«Կոնսերվատորիան էն բուհը չէ, որտեղ առավոտ մտնում են «գործի» և իրիկունը գնում տուն». Լիլիթ Բլեյան
714
Կիրակի, 10 մարտի, 2024 թ., 03:06
Երգչուհի Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոնսերվատորիան առասպելական «ակադեմիական քաղաքին» միացնելու մասին լուրերը ճի՞շտ են։ Եթե այո, ապա հեղինակներին ու կողքից բազմանշանակ լռողներին արժի էդ մասին պարզ ճշմարտություններ ասել։ Կոնսերվատորիայի շենքը կառուցվել է՝ որպես հենց իսկական երաժշտական արվեստների ակադեմիական հանգույցի մի մաս։ Ուշադիր նայեք էդ հատվածին. կոնսերվատորիան, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը և պարարվեստի ուսումնարանը երաժշտական արվեստների ուսումնական հանգույցն են, իսկ դրանց հակառակ մայթին էդ ամենի բնական շարունակությունն է՝ Օպերան և ֆիլհարմոնիան։ Իզուր չէ, որ կոնսերվատորիայի նոր շենքը 70-ականներին հենց էդ մասում կառուցվեց (ամբողջ ուսումնական հանգույցի ճարտարապետն էլ, ի դեպ, Թամանյանի որդին է)։ Կոնսերվատորիան էն բուհը չէ, որտեղ առավոտ մտնում են «գործի» և ցերեկը կամ իրիկունը գնում տուն։ Էստեղ ուսման կազմակերպումը շատ տարբեր է։ Դասախոսների և ուսանողների համար կենսական (և ուսումնական) անհրաժեշտություն է քաղաքի երաժշտական կենտրոնում գտնվելը։ Դասախոսներից շատերը գործող երաժիշտներ են, աշխատում են միանգամից մի քանի տեղում, շատերը դասից հետո մայթն արագ անցնում են, որ հասնեն օպերա կամ ֆիլհարմոնիա՝ փորձի։ Ուսանողների համար համերգներին մասնակցությունը ուսումնական պրոցեսի պարտադիր մաս է, նրանց կրթության միայն մի մասն է անցնում կոնսերվատորիայի պատերի ներսում, ուսումնական գրաֆիկը շատ խառն է, կարող են երեկոյան ուշ ժամի վերջացնեն մասնագիտական դասը ու վազեն ֆիլհարմոնիա կամ կամերային երաժշտության տուն՝ համերգի։ Կան ուսանողներ, որ ուսումնառության ընթացքում դասավանդում են կողքի երաժշտական դպրոցում։ Կոնսերվատորիայի ներսում վերջին տարիներին վերջապես վերակենդանացել էր օպերային ստուդիայի դահլիճը. էնտեղ ահագին որակյալ բեմադրություններ են արվում՝ ուսանողների և հրավիրված արտիստների մասնակցությամբ, և այդ ամենը նույնպես ուսումնական պրոցեսի շատ կարևոր մաս է։ Ես ընդամենը պատառիկներ պատմեցի, սովորողներն ու դասախոսները շատ ավելի լավ կնկարագրեն էդ ամենը։ Սա Երևանի կարևորագույն երաժշտական ակադեմիական հանգույցն է, այն մտածվել է՝ որպես այդպիսին, երբ Երևանը արվեստների ու մշակույթի քաղաք էր իրեն զգում։ Այսօր Երևանն այլևս պիտի բացառապես սրճարանների ու հյուրանոցների քաղա՞ք լինի։ Էդպիսի՞ն է ձեր Երևանը։ Սպասարկման ու հյուրերին զվարճացնելու կենտրո՞ն։ Ի՞նչ է Երևանը, ասեք։ Ձեր ուժը չի պատում՝ կոնսերվատորիայի դիմացի այգին վերադարձնեք կոնսերվատորիային, բայց առանց երկար մտածելու ուզում եք կիսել Երևանի երաժշտական սիրտը՝ առանց անգամ բացատրելու, թե որն է իրական նպատակը։ Գոնե մի անգամ խոսե՞լ եք դասախոսների, երաժիշտների հետ՝ ձեր մտքերը պաշտոնական փաստաթղթերի մեջ խցկելուց առաջ։ Թե՞ հենց ճիշտ էլ հասկանում ենք էս ամենի նպատակը։ Եթե կոնսերվատորիան տեղափոխելու մտադրության մասին լուրերը ճիշտ են, ապա խիստ հուսով եմ, որ կլսենք ինձնից բազմաթիվ անգամներ ավելի վաստակավոր ու լուրջ երաժիշտների խոսքը»։