Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» կտավը ստեղծումից ավելի քան 130 տարի անց առաջին անգամ ցուցադրվում է Հայաստանում։ 1894 թվականին ստեղծված աշխատանքը Երևան է տեղափոխվել Ղազախստանի Աբիլխան Կաստեևի անվան արվեստի ազգային թանգարանից՝ բացառիկ փոխառությամբ։
Կտավը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայացվում է «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսի շրջանակում։ Ցուցադրության կենտրոնում Սուրենյանցի արվեստն է, սակայն թեման ավելի լայն է՝ մարդը, նրա արժանապատվությունը, կորստի հիշողությունը և հումանիզմը։
«Լքյալը»-ի՝ Հայաստան հասնելու ճանապարհը երկար պատմություն ունի։ Կտավը Սուրենյանցն ստեղծել է 1894 թվականին, իսկ առաջին ցուցադրությունից հետո այն հայտնվել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստական շրջանակներին մոտ կանգնած կոմս Ալեքսեյ Բոբրինսկու մասնավոր հավաքածուում։
1917 թվականի հեղափոխությունից հետո կտավը, ինչպես այդ տարիներին ազգայնացված բազմաթիվ արվեստի գործեր, անցել է պետական սեփականության և հայտնվել Ռուսական արվեստի թանգարանում։ Հետագայում՝ 1930-ականներին, խորհրդային տարիների թանգարանային հավաքածուների վերաբաշխման գործընթացի շրջանակում, Սուրենյանցի ստեղծագործությունը փոխանցվել է Ղազախստանի պետական արվեստի թանգարանին։
Այդպես «Լքյալը» հայտնվել է Ղազախստանում և տասնամյակներ շարունակ մնացել այնտեղի թանգարանային հավաքածուում։ Հետագայում այն դարձել է Աբիլխան Կաստեևի անվան արվեստի ազգային թանգարանի մշտական ցուցադրության կարևոր աշխատանքներից մեկը։ Կտավը թանգարանի համար այնքան նշանակալի է եղել, որ երկար տարիներ այն ցուցադրվել է մշտական ցուցադրության կազմում։
Հայաստան տեղափոխելու համար անհրաժեշտ է եղել երկարատև բանակցությունների և կազմակերպչական աշխատանքի արդյունքում ստանալ ղազախական կողմի համաձայնությունը։ Արդյունքում «Լքյալը» ժամանակավորապես լքել է իր մշտական ցուցադրության վայրը և առաջին անգամ հասել Հայաստան։
Երևանում կտավը ներկայացվում է Սուրենյանցի երկու այլ խոշոր ստեղծագործությունների կողքին։ Առաջին անգամ մեկ ցուցադրական տարածքում միավորվել են «Լքյալը»՝ 1894 թվականի, «Ոտնահարված սրբություն»՝ 1895 թվականի և «Ջարդից հետո»՝ 1898 թվականի աշխատանքները։ Երեք կտավները միասին հնարավորություն են տալիս ավելի ամբողջական պատկերացում կազմել Սուրենյանցի ստեղծագործական աշխարհայացքի և պատմական ողբերգություններին նրա արձագանքի մասին։
Ցուցադրության ուշագրավ մասերից է նաև Սևանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցու պատմական փայտե դուռը։ Այն հենց այն դուռն է, որը պատկերված է «Լքյալը» կտավում։ Այսպիսով, այցելուն հնարավորություն ունի նույն ցուցադրության մեջ տեսնելու և՛ կտավը, և՛ դրա վրա պատկերված իրական պատմական դուռը։
Սուրենյանցի «Լքյալը» ստեղծվել է հայ ժողովրդի համար ծանր պատմական ժամանակաշրջանի համատեքստում։ Կտավում պատկերված է եկեղեցու մուտքի մոտ միայնակ մնացած ոտաբոբիկ աղջիկ։ Նկարի մթնոլորտը փոխանցում է կորստի, ավերածության և լքվածության զգացումը։
Ցուցադրությանը ներկայացված են նաև Փանոս Թերլեմեզյանի, Սարգիս Խաչատուրյանի, Ժիրայր Օրագյանի, Մարիամ Ասլամազյանի, Արմինե Կալենցի և այլ արվեստագետների աշխատանքներ։ Դրանք լրացնում են ցուցահանդեսի հիմնական գաղափարը՝ ներկայացնելով հայկական արվեստում մարդասիրական մտածողության տարբեր դրսևորումներ։
«Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում կգործի մինչև 2027 թվականի փետրվարի 27-ը։


«Արցախի դեմ պատերազմը պետք է դիտարկել նաև որպես ինքնության ոչնչացման քաղաքականություն»․ Հովիկ Ավանեսով (լուսանկար)
117Երեկ, 14:00
«Կոնսերվատորիայի պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները». Վարդան Հակոբյան
17407.10.2026, 22:48
«Հայաստանի հանրային հեռուստաընկերության» գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի են ենթարկվել
27207.10.2026, 00:00
Թբիլիսիի կենտրոնում հայտնաբերվել են հայերեն արձանագրությամբ պատմական քարեր (լուսանկար)
28006.10.2026, 19:48
«Դավիթ Բաբայանն իր վերջին նամակում ինձ գրել էր, որ ինքը պարտավոր է գնալ թշնամու մոտ». Նաիրի Հոխիկյան
36506.10.2026, 01:12
Ոսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվի՝ 22 երկրի ներկայացուցչի մասնակցությամբ
31505.10.2026, 21:24
«Սանահինի կամուրջն է. քար առ քար մեր պատմությունը քանդվում է». Լևոն Ջավախյան
37504.10.2026, 22:12
«Տասնյակ միլիոնավոր դոլարների ծախս ընդդեմ եկեղեցու, իսկ Սպիտակ տան ներկայացուցիչն շտապում է Սուրբ Էջմիածին». Վահագն Ավագյան
36804.10.2026, 21:24