«Նա է Արցախի Տիգրանակերտը հայտնագործողը». մահացել է հնագետ Հայկ Հակոբյանը
![]() 1082 Երկուշաբթի, 11 փետրվարի, 2019 թ., 01:35 Պատմաբան Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել փետրվարի 10-ին ծանր հիվանդությունից մահացած հայ հայտնի հնագետ Հայկ Պիոնի Հակոբյանի (լուսանկարում՝ աջից) մասին. «Դժվար, շատ դժվար է գրել այս տողերը, մի տեքստ, որը երբեք չէի ցանկանա գրել: Համոզված եմ, որ և' ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտն ու Հին դարերի պատմության բաժինը, և' ԵՊՀ պատմության ֆակուլտետն ու Հնագիտության և ազգագրության ամբիոնը, և' հայագիտական ազդեցիկ հանդեսները շատ շուտով կհանրայնացնեն մեծանուն գիտնականի գիտական ժառանգության ամբողջական շարադրանքը: ԵՊՀ պատմության ֆակուլտետում ուսանելու առաջին կուրսում էինք, երբ հերթական դասին լսարան մտավ հնագիտության մեր դասախոսը: Մեր ուղեղները դեռ ջուր էր, և մենք ավելի շատ ուրախացանք դասախոսի անսահման համեստ պահվածքից, մի հանգամանք, որը շատ արագ վերածվեց նրանից համեմատաբար հեշտությամբ ստուգարք ստանալու հույսերի: Անցան տարիներ, մենք քիչ-քիչ լրջացանք, արդյունքում՝ նույն դասախոսը ինձ համար շատ արագ «փոխակերպվեց» մեծանուն գիտնականի, ճանաչված հնագետի ու հայագետի, համեստության և արդարության, բարության և իմաստության օրինակելի կերպարի, հպարտություն ներշնչող հայրենակցի… Երբ 2017 թ. աշնանը նրան տեսա ակադեմիայի պատմության ինստիտուտում և լսեցի, որ դարձել է բաժնի վարիչ՝ հպարտությունս բազմապատկվեց, ուրախությունս էլ հետը. մի շարք մեծերի և արժանավորների կողքին ավելանում էր նաև մեկը, ում հետ նույն հարկի տակ աշխատելը և' պատիվ էր, և' պարտավորություն: Ի~նչ խանդավառությամբ էր ներկայացնում Տիգրան Մեծի և հայ ռազմարվեստի մասին իր նոր գիտական թեզերը, որոնց առթիվ յուրաքանչյուր հրատարակություն ստանում էի հենց իր տանից, իր նեղլիկ, գրքերով բեռնավորված փոքրիկ բնակարանից (մի գիշեր երկար պատմեց, թե ինչպես է ձեռք բերել Մարգարյան փողոցին հարող շենքի այդ փոքրիկ բնակարանը): Ընդամենը մի քանի ամիս առաջ էր, որ միասին ՀՀ ՊՆ ՀԽ-ի ծրագրով կրկին Արցախում էինք և գիշերեցինք հյուրանոցի միևնույն համարում: Միայն նրան ճանաչողները կպատկերացնեն այն հետաքրքիր և անվերջանալի զրույցները, որոնք կարելի էր ունենալ նրա հետ: Գիշերային Արցախի այդ անկյունից նա մերթ «տեղափոխում էր» ինձ Լենինգրադ՝ իր ուսանողական և գիտական բուռն գործունեության տարիները, մերթ հնադար և իր հետաքրիր հայտնագործությունները, քրիստոնեության արշալույս, մերթ մերօրյա պատմագիտության խնդիրներ… և այդպես մինչ առավոտ: Կրկին նրա համեստությունն էր պատճառը երևի, որ շատերը չգիտեն այս մասին. ՆԱ Է ԱՐՑԱԽԻ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՂԸ, ճակատագրական այդ օրը քաղաքի հետքերի առաջին նշմարողը, իր հնագետ ընկերներին առաջին ավետիսը հայտնողը, որից հետո փուլ առ փուլ բացվեց հայոց հնագույն քաղաքը ներկայացնող այդ հռչակավոր հնավայրը: Նա նաև ափսոսանքով էր միշտ փաստում, որ հնավայրից դեռևս չեն գտնվել համապատասխան արձանագրություններ: Նա տոհմիկ ախալցխացի էր, Կարնո արիստոկրատ տոհմի շառավիռը, հռչակավոր հայագետ, աբովյանագետ Պիոն Հակոբյանի որդին: Հայրենի Ախալցխայի հետ նրա հոգևոր կապը անգամ նրա խորաթափանց աչքերում էր նշմարվում… «Վահե, դու հայրիկիս այս գրքերը ուղարկիր, ես հետո ինքս կգնամ և մի քանի տեղեր կուզենամ տալ»: Վրաստանի սահմանին, ինչպես բոլորը, ինքը ևս մեծ բարդությունների մեջ էր հայտնվում, երբ հետը ունենում էր գրքեր: Նա չէր ճառում, չէր բարձրաձայնում, թաքուն էր նրա մորմոքը առ հայրենի Ջավախք, Ախալցխա, և այդ ամենի մասին մենք երկար ենք խոսել, քննարկել: Ապշեցուցիչ խորությամբ գիտեր Ջավախքի անցյալի էջերը, հայրենի Ախալցխայի պատմության դեռևս մութ անկյունները, նրա մեջ խոսում էր հորից ժառանգած անսահման սերը դեպի իր արմատները, դեպի պաշտելի վայրեր, և այդ ամենի մասին ամենքի մոտ չէ, որ բացվում էր… Նա գիտական հողի վրա լավագույնս էր պատկերացնում հայոց քաղաքակրթական անցյալը, ներկան և ուրվագծվող ապագայի հեռուները: Նրան լսելով՝ մարդ համոզվում էր, որ նրա ծայրահեղ համեստությունը ուղիղ համեմատական էր նրա խորը իմացությանը: Նրա մեջ նստած էր իսկական հայը, Կարնո արիստոկրատ հայը, տոհմիկ ախալցխացին: Նրա գիտական վաստակը վաղուց իր անխախտ տեղն է գրավել հայ պատմագիտության, հայագիտության և հնագիտության ասպարեզում: Դժվար է այս օրերին գնալ ինստիտուտ և չտեսնել նրա բարի և խոհուն հայացքը, պարզապես դժվար է գիտակցել, որ նրա գիտական եռանդը այլևս չի զարդարելու մերօրյա ակադեմիական կյանքը… Հոգիդ լույսերի մեջ, իմ սիրելի դասախոս, իմ սիրելի Հայկ Հակոբյան |

«Վեց ժամից պակաս քնելը կարող է հանգեցնել տարբեր հիվանդությունների»․ #РИА Новости
264Երեկ, 16:28
Ստեղծվել է ԱԲ-օգնական՝ քնի խանգարումների ախտորոշման համար
130922.03.2026, 17:10
Ջիբրալթարում հնագետները բացել են 40 հազար տարի առաջ փակված քարայրի դուռը (լուսանկար, տեսանյութ)
311019.03.2026, 23:42
Գերմանացի մաթեմատիկոսն արժանացել է Աբելի մրցանակի՝ 60-ամյա առեղծվածը լուծելու համար
296319.03.2026, 20:42
Մարսագնացի պատահական բացահայտումը. Կարմիր մոլորակը կրկին զարմացրել է
110818.03.2026, 23:36
Արքիմեդի «կորուսյալ» ձեռագիրը. Ֆրանսիայում հայտնաբերվել է հանճարեղ մաթեմատիկոսի հազվագյուտ կրկնագիրը
368816.03.2026, 22:34
Սթոունհենջից հին. Բրիտանիայում հայտնաբերվել է աղջնակի 11000-ամյա թաղում (լուսանկար)
593009.03.2026, 00:21
«Անտարկտիկական թերակղզու սառցե ծածկույթը մինչև 2100 թվականը կարող է կրճատվել 20%-ով»․ #DM
319308.03.2026, 16:33
