Հինգշաբթի, 08 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

««Աղոթքի նախաճաշին» Առաքելական Եկեղեցու մասնակցությունը մի կարևոր հարց է առաջ բերել»․ Սամվել դպիր Գրիգորյան

««Աղոթքի նախաճաշին» Առաքելական Եկեղեցու մասնակցությունը մի կարևոր հարց է առաջ բերել»․ Սամվել դպիր Գրիգորյան
35
Այսօր, 02:06

Սամվել դպիր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««ԱՂՈԹՔԻ ՆԱԽԱՃԱՇ»․ ՀԱՄԱՏԵՂ ԱՂՈԹՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ. Ի՞ՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ՈՒ ՀԱՅՈՑ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ
Վերջին օրերին Հայաստանում անցկացված «Աղոթքի նախաճաշին» մեր Առաքելական Եկեղեցու մասնակցությունը հավատացյալների շրջանում բնականորեն մի կարևոր հարց է առաջ բերել։
Միջոցառման ձևաչափը ներկայացնելիս պաշտոնապես ասվել է, որ այն հնարավորություն է տալիս մարդկանց միասին գալ և աղոթել՝ անկախ իրենց հավատքից կամ դավանական պատկանելությունից։ Պաշտոնական հաղորդագրությունն ընդհանրապես միջոցառումը ներկայացնում է որպես տարբեր դավանական և կրոնական շրջանակների ներկայացուցիչների հարթակ։
Առաջին հայացքից սա կարող է թվալ խաղաղության, փոխադարձ հարգանքի և միասնության գեղեցիկ արտահայտություն։ Սակայն քրիստոնեական տեսանկյունից այստեղ առաջանում է սկզբունքային հարց․
ԿԱՐՈ՞Ղ Է ԱՂՈԹԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՌՈՒՑՎԵԼ՝ ԱՆԿԱԽ ՀԱՎԱՏՔԻՑ և ԴԱՎԱՆԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԻՑ։
Այս հարցին արժե պատասխանել՝ դիմելով Սուրբ Գրքին և Եկեղեցու կանոնական ավանդությանը։
Եկե՛ք քննենք․
ՍՈՒՐԲ ԳԻՐՔԸ ՀԱՎԱՏՔԻ ԵՎ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ
1․ Սուրբ Պողոս առաքյալը զգուշացնում է.
«Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ ճանաչեք այնպիսիներին, որոնք ձեր սովորած վարդապետությունից դուրս հերձված ու գայթակղություն են առաջ բերում։ Հեռո՛ւ մնացեք նրանցից» (Հռոմ. 16։17)։
Ուշագրավ է առաքելական խոսքի չափանիշը՝ «ձեր սովորած վարդապետությունից դուրս»։ Այսինքն՝ քրիստոնեական միության հիմքը պարզապես Աստծո անունը հիշատակելը կամ աղոթելու պատրաստակամությունը չէ։ Միությունը կապված է նաև ընդունված հավատքի, դավանանքի ու վարդապետության հետ։
2․ Մեկ այլ թղթում Պողոս առաքյալը կարևորում է ճշմարիտ վարդապետությանը հետևելը․
«Այս խրատները տալով եղբայրներին՝ Քրիստոս Հիսուսի մի բարի սպասավոր կլինես՝ սնված հավատի խոսքերով և այն բարի վարդապետությամբ, որին հետևող եղար» (Ա Տիմ. 4։6)։
3․ Իսկ Հովհաննես առաքյալն արդեն չափազանց որոշակի սահման է դնում Քրիստոսի վարդապետության մեջ մնալու և դրանից հեռանալու միջև.
«Ամեն ոք, ով առաջ է անցնում և չի մնում Քրիստոսի վարդապետության մեջ, չի ճանաչում Աստծուն։ Իսկ ով մնում է վարդապետության մեջ, նա ընդունում է և՛ Որդուն, և՛ Հորը» (Բ Հովհ. 9)։
Այս առաքելական վկայությունների տրամաբանությունը նույն ուղղությունն ունի. քրիստոնեական սերը չի նշանակում դավանական անտարբերություն և անփութություն, իսկ հոգևոր հաղորդակցությունը չի կարող կառուցվել Քրիստոսի վարդապետության նկատմամբ անտարբերության վրա։
Ուրեմն Սուրբ Գրքի համար սերը չի վերացնում ճշմարտության սահմանները, իսկ քրիստոնեական միությունը չի կառուցվում դավանական տարբերությունները անտեսելու ճանապարհով։
Ի՞ՆՉ Է ԱՍՈՒՄ «ԿԱՆՈՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ»-Ը
Հայոց կանոնական ավանդությունն այս հարցում շատ հստակ ձևակերպումներ է պահպանել։
1․ «Կանոնք երկրորդ Նիկիականք զոր եդին ՅԺԸ եպիսկոպոսքն կրկնաբանելով կարճ ի կարճոյ» կանոնախմբի Կ կանոնն ասում է.
«Ոչ է պարտ ընդ հերետիկոսս ճաշել կամ աղաւթել կամ աւրհնութիւն առնուլ ի նոցանէ»։ Այսինքն՝ «Պետք չէ հերետիկոսների հետ ճաշել կամ աղոթել կամ նրանցից օրհնություն ստանալ»։
2․ Նույն կանոնախմբի ՁԴ կանոնն առավել ուղղակի սահմանում է.
«Ոչ է պարտ հերետիկոսաց ընդ մեզ յաղաւթս կալ»։
Այսինքն՝ «Պետք չէ, որ հերետիկոսները մեզ հետ աղոթքի կանգնեն»։
3․ Իսկ ԿԳ կանոնը հիշատակում է նաև հերձվածողներին.
«Ոչ է պարտ աւրհնել ընդ Հրէայս կամ ընդ հերձուածողս կամ ընդ հեթանոսս, եւ ոչ տաւնական ընծայս առնուլ»։
Այսինքն՝ «Պետք չէ հրեաների, հերձվածողների կամ հեթանոսների հետ օրհնել և ոչ էլ տոնական ընծաներ ընդունել»։
Այս կանոնները կարդալիս հարկ չկա այսօր որևէ կոնկրետ մարդու վրա «հերետիկոս» պիտակ փակցնել։ Կարևորը դրանց արտահայտած կանոնական սկզբունքն է․ Եկեղեցու համար աղոթական միությունը չի կարող անջատվել հավատքի և դավանության միությունից։
ՍԵՐԸ ՄԻ ԲԱՆ Է, ԱՂՈԹԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԵԿ ԱՅԼ ԲԱՆ
Այստեղ անհրաժեշտ է շատ կարևոր տարբերակում կատարել։
Համատեղ աղոթքը պարզապես նույն վայրում գտնվել չէ․ այն հոգևոր հաղորդակցության գործողություն է։ Այդ պատճառով տարբեր կամ միմյանց հակասող դավանություններ ունեցող մարդկանց ընդհանուր աղոթական միությունը ՉԻ ԿԱՐՈՂ ներկայացվել այնպես, կարծես հավատքի ու վարդապետության տարբերությունները տվյալ պահին նշանակություն չունեն։
Այլ հավատք կամ դավանանք կրող մարդու նկատմամբ սեր և հարգանք ցուցաբերելը, նրա հետ հանդիպելը, զրուցելը, խաղաղության, բարեգործության կամ հասարակական բարիքի համար համագործակցելը մի բան է։
Տարբեր կրոնների հետևորդների կամ միմյանց հակասող դավանական ուսմունքներ ունեցող մարդկանց մեկ ընդհանուր աղոթական միության մեջ միավորելը՝ մեկ այլ բան։
Քրիստոնեական սերը ՉԻ ենթադրում դավանական անտարբերություն։
Հանդուրժողականությունը ՉԻ նշանակում, թե ճշմարտության և մոլորության միջև տարբերությունը վերացել է։
Իսկ երկխոսությունը պարտադիր ՉԷ վերածել աղոթական միության։
ԻՆՉՈ՞Ւ Է ՍԱ ՆԱԵՎ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ
Խնդիրը միայն կանոնի տառը չէ։
Երբ հավատացյալը տեսնում է, որ տարբեր և երբեմն միմյանց հակասող ուսմունքներ դավանող կրոնական առաջնորդներ ներկայացվում են որպես մեկ ընդհանուր աղոթական միություն, նրա առջև բնական հարց է առաջանում.
Եթե հավատքի և դավանության տարբերությունն աղոթքի պահին նշանակություն չունի, ապա ԻՆՉՈւ՞ այն պիտի նշանակություն ունենա ընդհանրապես։
ԱՂՈԹՔԸ պարզապես հասարակական համերաշխության ժեստ չէ․ այն մեզ համար ուղղափառ հավատքի արտահայտություն է և կենդանի հաղորդակցություն Աստծո հետ, հետևաբար՝ սրբազան հոգևոր իրողություն։
ԱՂՈԹՔԸ Եկեղեցու աստվածպաշտական ու բարեպաշտական կյանքի կենտրոնական իրողություններից է, այլ ոչ թե քաղաքացիական-հասարակական միասնության ցուցադրման միջոց:
Ստեղծվում է տպավորություն, թե դավանաբանական տարբերությունները, Սուրբ Ավանդությունը և Տիեզերական Ժողովների սահմանումները երկրորդական են, իսկ «կարևորը միասին Աստծուն դիմելն է»։ Սա հակասում է Սուրբ Գրքից և Եկեղեցու կանոնական ավանդությունից արտահայտվող այն սկզբունքին, որ աղոթական հաղորդակցությունը ՉԻ ԿԱՐՈՂ անջատվել դավանական ճշմարտությունից։
Եթե հնարավոր է միասին աղոթել՝ «անկախ հավատքից կամ դավանական պատկանելությունից», ապա ԻՆՉՊԵ՞Ս պիտի սովորական հավատացյալը հասկանա, թե ԻՆՉՈւ է Եկեղեցին դարերով պաշտպանել իր դավանությունը, պայքարել հերձվածների ու մոլորությունների դեմ և երբեմն նույնիսկ ծանր զոհողությունների գնով պահպանել հավատքի անաղարտությունն ու նրա սահմանները։
Այստեղ է գայթակղության իրական վտանգը։
Կարող է լղոզվել սահմանը եղբայրասիրության և դավանական անտարբերության, երկխոսության և աղոթական հաղորդակցության, մարդուն սիրելու և նրա դավանած յուրաքանչյուր ուսմունքը հավասարապես ընդունելի համարելու միջև։
Նման համատեղ աղոթքին մասնակցությունը կարող է գայթակղության պատճառ դառնալ հավատացյալների համար, իսկ այլադավանների ու այլակրոնների համար՝ կեղծ նշան, թե վարդապետական կամ կրոնական տարբերությունները աղոթական հաղորդակցության համար էական նշանակություն չունեն։
Սուրբ Գիրքը մեզ այդ ճանապարհով չի առաջնորդում։
Առաքյալն ասում է ՈՉ ԹԵ՝ անտեսեք վարդապետական տարբերությունները հանուն արտաքին միասնության, այլ զգուշացնում է նրանց մասին, ովքեր «ձեր սովորած վարդապետությունից դուրս հերձված ու գայթակղություն են առաջ բերում»։
Իսկ Հայոց Կանոնագիրքը պարզապես ընդհանուր զգուշություն ՉԻ հայտնում, այլ ասում է շատ որոշակի՝ «Ոչ է պարտ... աղաւթել», և՝ «Ոչ է պարտ... ընդ մեզ յաղաւթս կալ»։
ԽՆԴԻՐԸ ՄԱՐԴԿԱՆՑ ԴԱՏԵԼԸ ՉԷ
Այս ամենը որևէ անձի դատապարտելու կամ այլ դավանանքի մարդկանց նկատմամբ թշնամանք սերմանելու մասին չէ։
Ընդհակառակը՝ քրիստոնյան պարտավոր է սիրով և հարգանքով վերաբերվել յուրաքանչյուր մարդու։
Բայց մարդուն սիրելը և նրա հետ աղոթական միություն կազմելը ՆՈՒՅՆ ԲԱՆԸ ՉԵՆ։
Ճշմարիտ սերը չի նշանակում համակերպվել վարդապետական կամ կրոնական մոլորությունների հետ կամ ընդունել դրանք։
Կարելի է հարգել բոլորին։
Կարելի է երկխոսել բոլորի հետ։
Կարելի է համագործակցել ընդհանուր բարիքի համար։
Բայց քրիստոնեական սերը չի պահանջում հավատքի սահմանների վերացում, իսկ քրիստոնեական միությունը չի կառուցվում ճշմարտությունը լռության մատնելով։
ՈւՍՏԻ ՀԱՐՑԸ ՄՆՈւՄ Է ոչ թե՝ ո՞վ մասնակցեց կամ ո՞վ չմասնակցեց, այլ շատ ավելի սկզբունքային.
Կարո՞ղ ենք «միասին աղոթել՝ անկախ հավատքից կամ դավանական պատկանելությունից», երբ Սուրբ Գիրքն ու Եկեղեցու կանոնական ավանդությունը մեզ այլ սահմաններ են փոխանցել։
Այս հարցին մենք պետք է պատասխանենք ոչ թե ժամանակի ոգուն հարմարվելով, այլ այն ուղղափառ հավատքով, որն ստացել ենք մեր Սուրբ Եկեղեցու Հայրերից և պարտավոր ենք այն անաղարտ պահել և փոխանցել հաջորդ սերունդներին։
ԻՍԿ Ի՞ՆՉ ԱՆԻ ՀԱՎԱՏԱՑՅԱԼԸ, ՈՐ ՉԳԱՅԹԱԿՂՎԻ
Հավատացյալը չպետք է ո՛չ գայթակղվի, ո՛չ հուսահատվի, ո՛չ էլ շտապի մարդկանց դատապարտել։ Եկեղեցու Սուրբ Հայրերի ուղղափառ վարդապետությունը մեզ այլ ճանապարհ է ցույց տալիս․
1․ Աղոթել Եկեղեցու հովիվների և առաջնորդների համար, որպեսզի Տերը նրանց իմաստություն, հոգևոր արիություն և ուղղափառ հավատքը անաղարտ պահպանելու զորություն պարգևի։
2․ Ամուր մնալ Եկեղեցուց ստացած հավատքի և Քրիստոսի ճշմարտության մեջ՝ Սուրբ Գրքով և Եկեղեցու ուղղափառ վարդապետությամբ փոխանցված։
3․ Պահպանել սեփական աղոթական և եկեղեցական կյանքը՝ մասնակցել Սուրբ Պատարագին, ապաշխարել, հաղորդվել պատշաճ պատրաստությամբ և աղոթքով խնդրել Աստծուց զանազանելու շնորհ»: