Չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Մարիոթ»-ում հայտնաբերված վտանգավոր սննդի համար՝ անպատժելիություն․ «Ժողովուրդ»

«Մարիոթ»-ում հայտնաբերված վտանգավոր սննդի համար՝ անպատժելիություն․ «Ժողովուրդ»
45
Այսօր, 08:48

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելությունից հետո 12 մարդու հիվանդանոց դիմելու պատմությունը, կարծես, պետք է ավարտվեր ոչ թե Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մեկ հաղորդագրությամբ, այլ՝ իրավական պատժով։ Բայց՝ ոչ։

Հուլիսի 14-ին Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելությունից հետո մի շարք մասնակիցներ դիմել էին բժշկական օգնության՝ «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ։
Դեսպանատան հյուրասիրությունը կազմակերպել էր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը։ Սակայն պատմության ամենաուշագրավ հատվածը սկսվում է այն պահից, երբ պետական մարմինը հրապարակում է լաբորատոր արդյունքները։

«Մարիոթի» խոհանոցում՝ վտանգավոր սնունդ։

Տեսչական մարմնի ստուգմամբ՝ «Արմենիա Հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ի խոհանոցում վերցված նմուշներից անհամապատասխանություն է արձանագրվել երկու արտադրատեսակի դեպքում։

«Ֆուդ Ռեփաբլիկ» ՍՊԸ-ի արտադրած ապխտած իշխանի ֆիլեն չի համապատասխանել «ՄԱՖԱնՄՔ»՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէների, ինչպես նաև ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէների ցուցանիշներով։ Մյուս կողմից՝ «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի հավի ֆիլեն չի համապատասխանել «ախտածին սալմոնելաներ» ցուցանիշով։

Տեսչական մարմինը կարգադրագրեր է տվել այդ խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու և ոչնչացնելու կամ օգտահանելու վերաբերյալ։

Խոհանոցում, ըստ նույն պաշտոնական հաղորդագրության, հայտնաբերվել է նաև ժամկետանց սնունդ՝ «Պանո» տոստի հաց, «Պանո» լոշիկ, հաճարի ալյուր, ինչպես նաև պիտանիության ժամկետ չունեցող պարմայի հաց։ Հայտնաբերված վտանգավոր սնունդը տեղում ոչնչացվել է։

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ ստուգման ժամանակ վերցված «Արաքս Թռչնաֆաբրիկա»-ի հավի ֆիլեն արտադրվել է 2026 թվականի հուլիսի 24-ին։ Մինչդեռ ընդունելությունը, որից հետո մարդիկ հիվանդացել են, տեղի է ունեցել հուլիսի 14-ին։

Այսինքն՝ եթե ամսաթիվը տպագրական սխալ չէ, ապա առաջանում է տարրական ժամանակագրական հարց․ ինչպե՞ս կարող էր հուլիսի 24-ին արտադրված հավի մթերքը պատճառ հանդիսանալ հուլիսի 14-ին տեղի ունեցած ընդունելության մասնակիցների հիվանդացմանը։

Սա արդեն ոչ թե լրագրողի, այլ հենց վերահսկող պետական մարմնի պարզաբանման հարցն է, որը չի արել Սննդամթերքի տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը։

Շարքային քաղաքացին պատժվում է, խոշորը՝ ոչ։

Եթե հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք և սննդի անվտանգության պահանջների խախտումներ, ապա ո՞վ է պատասխանատվության ենթարկվել։ Պաշտոնական աղբյուրները լռում են. չկա պատիժ։
Իսկ նմանատիպ այլ իրավիճակներում իրավապահները փութաջանորեն են գործում»:

Մանրամասները՝ թերթի համարում: