Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

Նիկոլ Փաշինյանը՝ դիրքապահների պարգևավճարների շուրջ առաջացած աղմուկի վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանը՝ դիրքապահների պարգևավճարների շուրջ առաջացած աղմուկի վերաբերյալ
2507
Երեքշաբթի, 31 դեկտեմբերի, 2019 թ., 15:00

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով դիրքապահների պարգևատրումների շուրջ առաջացած աղմուկին.

«Հարկ եմ համարում արձանագրել հետևյալը.

1. 2018-ի դեկտեմբերին Պաշտպանության նախարարության աշխատավարձի գծով նախատեսված ծախսերի խնայողությունների հաշվին դիրքապահներին վճարվել է միջինը 60 հազար դրամ միանվագ պարգևավճար:

2. Խնայողություններն առաջացել են տարբեր հանգամանքների բերումով՝ թափուր աշխատատեղեր, հաստիքակազմի արդյունավետության բարձրացում և այլն:

3. 2019-ի արդյունքներով՝ 2-րդ կետում նշված հանգամանքների որոշ չափով կարգավորման և, հատկապես, 2019-ի կեսից բանակում աշխատավարձերի բարձրացման արդյունքում (միջինում տասը տոկոսով բարձրացել են բոլոր զինծառայողների աշխատավարձերը, ավելացել են առանձնահատուկ պայմաններում ծառայություն իրականացնողներին տրվող հավելավճարները, վերանայվել են ժամկետային զինծառայողներին տրամադրվող դրամական ապահովության չափերը), խնայողությունների թիվը եղել է ավելի քիչ։ Արդյունքում, այս տարեվերջին պարգևատրումների համար նախորդ տարվա 1.2 միլիարդ դրամի փոխարեն հնարավոր է եղել հատկացնել 500 միլիոն դրամ, որով խրախուսվել են միայն լավագույնները:

4. Այս ամենի արդյունքում բոլոր դիրքապահների կողմից ստացվող գումարը ոչ միայն չի նվազել, այլև էականորեն ավելացել է: Երեկ Նոյեմբերյանի դիրքերում տեղում պարզեցի հարցը. նախորդ տարվա դեկտեմբերին շարքային պայմանագրային դիրքապահներն ստացել են 60 հազար դրամ պարգևավճար: Իսկ այս տարվա հունիսից 18%-ով կամ շուրջ 25 հազար դրամով բարձրացել են վերջիններիս աշխատավարձերը և մոտ 8 հազար դրամով ավելացել են առաջնագծում ծառայության համար տրամադրվող հավելավճարները։ Նշված ավելացումների արդյունքում շարքային պայմանագրային դիրքապահների մաքուր ամսական դրամական ապահովության գումարներն աճել են շուրջ 23 հազար դրամով: Հունիսից այս կողմ, ուրեմն՝ փաստացի ստացել են 161 հազար դրամ ավելի գումար (հաշվարկի մեջ են մտնում հունիս-դեկտեմբեր ամսվա վճարումները): Ուշադրություն դարձրեք, որ խոսքն այս պարագայում միայն շարքային կազմի մասին է, օրինակ՝ սպայական կրտսեր կազմի համար ամսական աճը կազմել է մոտավորապես 70 հազար դրամ։

Եվ ուրեմն՝ այս տարի նախորդ տարվա միանվագ 60 հազարի փոխարեն շարքայիններն ստացել են 161 հազար, ամենամսյա վճարումով (աճը՝ 168 տոկոս): Հաջորդ տարի, նախորդ տարվա 60 հազարի փոխարեն, կստանան 276 հազար դրամ, կրկին ամսական վճարումներով (աճը՝ 360 տոկոս): Հարց՝ ինչի՞ համար է աղմուկը և ովքեր են հեղինակները»:

Հիշեցնենք, որ MAMUL.am-ն ահազանգեր էր ստացել դիրքերում ծառայող զինվորներից, ովքեր բողոքում էին Ամանորին իրենց տրամադրվող պարգևավճարների նվազեցումից. «Նախորդ տարիներին մենք ստացել ենք 73 հազար դրամ պարգևավճար, սակայն այս տարի այդ գումարն զգալի ցածր է եղել՝ 20-30 հազար դրամ՝ կախված նրանից, թե ով որքան է ծառայել և որքան ստաժ ունի: Ոչ մի տարի գումարն այդքան քիչ չի եղել: Նախորդ տարիներին մեզ պարգևավճար տրամադրում էին տարեկան 3 անգամ, սակայն 2019թ. այդ պարբերականությունը կրճատվեց, և մնաց միայն Նոր տարվա առիթով պարգևավճարը»: «Իջևանի զորամասում էլ տվել են 10000, իսկ Նոյեմբերյանում ավելի քիչ՝ 4350 դրամ»,- դժգոհել էին նրանք:

Թեմայի վերաբերյալ պարզաբանում էր տարածել ՊՆ-ն, ինչին հետևել էին օգտատերերի գրառումները: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրել էր. «Տարածված պարզաբանումն ինչ կապ ունի բարձրացված խնդրի հետ, անհասկանալի է»:

«ՊՆ-ի դիվանագիտական պատասխանն ինձ թվում է զավեշտ»,- արձագանքել էր նաև երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը: