Կիրակի, 20 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Միջպետական ավտոճանապարհն անորակ են կառուցապատել. գործը դատարանում է». Ոսկան Սարգսյան

«Միջպետական ավտոճանապարհն անորակ են կառուցապատել. գործը դատարանում է». Ոսկան Սարգսյան
1761
Հինգշաբթի, 17 մարտի, 2022 թ., 17:24

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Շուրջ երկու տարի է, ինչ չի ընդունվում «Սուարդի» ընկերության կողմից Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգման աշխատանքների կատարողական ակտը: Խոսքը Նոյեմբերյանի համայնքապետարանի վարչական շենքից մինչև Կողբ գյուղի ավտոգազալցավորման ճնշման կայան, շուրջ 4 կմ հատվածի մասին է։ Քանի որ միջպետական ավտոճանապարհի այդ հատվածի կառուցապատման ակտը չի ընդունվել, երկու տարի պետական բյուջեից նշված ավտոճանապարհի ձմեռային և ընթացիկ սպասարկման համար վճարումներ չի կատարվում նշված ճանապարհահատվածը սպասարկող ընկերությանը՝ Նոյեմբերյանի «Լևոն երկրորդ» ՍՊԸ-ին։ «Սուարդի» բաժնետիրական ընկերության ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Արցախճան» ինստիտուտ ՓԲԸ-ի, քաղաքացիական հայցով երրորդ անձ է ներգրավվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Հայցով «Սուարդին» դատարանից խնդրել է «Արցախճան» ՓԲԸ-ից բռնագանձել 22 միլիոն դրամ՝ որպես պատճառված վնասի գումար, «Արցախճան» ՓԲԸ-ին պարտավորեցնել հաստատել 2020թ․ հուլիսի 6-ին կազմված և ներկայացված կատարողական ակտը։ Դատավոր Կ․ Պետրոսյանը 2021թ․ հունվարի 15-ին հայցադիմումը վարույթ է ընդունել։ 2021թ․ մարտի 1-ին «Արցախճան» ՓԲԸ-ի ներկայացուցիչը դատարան է մուտքագրել հայցադիմումի պատասխան։ 2021թ․ մարտի 15-ին դատավոր Կ․ Պետրոսյանի որոշմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը բավարարվել է, արգելվել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախրարությանը լուծել «Սուարդի» ընկերության հետ 2019թ․ սեպտեմբերի 23-ին կնքված պայմանագիրը՝ մինչև վերջնական դատական ակտի կայացումը։ Քաղաքացիական գործը 2021թ․ մայիսի 27-ն վերամակագրվել է դատավոր Ա․ Բադիրյանին, այս գործով կայանում են նախնական դատական նիստեր։ Զանգահարեցի «Արցախճան» ինստիտուտ ՓԲԸ տնօրեն Ռոբերտ Սողոյանին։ Նա հաստատեց, որ իրենց ընկերությունը տեխնիկական հսկողություն է իրականացրել միջպետական ավտոճանապարհի նշված հատվածի հիմնանորոգման վերաբերյալ, ընկերության հսկիչը հիմնանորոգման աշխատանքներում արձանագրած թերությունների պատճառով չի հաստատել աշխատանքների կատարողական ակտը, ակտը չի կարող ստորագրվել, մինչև այդ թերությունները չվերացվեն։ Ռ․ Սաղոյանը հայտնեց, որ «Սուարդիի» ազգությամբ իտալացի ղեկավարն այդ կապակցությամբ եղել է իրենց ընկերությունում, և նրա այցից հետո իրենց համար անսպասելի էր նրանց կողմից դատական հայցադիմումը։ Ռ․ Սողոյանի խոսքերով՝ իրենց ընկերոության փաստաբանը վստահեցում է, որ իրենք բոլոր հիմքերն ունեն դատարանում հաղթելու»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան