«Սա նոր շրջադարձ է ռուս-ուկրաինական հակամարտությունում». Հայկ Մարտիրոսյան
267
Երկուշաբթի, 03 ապրիլի, 2023 թ., 10:36
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սանկտ Պետորբուրգում՝ Պրիգոժինին նախկինում պատկանած սրճարանում՝ հանրային հավաքի ժամանակ սպանվել է Վլադեն Տատարսկին: Տատարսկին հայտնի է նրանով, որ անցյալ տարի Կրեմլում հայտարարեց, որ իրենք սպանելու են իրենց բոլոր թշնամիներին, ոչնչացնելու են բոլորին և նաև թալանելու են բոլորին: Թելեգրամում Տատարսկին կես միլիոն հետևորդ ուներ և Ռուսաստանի ամենահայտնի պատերազմական բլոգերներից և ռազմական պսևդոլրագրող-պրոպագանդիստներից էր: Տատարսկու մահը վրա է հասել, երբ նրան միջոցառման ժամանակ նվիրել են արձանիկ, որը նրա ձեռքերում պայթել է՝ վիրավորելով ևս 25 հոգու: Որևէ ուժ պատասխանատվություն չի ստանձնել գործողության համար, բայց ակնհայտ է, թե որ երկիրը կարող է կանգնած լինել դրա հետևում: Ամենայն հավանականությամբ՝ գործողության իրականացնողն Ուկրաինայի հատուկ ծառայություններն են: Հասկանալու համար թե սա ինչ նոր շրջադարձ է ռուս-ուկրաինական հակամարտությունում՝ անհրաժեշտ է հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել կամ տեղի ունենում: Իսկ տեղի է ունենում այն, որ արդեն մի քանի տարի իրենց խիստ կամային, արժանապատիվ և հերոսական ցուղաբերող ուկրաինացիները գնում են իսրայելացման ուղով: Իսրայելցիներն առաջինն էր, որ անգամ նախքան պետության ստեղծումը՝ դեռևս բրիտանական օկուպացիայի տարիներին՝ քաղաքացիական մի քանի հատուկ ծառայություններ ստեղծեցին և սկսեցին մահափորձեր իրականացնել բոլորի դեմ, ում համարում էին հրեական հայրենիքի օկուպանտներ: Հետո՝ Իսրայելի հիմադրումից անմիջապես հետո, երբ առաջացան Մոսադը, Շինբեթն ու Ամանը, սկսվեցին նախ ցեղասպան նացիստ գերմանացիների, ապա՝ ավելի ուշ, պաղեստինյան ահաբեկիչների և ասոցացված անձանց համակարգային լիկվիդացիաները: Ողջ պրոցեսը երկար պատմություն է, բայց մի քանի կարևոր հանգամանք: Ոչ ոք՝ ում ձեռքերին հրեայի արյուն կար կամ կա, կամ ով պլանավորում է որևէ հրեայի վնասել, կամ ով ասոցացված է որևէ կենսական վտանգավոր նախաձեռնության կամ արարքի հետ (այսօր էլ այդպես է) չպետք է այս աշխարհում մնա: Աշխարհի որևէ կետում նրան գտնում էին և կգտնեն և ուղարկում էին և կուղարկեն այնտեղ, որտեղից երբեք չեն վերադառնում: Առաջին շրջանում գրեթե բոլոր այդպիսի սպանությունների համար պետությունը պատասխանատվություն չէր ստանձնում և ժխտում էր սեփական մասնակցությունը, բայց արդեն ավիացիայի և հատկապես դրոնների ու նաև բանակի կիրառմամբ օպերացիաների պատասխանատվությունը պետությունը սկսեց բացահայտորեն ստանձնել: Հետո էլի եկավ լուռ կամ ինչպես տերմինն է՝ «անաղմուկ ձեռագրով» սպանությունների շրջանը: Մինչ այսօր Մոսադն ու Շինբեթը, Ամանը հազարավոր նման օպերացիաներ են իրականացրել, որոնք արդեն մի քանի տասնամյակ կոչվում են «թիրախային սպանություններ»: Աշխարհի ընդամենը մի քանի պետություններ փոխառել են իսրայելական մեթոդները և սեփական հատուկ օպերացիաների հարցում օրինակ են վերցնում հենց Իսրայելից: Անգամ ԱՄՆ-ը՝ հետսեպտեմբերտասնմեկյան շրջանում սկսեց հենվել հենց դաշնակից Իսրայելի օրինակի վրա: Կարևորն այս ամենում այն է, որ թեև երբեմն հակառակ էֆեկտն էր ստացվում, բայց գերակշիռ մեծամասնությամբ Իսրայելի նման օպերացիաները հասել են իրենց քաղաքական խորքային նպատակներին: Այդպես Իսրայելը տապալել է գերմանացի գիտնականների մասնակցությամբ Եգիպտոսի բալիստիկ հրթիռների ծրագիրը, որ սպառնալիք էր իր համար, այդպես Իսրայելը կասեցրել է Սադամ Հուսեյնի միջուկային ծրագիրը, այդպես Իսրայելը կասեցրել է տասնյակ օպերացիաներ իր դեմ և մահվան անխուսափելիությունն ակնհայտ դարձնելով՝ բարոյալքել հազարավոր իր թշնամի անհատների ու խմբերի: Այսպիսով՝ թիրախային սպանություններն անասելիորեն արդյունավետ մեթոդ են պատերազմի պայմաններում: Դրանք սովորաբար խիստ բարդ և համակարգային օպերացիաներ են, որոնցից ամենաանհավանականների ու ամենաաննախադեպերի բացարձակ առաջնությունը դարձյալ պատկանում է Իսրայելին: Այսօր, ամենայն հավանականությամբ հենց Ուկրաինան, Ռուսաստանում իրականացրել է հենց այդպիսի գործողություն: Ամենայն հավանականությամբ՝ չափազանց բարդ և չափազանց ռիսկային, բայց անվախ և քաղաքական ահռելի հետևանքներ ենթադրող հատուկ գործողություն: Ոչնչացվել է Կրեմլի հավատարիմ պրոպագանդիստը: Ոչնչացվել է հենց կրեմլյան օբյեկտում: Ոչնչացվել է հավանաբար այն հայտարարությունների համար, որ արել էր, այն ազդեցության համար, որ ձեռք էր բերել և որպես դաս՝ մյուս ռուս պրոպագանդիստներին: Իսկ դա նշանակում է, որ Ուկրաինան նոր ճակատ է բացում այս պատերազմում: Եվ դա փոխելու է պատերազմի ընթացքը՝ հանրային դաշտում: Այս մեսիջը ստանալու են մյուս հակաուկրաինական պրոպագանդիստները ևս, իսկ հակաուկրաինական գործիչների շրջանում առաջանալու է խոր վախ և անվստահություն սեփական ապագայի նկատմամբ: Իսկ դա չի կարող իրական հետևանքներ չունենալ: Ուկրաինանա նաև դրանով ցույց է տվել, որ ինքը անչափ վճռական է, անվախ և որ թշնամու երկրի սրտում անգամ կարող է և ունակ է նման որակի գործողություն իրականացնել: Այլ խոսքերով՝ սա Ուկրաինայի իսրայելացում է: Մի քայլ, որ Ուկրաինային հսկայական կիրառական ու գործնական դիվիդենտներ է բերելու և ևս մեկ քայլով մոտեցնելու է իր երազանքին»: