Ներկայացվել են Թումո Կապանի նոր շենքի դիզայնը և Սյունիքում ընդլայնման պլանները

Այսօր՝ մայիսի 18-ին, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը Եվրոպայի օր 2023-ի առիթով կազմակերպված միջոցառումների շրջանակում ներկայացրեց Թումո Կապանի ապագա շենքի դիզայնը: 1932 թվականին կառուցված Կապանի երկաթուղային կայարանի պատմական շենքը կվերածվի Թումո կենտրոնի Կապանի և շրջակա համայնքների պատանիների համար:
Երկաթուղային կայարանի կողքին ժամանակավորապես տեղակայվել է Թումո տուփերի կլաստեր՝ տեխնոլոգիաների և դիզայնի կրթությունը հասանելի դարձնելով տեղի համայնքին մինչև Թումո Կապանի նոր շենքի կառուցման ավարտը: Շենքի շինարարական աշխատանքների ավարտից հետո տուփերը կտեղափոխվեն Սյունիքի տարբեր գյուղեր և քաղաքներ:
Կապանի երկաթուղային կայարանի վերականգնման կոնցեպտի հեղինակն է փարիզյան Normal Studio-ն, իսկ շենքի ճարտարապետաշինարարական աշխատանքներն իրականացվում են Թումոյի ճարտարապետական ստուդիայի հետ համագործակցությամբ: Շենքը կունենա ինքնուսուցման հարթակ, դասընթացի սենյակներ, ռոբոտաշինության սենյակ, ձայնագրման ստուդիա, կինոսրահ և միջոցառումների տարածք:
Թումո Կապանի նախագիծն աջակցվում է Եվրոպական միության «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» կողմից (ծրագիրը նպաստում է Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական, ինստիտուցիոնալ և տեղական այլ առաջնահերթությունների զարգացմանը) Կապանի քաղաքապետարանին տրամադրված դրամաշնորհի, ինչպես նաև նվիրատուներ Ջուդիթ Սարյանի և Վիկտոր Զարուգյանի աջակցությամբ:
«Շատ ուրախ ենք աջակցել Թումոյի այս նախաձեռնությանը Կապանում: Հատկապես կարևորում ենք պատմշակութային շենքի վերականգման գաղափարը: Վստահ ենք, որ այս նախագիծը նպաստելու է թե՛ կրթական, թե՛ համայնքային զարգացմանը»,- ասաց Հայաստանում ԵՄ դեպան Անդրեա Վիկտորինը:
Սյունիքում Թումոյի ներկայությունն ամրապնդելու համար Թումո Հայաստան նախաձեռնությունը կենտրոններ կհիմնի Կապանում և Սիսիանում, ինչպես նաև տուփեր Գորիսում, Քաջարանում, Մեղրիում, Շաքիում, Շինուհայրում և Տեղում: Քաջարանի և Մեղրիի տուփերը կկցվեն Թումո Կապանին, իսկ Գորիսի, Շաքիի, Շինուհայրի և Տեղի տուփերը՝ Թումո Սիսիանին:
«Անհամբեր սպասում ենք, թե երբ է Թումոյի ծրագիրը հասանելի դառնալու Հայաստանի բոլոր պատանիների համար: Այս գործում Սյունիքը մեզ համար ռազմավարական է: Ահա, թե ինչու որոշեցինք բացել Կապանի տուփը առաջին հնարավորության դեպքում: Ահա, թե ինչու նախաձեռնեցինք քաղաքի երկաթուղային կայարանի՝ որպես Թումո կենտրոնի վերակառուցումը Կապանի քաղաքապետարանի, ԵՄ-ի «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» և մեր նվիրատուներ Ջուդիթ Սարյանի և Վիկտոր Զարուգյանի հետ համագործակցությամբ: Վերջապես, ահա, թե ինչու ենք որոշել Թումո տուփերի կլաստերը բերել Կապան և չսպասել շենքի շինարարության ավարտին: Համայնքի պատանիներին մաղթում ենք անմոռանալի փորձառություն»,- ասաց Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը:
Թումո Հայաստան նախաձեռնության միջոցով պլանավորվում է կառուցել 110 տուփերի և 16 կենտրոնների ցանց, որը Թումոյի ծրագիրը հասանելի կդարձնի Հայաստանի և Արցախի յուրաքանչյուր երիտասարդի: Յուրաքանչյուր Թումո տուփ շաբաթական 320 ուսանողի ապահովում է կրթությամբ տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում: Ուսանողները կանցնեն ինքնուսուցման վարժանքներն իրենց տուփում և հետո կմասնակցեն դասընթացների ու աշխատարանների Կապանի կամ Սիսիսանի կենտրոններում: Երկու Թումո կենտրոնները և վեց տուփերը Սյունիքի մարզում շուտով կստեղծեն կրթական ցանց, որը հայ պատանիների համար հասանելի կդարձնի համաշխարհային շուկայում առանցքային ոլորտների որակյալ կրթությունը: Սյունիքի մարզում բոլոր կենտրոնների և տուփերի տեղակայման ավարտից հետո շաբաթական 4000-ից ավելի ուսանող կկարողանա հաճախել ժամանակակից աշխատատարածքներ, որոնք զինված կլինեն Թումոյի կրթական ծրագրով:




Հայաստանյան մասնակիցները մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում նվաճել են 4 մեդալ
86705.08.2026, 20:12
«Ժամանակն է՝ միասին պաշտպանելու համալսարանի ինքնավարությունը»․ Արսեն Թավադյան
96005.08.2026, 11:12
«Դիմում եմ ներկայացրել՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից ազատվելու վերաբերյալ»․ Արման Անտոնյան
122904.08.2026, 12:00
«Եթե Հայաստանը լիներ հանրապետություն, ուսանողները և դասախոսները հրապարակային ակցիաներ կանեին». Տիգրան Աթանեսյան
137403.08.2026, 09:18
«Դառնացնող հանգամանքը Համալսարանի խուլ ու անտարբեր լռությունն է»․ Մենուա Սողոմոնյան
121202.08.2026, 16:12
«Ավելի քան չորս տասնամյակ Գագիկ Ղազինյանը դասավանդել է Երևանի պետական համալսարանում»․ Ռուբեն Մխիթարյան
139301.08.2026, 16:00
«Քաղաքական շարժառիթներով նոր սերնդին Ղազինյանից սովորելու հնարավորությունից զրկելը էժան ու ցածր քայլ է»․ Արթուր Ղամբարյան
122101.08.2026, 15:12
Գագիկ Ղազինյանին ծանուցել են՝ սեպտեմբերի 1-ից ԵՊՀ-ում չի աշխատի
111301.08.2026, 14:42