Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

Մանուկյանը նշել է, որ ձեռքերը ոլորել են և բիրտ ուժի կիրառմամբ նստեցրել ոստիկանության մեքենան. ՄԻՊ

Մանուկյանը նշել է, որ ձեռքերը ոլորել են և բիրտ ուժի կիրառմամբ նստեցրել ոստիկանության մեքենան. ՄԻՊ
530
Երկուշաբթի, 07 մարտի, 2022 թ., 17:36

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը գրում է. «Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Կառավարության շենքի դիմացից Մանուել Մանուկյանի և Արտակ Ավետիսյանի բերման ենթարկելու վերաբերյալ հրապարակված տեղեկությունների և ստացված ահանզանգի կապակցությամբ ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել էին ոստիկանության համապատասխան բաժիններ։

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական և Մաշտոցի բաժիններ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ, ուսումնասիրել նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը: Վարչական ձերբակալման ենթարկված անձանց իրավունքներին առնչվող որոշ հարցեր քննարկվել են նաև ոստիկանության ներկայացուցիչների հետ:

Պարզվել է, որ Մանուել Մանուկյանը և Արտակ Ավետիսյանը վարչական ձերբակալման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար: Առանձնազրույցի ընթացքում վարչական ձերբակալման ենթարկված անձինք տեղեկացրել են, որ մինչև իրենց ազատությունից զրկելը ոստիկանության ծառայողների կողմից չի հնչեցվել որևէ պահանջ, վարչական ձերբակալման ենթարկելիս իրենց նկատմամբ կիրառվել է անհամաչափ ֆիզիկական ուժ, իրենց չեն պարզաբանել վարչական ձերբակալման հիմքերն ու պատճառներն, ինչպես նաև իրենց իրավունքներն ու պարտականությունները:

Առանձնազրույցի ընթացքում Մ. Մանուկյանը նշել է, որ ոստիկանության ծառայողներն իր ձեռքերը ոլորել են և բիրտ ֆիզիկական ուժի կիրառմամբ նստեցրել ոստիկանության տրանսպորտային միջոց, ինչի հետևանքով զգում է ուժեղ ցավ: Զանգվածային լրատվության միջոցներով համացանցում հասանելի տեսագրությունների ուսումնասիրությունից ևս պարզվել է, որ Մանուել Մանուկյանը ոստիկանության ծառայողներին տեղեկացնում է ձեռքի վնասվածքի մասին և խնդրում ձախ ձեռքը չքաշել:

Հաշվի առնելով նշված հանգամանքը՝ Պաշտպանի ներկայացուցիչների կողմից պահանջ է ներկայացվել ոստիկանության բաժին հրավիրել շտապ բժշկական օգնության խումբ: «Արմենիա» բժշկական կենտրոնում Մ. Մանուկյանը ենթարկվել է բժշկական հետազոտության:

Ավելի ուշ, Մ. Մանուկյանը Պաշտպանի ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ հետազոտությունների արդյունքում իր մոտ ոսկրային կոտրվածք չի արձանագրվել, սակայն վնասված ձեռքի շրջանում զգում է ուժեղ ցավ:

Ոստիկանության բաժիններ իրականացված այցերի արդյունքներն ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմում, որից հետո անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնելու պահանջով համապատասխան գրություն կուղարկվի ՀՀ ոստիկանություն»: