Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Հայաստանը վճռական է իր սահմանները պաշտպանելու հարցում․ Պաշտպանության նախարարը հանդիպել է ԱՄՆ-ի դեսպանին

Հայաստանը վճռական է իր սահմանները պաշտպանելու հարցում․ Պաշտպանության նախարարը հանդիպել է ԱՄՆ-ի դեսպանին
319
Երկուշաբթի, 30 օգոստոսի, 2021 թ., 18:36

Օգոստոսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին՝ ուղեկցությամբ ՀՀ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի նորանշանակ տեղակալ Վիլյամ Լաիտենենի և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսի:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է պարոն Լաիտենենին և գնդապետ Փայփսին Հայաստանում առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և նորանոր ձեռքբերումներ մաղթել՝ ի նպաստ հայ-ամերիկյան համագործակցության զարգացման:

Տիկին դեսպանն, իր հերթին, շնորհավորել է Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նշելով, որ դա տեղի է ունենում Հայաստանի համար բավական բարդ ժամանակահատվածում։ ԱՄՆ դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը՝ նշելով ադրբեջանական կողմից պարբերաբար իրականացվող սադրանքների մասին: Արշակ Կարապետյանը վերահաստատել է խնդիրները խաղաղ ճանապարհով կարգավորելու հայկական կողմի պատրաստակամությունը՝ միևնույն ժամանակ շեշտելով Հայաստանի սահմանները և տարածքային անձեռնմխելիությունը պաշտպանելու վճռականությունը: