«Երբ քաղաքական դաշտը դատարկվում է, իշխանությունը ստանում է ավելի շատ մանդատներ, իսկ պետությունը՝ ավելի քիչ ժողովրդավարություն». Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր»-ի անդամ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 21 համայնքում ՏԻՄ ընտրություններ էին։ Դրանցից հինգում՝ Արմավիրում, Ախուրյանում, Վարդենիսում, Գառնիում և Վայքում, ընտրողին առաջարկված էր ընդամենը մեկ կուսակցական ցուցակ՝ «Քաղաքացիական պայմանագիր»։
Հիմա՝ այդ «հաղթանակի» թվաբանությունը։
Արմավիրում մասնակցությունը կազմել է 36.73%։ ՔՊ-ն ստացել է 13,395 ձայն՝ մասնակիցների 96.07%-ը, բայց ընտրացուցակում ընդգրկված քաղաքացիների ընդամենը 35.29%-ը։
Ախուրյանում՝ 47.06% մասնակցություն, ՔՊ-ին՝ 10,838 ձայն։ Հրապարակվող 92.34% արդյունքի հետևում ամբողջ ընտրացուցակի 43.45%-ի աջակցությունն է։
Վարդենիսում՝ 41.33% մասնակցություն, 9,530 ձայն։ ՔՊ-ի 93.78%-ը ամբողջ ընտրացուցակի նկատմամբ դառնում է 38.76%։
Գառնիում՝ 37.19% մասնակցություն, 3,235 ձայն։ Հաղթական 94.23%-ի իրական հարաբերակցությունը գրանցված ընտրողների թվին՝ 35.05%։
Վայքում պատկերը փոքր-ինչ այլ է։ Մասնակցել է 52.39%-ը, ՔՊ-ն ստացել է 4,186 ձայն՝ ամբողջ ընտրացուցակի 50.35%-ը։ Այստեղ մեծամասնության չմասնակցելու մասին պնդումը ճիշտ չէր լինի։ Բայց մրցակից ցուցակ այստեղ նույնպես չկար։
Այս հինգ համայնքներում միասին՝ 105,034 գրանցված ընտրող և ՔՊ-ին տրված 41,184 ձայն։ Այսինքն, ընտրացուցակների ընդհանուր թվի նկատմամբ՝ 39.21% աջակցություն։
Չմասնակցած յուրաքանչյուր քաղաքացու ընդդիմադիր հայտարարելն անազնիվ կլիներ։ Բայց նույնքան անազնիվ է մրցակցությունից զրկված քվեարկության 92–96 տոկոսները ներկայացնել՝ որպես համաժողովրդական վստահության վկայություն։
Իրականում սա «ջախջախիչ հաղթանակի» քաղաքական լեգիտիմության կասկածելիության գնահատականն է, քանի որ ընտրական արձանագրությունը կարող է հաստատել իշխանության պաշտոնավարումը, բայց չի կարող ստեղծել այն մրցակցությունը, որը քվեաթերթիկից բացակայում էր։
Ինչո՞ւ ընդդիմության մասնակցությունն այսքան սահմանափակվեց։
Ֆինանսական միջոցների սղությունը, տեղական կառույցների թուլությունը, թեկնածուներ հավաքագրելու և ընտրողին հասնելու դժվարությունները իրական խնդիրներ են։ Ընդդիմությունն իր կազմակերպչական բացթողումների պատասխանատվությունից ազատված չէ։ Սակայն այս պատկերը միայն ռեսուրսների պակասով բացատրելը նշանակում է շրջանցել գլխավոր քաղաքական հարցը՝ ինչ գնով է այսօր հնարավոր ընդդիմադիր մասնակցությունը։
Որոշ կուսակցություններ, օրինակ՝ ՀՅԴ-ն և «Ապրելու երկիր»-ը, հաղորդել են իրենց թեկնածուների, նրանց հարազատների ու աշխատավայրերի նկատմամբ ճնշումների մասին։ «Անկախ դիտորդն» էլ իր երկարաժամկետ դիտարկման մեջ արձանագրել է ընդդիմադիր թեկնածուների և աջակիցների նկատմամբ ճնշման դեպքեր ու վարչական ռեսուրսի չարաշահման խնդիրներ։ Ստեփանավանում ընտրություններից օրեր առաջ նույն գործով ձերբակալվել է 24 անձ, այդ թվում՝ ընդդիմադիր համայնքապետի թեկնածուն։ Իրավապահների վարկածն ընտրակաշառքն է, ընդդիմության գնահատականը՝ քաղաքական կաշկանդումը։
Մեղավորությունն ու հետապնդման իրավաչափությունը պետք է որոշվեն ապացույցներով, ոչ քաղաքական համակրանքով։ Բայց այդ գործողությունների ազդեցությունն ընտրական միջավայրի վրա չի կարելի պարզապես չտեսնել։
Մեր քաղաքական գնահատմամբ՝ խնդրի ծանրության կենտրոնը հենց այստեղ է։ Երբ ընդդիմադիր քաղաքական ուժի թեկնածուն պետք է հաշվարկի ոչ միայն պարտվելու, այլև իր ազատության, աշխատանքի և ընտանիքի բարեկեցության հնարավոր կորուստը, ընտրություններին մասնակցելը քաղաքացիական իրավունքից վեր է ածվում անձնական արկածախնդրության նմանվող որոշման։ Պարտադիր չէ ճնշել բոլորին, քանի որ մի քանի տեսանելի դեպքը կարող է լռեցնել ու կաշկանդել շատերին։
Իշխանությունը խոստանում է ստուգել ճնշումների ահազանգերը։ Այդ խոստման արժեքը չափվում է իրապես անկախ քննությամբ ու պատասխանատվությամբ, այլ ոչ թե՝ վարչապետին նամակ գրելու հնարավորությամբ։
Հակառակորդի բացակայությունը դեռ սեփական ուժի ապացույց չէ։ Երբ քաղաքական դաշտը դատարկվում է, իշխանությունը ստանում է ավելի շատ մանդատներ, իսկ պետությունը՝ ավելի քիչ ժողովրդավարություն։
Եվ հենց սա է այդ «հաղթանակի» ամենածանր պարտությունը»։

«Երբ քաղաքական դաշտը դատարկվում է, իշխանությունը ստանում է ավելի շատ մանդատներ, իսկ պետությունը՝ ավելի քիչ ժողովրդավարություն». Դավիթ Անանյան
3801:06
«ԵԱՏՄ-ԵՄ հարցը կա՛մ-կա՛մ-ով է դրված, և՛-և՛-ի մասին խոսողները բլեֆ են անում». Անդրանիկ Թևանյան
3900:48
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Մոսկվա
101Երեկ, 23:49
Իսրայելը վերսկսել է պաղեստինցի կալանավորների ցուցակները ԿԽՄԿ-ին փոխանցելու գործընթացը
201Երեկ, 19:43
Պուտինը կպահանջի Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը կրճատել մինչև 1997 թվականի մակարդակը․ #TheTelegraph
228Երեկ, 18:07
«Ընտրությունները դարձել են անիմաստ երևույթ»․ Ստեփան Դանիելյան
99Երեկ, 17:36
«Նրանց հիշատակի առջև խոնարհվելը պարտք է, երազած պետականությունը պահպանելը՝ պատասխանատվություն»․ ԴՕԿ
95Երեկ, 17:24
«Ուկրաինան արդեն մեկ ամիս է՝ սպասում է Patriot և NASAMS հրթիռների մատակարարման վերաբերյալ Հեգսեթի ստորագրությանը»․ Զելենսկի
236Երեկ, 17:19