«Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել»․ Հայ դատի կենտրոնական գրասենյակ

2026 թ. Քոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդեցություն են ունեցել՝ ի թիվս այլնի, ձախողելով այն թեկնածուների ընտրությունը, որոնք շահույթ են ստանում հայկական տարածքների ադրբեջանական բռնազավթումից կամ Քոնգրեսում հանդես են գալիս Բաքվի շահերի պաշտպանությամբ։
Միևնույն ժամանակ, Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող՝ Սենատի և Ներկայացուցիչների պալատի թեկնածուների 90 տոկոսը հաղթանակ է տարել ընտրություններում։
Հայ դատի հանձնախմբի գործունեության ամենանշանակալի արդյունքը գրանցվել է Նյու Հեմփշիրում, որտեղ քոնգրեսական Քրիս Փափասը հաղթել է նախկին սենատոր Ջոն Է. Սունունուին, որն անձամբ միլիոնավոր դոլարների բաժնեմաս ունի օտարերկրյա հանքարդյունաբերական ընկերությունում, որը շահագործում է բռնազավթված Արցախում գտնվող հանքավայրը։
Ընտրությունների արդյունքները և դրանցում Հայ դատի հանձնախմբի ներգրավվածությունը մեկնաբանելով՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգթոնի գրասենյակի պատասխանատու Արամ Համբարյանը նշել է.
«Կոռումպացված ամերիկացի քաղաքական գործիչներն այլևս չեն կարող անպատիժ կերպով գաղտնի յուրացնել Ալիևի կաշառքները։ Այլևս՝ ոչ։ Մենք Բաքվի կոռուպցիան ստվերից դուրս բերեցինք և այն հասցրինք հեռուստատեսային նախընտրական գովազդների միջոցով հանրային քննարկման՝ այդ կեղտոտ փողերը վերածելով քաղաքական պատասխանատվության։ Նրանք կարծում էին, թե կարող են շարունակել անվճար օգտվել այդ գումարներից։ Ընտրությունների գիշերը Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը նրանց պատասխանատվության կանչեց։ Ադրբեջանի նավթադոլարները, որոնք նախկինում օգնում էին ձայներ հավաքել, այժմ նրանց համար ձայների կորուստ են արժենում։ Սա ծառայություն է մեր համայնքին և մեր երկրին»։
Հայ դատի հանձնախումբն աշխատանքներ է տանում՝ 120-րդ գումարման Քոնգրեսի յուրաքանչյուր անդամի ուշադրության կենտրոնում ամերիկահայ համայնքի առաջնահերթությունները պահելու ուղղությամբ՝ միաժամանակ նախապատրաստվելով 2028 թ. նախագահական և Քոնգրեսի ընտրություններին։
Ամերիկահայերը կարող են ծանոթանալ ընտրությունների արդյունքներին և աջակցել համայնքի օրակարգի առաջմղմանը՝ մասնակցելով հանձնախմբի համազգային առցանց հանդիպմանը, որը կրում է «Մեր աշխատանքը սկսվում է հիմա․ միջանկյալ ընտրությունների հետընտրական վերլուծություն և գործողություններ» խորագիրը։
Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 5-ին՝ հինգշաբթի, ԱՄՆ արևելյան ժամանակով ժամը 21։00-ին։
Ընտրությունների ամբողջական արդյունքները հասանելի են Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ընտրական հարթակում»։
Փափասի հաղթանակը
Հայ դատի հանձնախմբի աջակցությունը վայելող Փափասը աջակցել է արցախցի փախստականներին, հետևողականորեն հանդես է եկել Բաքվում պահվող հայ պատանդների ազատ արձակման օգտին և պաշտպանել 907-րդ բանաձևի կիրարկումը։
Politico-ի ձեռք բերած՝ մայիսի 11-ի ֆինանսական հայտարարագրում նրա մրցակից Սունունուն հայտնել էր, որ ունի մինչև 5 միլիոն դոլարի բաժնետոմսեր Anglo Asian Mining ընկերությունում։ Նա նաև հայտարարագրել էր իր բաժնեմասը Sununu Holdings LLC ընկերությունում, որը Anglo Asian Mining-ի երկրորդ խոշոր բաժնետերն է։
Սունունուի հայրը՝ Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար Ջոն Հ. Սունունուն, և եղբայրը՝ Մայքլ Սունունուն, ընդգրկված են ընկերության տնօրենների խորհրդում։
2022 թ. Ադրբեջանը Anglo Asian Mining ընկերությանը հանձնել էր Արցախի Մարտակերտի շրջանում գտնվող Կաշենի պղնձի հանքավայրը՝ հայերի՝ այդ տարածքից բռնի տեղահանվելուց մեկ տարի առաջ։
Հայ դատի հանձնախմբի համայնքային ծրագրերի տնօրեն Գև Իսկաջյանը և ծրագրերի տնօրեն Մայքլ Թաթևոսյանը հուլիսի 27-ին հրապարակված հոդվածում անդրադարձել էին Սունունուի այդ կապերին։
«Թափանցիկությունը երկկողմանի փողոց է Նյու Հեմփշիրի լարված սենատորական ընտրապայքարում» վերնագրով հոդվածը հրապարակվել էր NH Journal-ում։
Հայ դատի հանձնախմբի քարոզչական աշխատանքների շնորհիվ այս հարցը մինչև ընտրությունների օրը մնացել է Նյու Հեմփշիրի ընտրողների ուշադրության կենտրոնում, իսկ նախընտրական հեռուստագովազդների միջոցով այն ներկայացվել է նաև լայն հանրությանը։
Սենատի բոլոր յոթ թեկնածուների հաղթանակը
Հայ դատի հանձնախմբի աջակցությունը վայելող Սենատի բոլոր յոթ թեկնածուները հաղթանակ են տարել ընտրություններում։
Միչիգանում հաղթել է Աբդուլ Էլ-Սայեդը, որը նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել էր․
«Թրամփի վարչակազմի կողմից Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու անվերապահ քաղաքականությունը՝ շարունակվող վայրագությունների պայմաններում, միջազգային իրավունքի բացահայտ խախտում է։ Որպես Միչիգանից ընտրված հաջորդ սենատոր՝ ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի և բոլոր ժողովուրդների խաղաղության, արժանապատվության, անվտանգության ու ինքնորոշման իրավունքը, ինչպես նաև միջազգային իրավունքը»։
Քոնգրեսում իրական վերահսկողության հաստատումը
Քանի որ իշխանության փոփոխություն է տեղի ունեցել թե՛ Ներկայացուցիչների պալատում, թե՛ Սենատում, 2006 թվականից ի վեր առաջին անգամ միջանկյալ ընտրությունների արդյունքում երկու պալատներում էլ փոխվել է կուսակցական մեծամասնությունը։
Ամերիկացիները վերադարձել են իշխանության բաժանված համակարգին, երբ Սպիտակ տունը գտնվում է մի կուսակցության վերահսկողության ներքո, իսկ Քոնգրեսի ղեկավարումը՝ մյուսի ձեռքում։
Իշխանության այս հավասարակշռությունը վերականգնում է Սահմանադրությամբ ամրագրված զսպումների և հակակշիռների համակարգը՝ ընդլայնելով Քոնգրեսի հնարավորությունները՝ հարցեր բարձրացնելու, հետաքննություններ անցկացնելու և գործադիր իշխանությանը պատասխանատվության ենթարկելու հարցում։
Ամերիկահայերի տեսանկյունից՝ իշխանության այս դասավորվածությունը հնարավորություն է ստեղծում, որպեսզի Քոնգրեսը վերահսկողություն իրականացնի Թրամփի վարչակազմի՝ 907-րդ բանաձևով սահմանված սահմանափակումներից հրաժարվելու որոշումների և Ադրբեջանին տրամադրվող ԱՄՆ ռազմական օգնության նկատմամբ։
Քոնգրեսի վերահսկողությունը կարող է տարածվել նաև Թրամփի առաջարկած «Խաղաղության և բարգավաճման միջազգային երթուղի» (TRIPP) նախագծի, ինչպես նաև Բաքվում պահվող հայ պատանդների ազատ արձակման հարցում ԱՄՆ դիվանագիտական ջանքերի վրա։
Հայկական հարցերով Քոնգրեսի խմբի ղեկավարների վերընտրությունը
Հայ դատի հանձնախմբի աջակցությունը վայելող՝ Ներկայացուցիչների պալատի թեկնածուները հաղթել են մինչ այժմ արդյունքներն ամփոփված 55 ընտրապայքարներից 50-ում՝ 120-րդ գումարման Քոնգրեսում ապահովելով հայկական շահերին աջակցող հզոր երկկուսակցական խմբի շարունակական ներկայությունը։
Այդ խմբի առաջատարներն են Հայկական հարցերով Քոնգրեսի խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը և Գաս Բիլիրակիսը, ինչպես նաև փոխնախագահ Բրեդ Շերմանը։

«Ի՞նչ է քաղաքացիական պատերա՞զմ է սկսվելու․ դուք վարչապե՞տ եք, թե՞ ցուցացար»․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
714:30
«Չեմ կարող պատկերացնել՝ Սահմանադրության նախագիծը չանցնի և դրանցից հետո արտահերթ ընտրություններ չլինեն». Արարատ Միրզոյան (տեսանյութ)
2314:24
«Որ Կտրիճ Ներսիսյանն էլ ներկա լիներ, ընդամենը օրերի ընթացքում այդ ֆորմատը կարող էր ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4014:06
«Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել»․ Հայ դատի կենտրոնական գրասենյակ
5014:00
«Թուրքիայի հետ համատեղ նախագիծ է հաստատվել․ կմեկնարկի Անիի կամրջի վերականգնումը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5713:54
«Եթե 64 միլիարդի չարաշահում է եղել, ի՞նչ կապ ունի Ալիևն այդտեղ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6813:42
«ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6313:36
«Ամեն ինչ ունի իր բացատրությունները, բայց դա չի նշանակում, որ դրանք մեզ բավարարում են»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6413:18