«Համահայկական խաղերի 20-ամյակին տեղի է ունենում ամենափնթի միջոցառումը». Հովսեփ Խուրշուդյան

«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համահայկական խաղերը՝ դրանց 20-ամյակին խայտառակ ցածր մակարդակի վրա են կազմակերպված: Խմբեր կան, ում՝ իրենց հետ աշխատող կամավորականները հազիվ են համոզում, որ վաղաժամ, խաղերի կեսից, չլքեն Հայաստանը: Մարդիկ իրենց հաշվին հասել են հայրենիք, իրենց հաշվին հոգում են իրենց գիշերակացը, բայց կազմակերպիչներն անգամ չեն կարողանում տարրական պայմաններն ապահովել խաղերի բնականոն ընթացքի համար: Թիմերին կցված չեն ավտոբուսներ, իսկ այստեղից-այնտեղից պարտադիր ուշացումով իրենց հասնող տարբեր ավտոբուսները պարբերաբար տեղ չեն էլ հասնում: Պատճառաբանությունը՝ «փչացել են»: Կազմակերպիչները խոստանում են տեղափոխումներն ապահովել տաքսիներով, բայց դա էլ հիմնականում չեն անում: Ու թիմերի մարզիչները, երկար սպասելուց հետո, դա էլ են անում իրենք կազմակերպում ու կրկին՝ սեփական միջոցներով: Թիմերը, որոնք դեռ 2 ամիս առաջ ՀԽ կազմակերպիչների պահանջով ԾՐԱՐՈՎ են ուղարկել հայտերը՝ իրենց բոլոր տվյալներով և լուսանկարներով՝ Հայաստանում ստացել են առանց լուսանկարների բեյջեր: Թե որն է պատճառը, որ 21-րդ դարի հաղորդակցության նորագույն միջոցների առկայության պայմաններում ՀԽ կազմակերպիչները հրաժարվել են թիմերից էլեկտրոնային հայտեր ընդունել, մնում է միայն կռահել: Խաղերի սփյուռքահայ մասնակիցների զգալի մասը խիստ դժգոհ է նաև գիշերակացի օբյեկտների պայմաններից, որոնք իրենց համար նախապես ամրագրել էին ՀԽ կազմակերպիչները: Եվ սա այն դեպքում, որ, կրկնում եմ, ծախսերը հոգում են իրենք՝ մասնակիցները: Կան դժգոհություններ նաև մրցավարական կազմի ոչ անաչառությունից՝ հօգուտ տեղացի, հատկապես՝ արցախցի թիմերի: Շատ թիմերում արդեն խոսակցություններ կան, որ սա վերջին անգամն է, որ իրենք մասնակցում են Համահայկական խաղերին: Մյուսներն ավելի տոկուն են ու ասում են, որ գիտեին, թե ուր են գալիս և մեծ սպասելիքներ չունեին: Մի բան, որ Իշխան Զաքարյանն է կազմակերպում՝ առանց «լեվի» եկամուտներ ստանալու, ինչպե՞ս պետք է որակով կազմակերպվի: Մի մարդ, ով համահայկական խաղեր ասելով, հավանաբար, հասկանում է բացառապես բացման և փակման հանդիսավոր արարողությունները, որտեղ նա կարող է կանգնել երկրի բարձրագույն իշխանությունների կողքին ու աջուձախ ինքնագովերգող հարցազրույցներ տալ, կամ էլ խաղերին նվիրված տեսահոլովակը, որտեղ չեմպիոն մարզիկների կողքին «կհավերժացվի» նաև իր պատկերը և որով կհավաստիացվի մասնակիցներին, որ կազմակերպիչները պատրաստվում են նրանց «ցավը տանել»: Համահայկական խաղերի 20-ամյակին, փաստորեն, տեղի է ունենում ամենափնթի միջոցառումը, որը երբևէ կազմակերպվել էր այս անվան տակ: Հետաքրքիր է, որ լրագրողները գրեթե չեն խոսեցնում մասնակից հյուրերին, թիմերի մարզիչներին՝ պարզելու համար նրանց դժգոհույթունների պատճառները: Ընդ որում՝ խաղերի կազմակերպման պատասխանատուն է «ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ» հասարակական կազմակերպությունը, որի նախագահ օրերս վերընտրվեց Իշխան Զաքարյանը, մինչդեռ հյուրերի և մասնակիցների մոտ տպավորություն է ձևավորվել, որ կազմակերպիչը Հայաստանի Հանրապետությունն է: Անհրաժեշտ է խաղերը վերջնականապես չտապալելու համար շտապ ներգրավվել պետական մարմիններին՝ մասնակիցների տարրական լոգիստիկ խնդիրների ապահովման գործում, ինչպես դա արվեց Հուրգադայում պատանդ մնացած մեր հայրենակիցների դեպքում: Խաղերի մասնակիցները կազմակերպիչների փնթիության և անճարակության պատանդը չպետք է դառնան: Ապա, պետական մակարդակով ներողություն խնդրել մասնակիցներից անհարմարությունների և վատ կազմակերպման համար: Եվ վերջապես՝ այսուհետ պետք է վերցնել խաղերի կազմակերպումը պետության ձեռքը, ինչպեսև դա, միևնույն է, ընկալվում է բոլորի կողմից, որպեսզի մյուս անգամ պետական մարմինների պատասխանատվության ներքո կազմակերպվի բարձր մակարդակի՝ նոր Հայաստանին հարիր միջոցառում: Որպես նման որոշման հիմք կարող են ծառայել անանուն առցանց հարցաթերթիկները, որոնցում մասնակիցները, մարզիչները կգնահատեն խաղերի կազմակերպման մակարդակը, դրա տարբեր բաղադրիչներ: Եվ այդ հարցաթերթիկը պետք է կազմեն և տարածեն ոչ թե ՀՂՀԿ-ն, այլ համապատասխան պետական մարմինը, օրինակ՝ Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակը: Ի դեպ, սա միակ դեպքն է, որ ես ոչ թե պետության կողմից քաղհասարակությանն իր գործառույթների պատվիրակման, այլ հակառակ գործընթացի ջատագովն եմ»:

Երևանի «Դինամո» մարզադահլիճը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
89Երեկ, 22:54
49-ամյա մարզուհին վազել է չորս օր առանց երկար դադարի՝ սահմանելով ռեկորդ
153Երեկ, 20:53
Ֆուտբոլի 2026-ի ԱԱ մրցանակը հաղթողին կհանձնի Թրամփը
26623.06.2026, 23:03
Մեսսին դարձավ Աշխարհի առաջնության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն (տեսանյութ)
43822.06.2026, 22:38
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է «2026 Chicago Summer Open»-ի հաղթող
24922.06.2026, 21:59
Իսպանիայի ազգային հավաքականը գրանցեց իր ամենախոշոր հաղթանակներից մեկը Աշխարհի առաջնությունում
31921.06.2026, 22:47
Ծանրամարտի ազգային հավաքականը նոր մրցումային հագուստ ունի (լուսանկար)
14321.06.2026, 19:54
Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը աշխարհի գավաթի եզրափակիչ փուլում է (տեսանյութ)
17020.06.2026, 20:48