Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Կա չօգտագործված ներուժ, հատկապես՝ առևտրատնտեսական ոլորտում». Նիկոլ Փաշինյանի հարցազրույցն իրանական գործակալությանը

«Կա չօգտագործված ներուժ, հատկապես՝ առևտրատնտեսական ոլորտում». Նիկոլ Փաշինյանի հարցազրույցն իրանական գործակալությանը
2268
Չորեքշաբթի, 27 փետրվարի, 2019 թ., 15:20

Իրանի հետ բարեկամական և գործընկերային հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության մասն են կազմում, և Երևանը հակված է բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացմանը: Այս մասին իրանական IRNA գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

- Այս տարի լրանում է հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 28-րդ տարին: Ինչպե՞ս եք գնահատում երկու բարեկամ երկրների միջև ներկայիս հարաբերությունները:

- Միանշանակ դրական: Ավելին, մեր երկու ժողովուրդների բարեկամությունը լավ օրինակ է տարբեր կրոնների ու քաղաքակրթությունների միջմշակութային երկխոսության և համակեցության համար, ինչը կարևոր գործոն է նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության համար: Հենց այդ բազմադարյա ամուր կապերի շնորհիվ է հիմնվել մեր համագործակցությունը: Իրանի հետ բարեկամական և գործընկերային հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության մասն են կազմում, և մենք հակված ենք բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացմանը: Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ կա չօգտագործված ներուժ, հատկապես՝ առևտրատնտեսական ոլորտում: Համոզված եմ, որ տարբեր մակարդակներով շփումներն ու երկխոսությունը կնպաստեն քայլերի հստակեցմանն՝ ուղղված այդ ներուժի լիարժեք իրականացմանը:

- Ո՞րն է Թեհրան Ձեր այցի օրակարգի կարևոր հարցը: Արդյո՞ք ստորագրվելու է հռչակագիր այդ հանդիպման շրջանակում:

- Հայ-իրանական հարաբերությունները հարուստ և ընդգրկուն օրակարգ ունեն, և իմ այցի նպատակն է առաջ մղել այն: Այս այցը կարելի է համարել երկու երկրների մշտական երկխոսության հերթական հանգրվանը: Հարկ է նշել, որ մեր հարաբերություններում նոր բաղադրիչ է ավելացել: Խոսքը ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի մասին է, որը նոր հեռանկարներ կբացի մասնակից երկրների համար: Ինչպես գիտեք՝ համաձայնագիրը վավերացման փուլում է: Իսկ ինչ վերաբերում է այցի շրջանակում փաստաթղթերի ստորագրմանը, կողմերն այժմ աշխատում են մի շարք փաստաթղթերի վրա՝ նպատակ ունենալով դրանք նախապատրաստել ստորագրման այցի ընթացքում։

- Նշեք Հայաստանի և Իրանի միջև առավել ամուր և ընդլայնված կապեր ունենալու հիմնական ոլորտները:

- Մեր համագործակցության բոլոր ոլորտներում կա մեծ ներուժ, և այն պետք է օգտագործվի առավելագույն արդյունավետությամբ: Մասնավորապես, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել՝ առևտրատնտեսական համագործակցությունը զարգացնելու, ապրանքաշրջանառության ծավալները մեծացնելու և այդ ոլորտում առկա հնարավորությունները լիարժեք օգտագործելու համար: Էներգետիկ ոլորտն, իհարկե, զարգացման մեծ ներուժ ունի: Այդ ոլորտում լուրջ համատեղ ծրագրեր ունենք: Շարունակվում են բանակցությունները Մեղրի ՀԷԿ-ի նախագծի շուրջ, որը վերջին շրջանում վավերացվեց նաև Իրանի Մեջլիսի կողմից։ Քննարկվում են նաև մի շարք այլ ծրագրեր: Որպես կարևոր բնագավառ կցանկանայի առանձնացնել մշակութային ոլորտում համագործակցությունը: Համագործակցում ենք նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում: Ինչպես գիտեք՝ Իրանի ջանքերի շնորհիվ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում են գրանցվել Սուրբ Թադեոս և Սուրբ Ստեփանոս վանական համալիրները: Հայաստանն ամբողջական փաթեթ է պատրաստել՝ Երևանի «Կապույտ Մզկիթը» ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներկայացնելու համար: Այժմ այդ ուղղությամբ իրանական կողմի հետ համատեղ աշխատանքներ ենք իրականացնում: Դուք գիտեք, որ Հայաստանում տեղի է ունենում «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը և պետք է ուրախությամբ նշեմ, որ փառատոնին որպես կանոն ակտիվ կերպով ներկայացված են իրանցի ռեժիսորների ՝ Աբբաս Քիառոստամիի, Ասղար Ֆարհադի և այլոց ֆիլմերը: Ի դեպ, վերջինս նախագահել է նաև Ոսկե Ծիրանի 15-րդ փառատոնի մրցավարական խումբը, իսկ նրա «Նադերի և Սիմինի ամուսնալուծություն» ֆիլմը հաղթող է ճանաչվել փառատոնի «Միջազգային խաղարկային ֆիլմեր» անվանակարգում: Վերոնշյալ և այլ ծրագրեր լավ հնարավորություն են ստեղծում հայ և իրանցի ժողովուրդների համար՝ միմյանց մշակույթներին ծանոթանալու և հաղորդակից լինելու տեսանկյունից:

- Իրանն որոշ երկրներ մեքենաներ, ինժեներական ծառայություններ և արդյունաբերական այլ արտադրանք է արտահանում: Կան համատեղ ծրագրեր նաև տարածաշրջանի որոշ երկրների հետ: Ի՞նչ եք կարծում՝ Իրանն ու Հայաստանը կարո՞ղ են համագործակցել մեքենաշինության և արտադրական այլ ոլորտներում:

- Պետք է փաստեմ, որ Հայաստանի կառավարությունն ամեն կերպ աջակցում է արտասահմանյան, այդ թվում՝ իրանական ներդրումային ծրագրերի իրականացմանը: Հայաստանն, անշուշտ, ունի տեխնիկա-տնտեսական և մասնագիտական բավականաչափ ներուժ՝ նշված ոլորտներում համագործակցության համար: 2018-ի դեկտեմբերին Վանաձորում՝ Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքում բացվեց գազաբալոնների արտադրության հայ-իրանական համատեղ ձեռնարկություն: Հայաստանը մշտապես պատրաստ է աջակցել իրանցի ներդրողներին:

- Ինչպե՞ս կգնահատեք զբոսաշրջության ոլորտում հետագա երկկողմ համագործակցությունը:

- Գիտեք՝ յուրաքանչյուր պետություն աշխարհին է ներկայանում իր պատմությամբ, մշակույթով, ավանդույթներով, կրոնական և հոգևոր արժեքներով, գիտության և տեխնիկայի ոլորտում ձեռքբերումներով: Զբոսաշրջության զարգացումը մեր երկրի առաջնահերթություններից է, և մենք անում ենք առավելագույնը, որպեսզի մեր երկիրը գրավիչ դարձնենք զբոսաշրջիկների համար: 2016-ին մուտքի արտոնագրի վերացումից հետո զգալիորեն աճել է ՀՀ ժամանող իրանցիների թիվը, հատկապես՝ իրանական Ամանորի՝ Նովրուզի օրերին: Այդ օրերին հատուկ միջոցառումներ են անցկացվում՝ իրանցիների անվտանգության, տեղեկացվածության ապահովման համար:

- Իրանի տարբեր քաղաքներում մեծ թվով հայեր են բնակվում: Ինչպե՞ս եք գնահատում Իրանի կառավարության վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ:

- Հզոր և մեծ սփյուռքը Հայաստանի զարգացման հենասյուններից մեկն է: Բացառություն չէ Իրանի հայ համայնքը, որը բազմադարյա պատմություն ունի: Այն մեծ ներդրում է ունեցել Իրանի սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքում:

- Ո՞րն է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների հարցում Հայաստանի կառավարության դիրքորոշումը:

- Իրանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկն է: Բնականաբար, մենք հետևում ենք Իրանի շուրջ բոլոր իրադարձություններին: Ինչպես գիտեք, Հայաստանը 2015-ին այն երկրների թվում էր, որ ողջունեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերումը, քանի որ Հայաստանը շարժվում էր այն տեսլականով, թե ինչ հնարավորություններ են բացվում ինչպես տարածաշրջանի կայունացման, այնպես էլ տարածաշրջանում համագործակցության առումով: Բնականաբար, վերջին իրադարձությունները մտահոգում են մեզ: Այդ պայմաններում Հայաստանում շարունակում է սերտորեն համակարգված աշխատել, բաց երկխոսություն վարել թե իրանական կողմի, թե գործընթացում ներգրավված մյուս բոլոր կողմերի հետ: Մենք հստակ ներկայացնում ենք մեզ հուզող խնդիրները, մեր մտահոգությունն ու մեր դիրքորոշումը: Մենք վստահ ենք, որ Հայաստանի կառուցողական մոտեցումը կարող է դրական գործոն լինել առաջացած հիմնախնդիրների համար լուծումներ գտնելու հարցում: