանան, որ հաջորդ անգամ ուկրաինական պարտիզանները լոգիստիկ շղթայի համը չեն հանի: Սրա մասին էր Ուկրաինական պատերազմը:
Հիմա լիքը կոնսպիրլոգիաներ է ֆռում էն մասին, որ Պուտինը Թրամփի հետ ա խաղում, որ հրեաները ռուսների հետ աշխարհ են կիսում և այլն: Իրականում եթե կոնսպիրոլոգիա եք ուզում, ապա, գերմաներեն մաքուր խոսացող ու այնտեղ տարիներ աշխատած, Պուտինը հաստատ ավելի հեշտ լեզու կգտնի գերմանացիքի հետ, քան ցանկացած այլ բևեռի: Վերջը Շրյոդերը հո իմ ընկերը չի, իրա ընկերն ա...
Իրականում ոչ մի կոնսպիրլոգիա էլ չկա: Կա իրավիճակ և այդ իրավիճակը ունի օրինաչափություն՝ տնտեսական, պատմական, քաղաքական... օրինաչափություն»:

Աղբյուրը`   Արթուր Դանիելյան