«Որտե՞ղ են նույնքան մեծ վերնագրերը, երբ ուսուցիչը միջազգային մրցույթում աշակերտի հետ հաղթանակ է գրանցում». Հայկուհի Հովհաննիսյան

Ուսուցչուհի Հայկուհի Հովհաննիսյանը գրել է. «Վարդաձորում տեղի ունեցածը սարսափելի էր։ Երկրորդ դասարանի երեխայի նկատմամբ բռնությունը ոչ մի արդարացում չունի։ Դա պետք է դատապարտվի, և երեխաների անվտանգությունը երբեք չպետք է դառնա լռության թեմա։
Բայց ինձ այս պատմության մեջ մեկ այլ բան էլ է անհանգստացնում՝ ինչ արագությամբ է մեր հասարակությունը որոշում, թե ինչն է արժանի՝ դառնալու հանրային իրադարձություն։
Մի ուսուցիչ դաժանություն է ցուցաբերում՝ և մի քանի ժամում այն հայտնվում է ամենուր։ Տեսանյութեր, վերնագրեր, քննարկումներ, երկար հարցազրույցներ, մեկնաբանություններ։ Նույնը՝ ցանկացած սկանդալային, անբարո կամ ողբերգական պատմության դեպքում։ Երբեմն նույնիսկ որևէ բլոգերի ինքնասպանության դեպքը դարձնում ենք օրերի գլխավոր քննարկման նյութ՝ մանրամասնորեն տարածելով այն ամենը, ինչը մարդկանց ցնցում է։
Բայց հարցն այն է՝ ի՞նչն ենք մենք նույն ուժգնությամբ դարձնում հանրային օրակարգ։
Որտե՞ղ են նույնքան մեծ վերնագրերը, երբ ուսուցիչը միջազգային մրցույթում աշակերտի հետ հաղթանակ է գրանցում։
Որտե՞ղ են երկար քննարկումները, երբ ուսուցիչը նոր մեթոդ է ներդնում, հետազոտություն է իրականացնում, երեխայի մտածողությունն է զարգացնում, կրթական նորարարություն է ստեղծում։
Որտե՞ղ է այն ուսուցիչը, որը տարիներով, հաճախ առանց որևէ հանրային ճանաչման, իր ժամանակը, էներգիան ու նույնիսկ սեփական միջոցներն է ներդնում երեխաների կրթության մեջ։
Միջազգային կրթական չափանիշներում ուսուցչի մասնագիտությունը ձևավորվում է ոչ միայն նրա պարտականությունների ցանկով, այլ նաև մասնագիտական աշխատանքի ճանաչմամբ, որակով, զարգացման մշակույթով և հասարակական արժևորմամբ։
Մենք էլ ենք ասում, որ ուզում ենք միջազգային չափանիշների կրթություն։
Բայց միջազգային չափանիշը միայն նոր դասագիրքը, նոր մեթոդը կամ նոր տեխնոլոգիան չէ։
Միջազգային չափանիշ է նաև այն, թե հասարակությունն ինչպիսի ուսուցչի է տեսանելի դարձնում։
Եթե մենք անընդհատ տարածում ենք սկանդալը, բռնությունը, դաժանությունը, անհաջողությունը, իսկ ուսուցչի մասնագիտական ձեռքբերումը մնում է մի քանի գործընկերների շրջանակում, ապա մենք ինքներս ենք ձևավորում ուսուցչի մասին հանրային պատկեր։
Եվ այստեղ ամենացավալին սա է.
Այսօր հազարավոր կրթության նվիրյալներ այնպիսի աշխատանք են անում, որ նրանցից շատերին անգամ կրթության ոլորտում աշխատող մարդիկ անունով ու դեմքով չեն ճանաչում։
Նրանք չեն հայտնվում լրատվականների վերնագրերում։
Նրանց մասին երկար հարցազրույցներ չեն լինում։
Նրանց աշխատանքի տեսանյութերը չեն տարածվում հազարավոր անգամներ։
Նրանք պարզապես ամեն օր մտնում են դասարան և անում են իրենց գործը։
Եվ գուցե հենց սա է մեր ամենամեծ անհավասարակշռությունը։
Մենք շատ արագ ենք հանրային ուշադրության արժանացնում այն, ինչը ցնցում է, բայց շատ դանդաղ՝ այն, ինչը կառուցում է։
Սկանդալը մի քանի ժամում կարող է դառնալ հանրային օրակարգ։
Իսկ կրթության մեջ մի լավ բան կառուցելու համար երբեմն տարիներ են պետք։
Եթե իսկապես ուզում ենք ունենալ արժանապատիվ, ուժեղ, միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն, պետք է փոխենք նաև մեր հանրային ուշադրության չափանիշը։
Եկեք ոչ միայն տարածենք այն, ինչից ամաչում ենք։
Տարածենք նաև այն, ինչով կարող ենք հպարտանալ։
Որովհետև մասնագիտությունները միայն իրենց ներկայացուցիչների աշխատանքով չեն ձևավորվում։
Դրանք ձևավորվում են նաև հասարակության հայացքով։
Եվ ինձ համար այսօր ամենադառն այն է, որ մենք շատ լավ գիտենք՝ ով է սխալվել։
Բայց հաճախ չգիտենք՝ ով է ամեն օր սխրանգ գործում»։

«Որտե՞ղ են նույնքան մեծ վերնագրերը, երբ ուսուցիչը միջազգային մրցույթում աշակերտի հետ հաղթանակ է գրանցում». Հայկուհի Հովհաննիսյան
5222:54
Ուսանողների բողոքի ցույցեր Ֆրանսիայում. Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել
445Երեկ, 20:36
«Պահանջում եմ սույն կնոջը զրկել մանկավարժական գործունեություն իրականացնելու իրավունքից»․ Լիլիթ Ստեփանյան (տեսանյութ)
205Երեկ, 15:24
«Մենք ուսուցիչ-արժեք գիտակցող ու հարգող հանրություն չենք»․ Հակոբ Բադալյան
29805.10.2026, 16:24
«Կրթության ոլորտի ղեկավարներն աշակերտների մեջ սերմանում են կապիտուլյանտական «Իրական Հայաստանի» գաղափարներ»․ Ոսկան Սարգսյան
30505.10.2026, 13:12
«Վստահ ենք, որ հայ ուսուցիչը կդիմադրի այն կառավարությանը, որը ցանկանում է գնալ նվաստացուցիչ զիջումների»․ «Ուժեղ Հայաստան»
27305.10.2026, 11:12
«Թիրախավորվում են ազգային արժեքները, խմբագրվում է պատմությունը»․ Գառնիկ Դանիելյան
27205.10.2026, 10:48
«Աշխարհը փոխվում է մեծ արագությամբ, և ուսուցչի առաքելությունն ավելի պատասխանատու է դառնում». Ժաննա Անդրեասյան
21105.10.2026, 09:36