Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Թույլ չե՛նք տալու մարզը մեկ հսկայածավալ հանքավայրի վերածել»․ Օլեգ Դուլգարյան

«Թույլ չե՛նք տալու մարզը մեկ հսկայածավալ հանքավայրի վերածել»․ Օլեգ Դուլգարյան
474
Երկուշաբթի, 31 հոկտեմբերի, 2022 թ., 23:27

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չ անակնկալների շարքը շարունակվում է․․․․
Այս նկարում Լոռու մարզի Քարաբերդի ոսկու հանքավայրն է, դիմացը տեսնում եք Լոռու մարզկենտրոն Վանաձորը։
Հանքավայրի ներքևի մասում կամ ուղիղ նրա տակ գտնվում է Քարաբերդ վարչական շրջանի Քյոխվախլու-ի թաղամասը, որը թեև փոքր է, սակայն մեծ անասնապահական տնտեսություններ ունի, հանքին ուղիղ սահմանակից են Քարաբերդ գյուղի արոտավայրերը և խոտհարքները։
Փամբակի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նոյեմբերի 4-ին ժամը 14:00-ին ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի համայնքապետարանում տեղի կունենա «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «ՀՀ Լոռու մարզի Քարաբերդի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի արևելյան և հարավային թևերում 2022-2025թթ․ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման ծրագրի», «Չինական արտադրության էկոտեխնոլոգիայով հանքահարստացուցիչ ֆաբրիկայի նախագծի» և «Կենտրոնական տեղամասի արդյունահանման նախագծի ժամկետի երկարացման» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտերի վերաբերյալ նախնական հանրային քննարկումներ:
Ուղղակի խոսքեր չկան, այն ամենի ֆոնին, ինչ հիմա արդեն ունենք․․․, խեղաթյուրված և քիմիական աղտոտվածությամբ թունավորված հազարավոր հեկտարներ հողեր, աղտոտված գետեր, մարդկային առողջության անվերահսկելի ռիսկեր ։
Նոր տարածքներ, նոր հանքեր, այսինքն այդ տարածքում առհասարակ ցանկություն կա գյուղատնտեսության, կայուն, կանաչ զարգացման հեռանկարներին վերջ դնելու։
Ասում են՝ նաև ֆաբրիկա են ցանկանում կառուցել, «Չինական արտադրության էկոտեխնոլոգիայով», որքան փնտրեցի՝ այդ տեխնոլոգիան չգտա, եթե գտնեք՝ ուղարկեք տեսնենք այդ ինչ է, չլինի՞ նոր բան է, ու Հայաստանը լավ տարածք է այն փորձարկելու համար, քանզի սովոր է շարունակական փորձարկումների, իսկ հետագայում անտեսման։
Ավելի լավ է՝ Քյոխվախլուի ջրի հարցը լուծեք, որտեղ հազար գլուխ կենդանիներ գրեթե առանց ջրի են, ու բնակիչների պնդմամբ դա հանքի պայթեցումների հետևանք է։
Վանաձորցիները անցյալ տարի շարունակաբար բարձրաձայնում էին դեպի քաղաք տարածվող փոշու մասին։
Այս տարի սեպտեմբերին չեխական «Առնիկա» ՀԿ-ի, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ների կողմից Քարաբերդի ոսկու հանքավայրի հարակից տարածքներում և ազդակիր Քարաբերդ բնակավայրում և Քյովախլուի տեղամասում քիմիական աղտոտվածության հետազոտություն է իրականացվել:
Հանքավայրի լցակույտերից, հարակից հողերից, մակերևութային ջրերից, բնակիչների այգիներից վերցված և մարդկանց կենսանմուշների (մազ և մեզ) փորձանմուշների փորձաքննությունը եվրոպական լաբորատորիաներում կբացահայտի հանքավայրի ազդեցությունը շրջակա միջավայրի և տեղի բնակիչների առողջության վրա, հուսանք՝ տվյալներրը արդեն հասանելի կլինեն այս տարվա դեկտեմբերին։
Իսկ մինչ այդ, Քարաբերդում մարդիկ, ովքեր սփյուռքից են եկել, տուրիզմ են զարգացնում, Փամբակում տուրիզմ և հյուրատնային բիզնես է զարգանում, Քյոխվախլուում անասնապահությունն է զարգանում, Փամբակ գետը Դեբեդ գետի վտակն է, որտեղ ռաֆթինգն է զարգանում, և ի վերջո տարածքի դիմացին է գտնվում մարզկենտրոն Վանաձորը, ու այստեղ ասելիք պետք է ունենան բոլորը։ Այդ տարածքների հետ կապված էկոլոգիական նախագծեր կան, որոնք կասեցման վտանգի տակ են հայտնվելու։
Նոյեմբերի 4-ին բոլորի ներկայությունն ու մասնակցությունը կարևոր է՝ անկախ նրանից, թե որտեղից ես, անկախ նրանից, թե ինչով ես զբաղվում։
Թույլ չե՛նք տալու մարզը մեկ հսկայածավալ հանքավայրի վերածել ու վերջ!»։

Աղբյուրը`   Օլեգ Դուլգարյան