Չորեքշաբթի, 15 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Մի մտածեք, որ գնում եք պարտված բանակ». Գեղամ Օհանյանը` զինակոչիկներին

«Մի մտածեք, որ գնում եք պարտված բանակ». Գեղամ Օհանյանը` զինակոչիկներին
148
Այսօր, 01:06

Ակտիվիստ, «Խարույկ» ակումբի տնօրեն Գեղամ Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զինակոչիկներին
Օր ձմեռվա, երբ ամենքն իրենց տարին են նախաեզրում ու մեկնարկում, դուք մեկնում եք նախապես եզրված ձևով անցկացնելու ոչ թե մեկ, այլ միանգամից երկու տարի։
Այո՛, առաջին հայացքից թվում է, թե շատերիդ կամքին հակառակ պետությունը բռնության է ենթարկում ձեր որոշման ազատությունը։ Բայց այսպես թվում է նրանց, ովքեր դեռ չեն հասկանում, թե ինչ է սոցիումը...
Ի՞նչ է հանրային պատասխանատվությունը, պայմանավորվածությունը և սերունդների ժառանգականությունը ոչ միայն հողի ու հնարավորության, այլ նաև որոշումների։
Մի քիչ բարդ է, բայց այո, երրորդ հանրապետությունը ստեղծելիս ծնվեց նաև հանրապետության ֆիզիկական պաշտպանը՝ զինված ուժերը, որոնք համալրելու համար գրեթե ամբողջությամբ ժառանգվեց Սովետական միության մոդելը, այն էր երիտասարդ, առողջ տղաների պարտադիր ծառայությունը հանրապետությունը պաշտպանելու գործում։
Թվում է, թե նույն բանն է, ինչը, որ դուք գիտեիք, բայց նրբությունը կայանում է նրանում, որ երբ գիտակցում եք, որ դուք բացի պարտականությունից, ժառանգել եք նաև որոշումը, ապա ստացվում է, որ դուք ձեր իսկ որոշմամբ եք գնում բանակ, իսկ սա փոխում է հոգեբանությունը ֆանտաստիկ ձևով։ Այստեղ «բանտարկյալի» կարգավիճակից վերածվում ես «հայրենատիրոջ» և դա տեղի է ունենում ընդամենը այս մի մտքի իմացությամբ։ Դե պատկերացրեք, թե ոնց կփոխվի բանակը, երբ ձեզնից յուրաքանչյուրը այսպես մոտենա իրողությանը։ Բանակը ինքն իրեն կբուժի տասնյակ անիմաստ «հիվանդություններից»։
Հիմա կասեք, թե բա ոնց եմ ես որոշել, եթե տրված չէ նաև որոշումը փոփոխելու հնարավորությունը։ Պարզվում է տրված է...
ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի տարբեր մեթոդների հնարավորություն, հանրային որոշումը փոխելու վրա իր ազդեցությունը թողնելու։ Քաղաքական, հանրային պայքարի տարբեր ձևաչափերով։
Այս ամենը ձեզ դպրոցում պիտի սովորեցնեին, բայց համոզված եմ, ձեր հիմնական մասը չի տիրապետում այս ամենին, որովհետև մեր դպրոցները տկար են ու թերի։ Որովհետև կրկի՛ն, հանրությունը՝ մենք կրթության որակը բարձրացնելու որոշում չենք կայացրել...
Բայց եկեք մի փոքր էլ խոսենք այն մասին, թե ուր եք գնում և մի քանի խորհուրդ իմ կողմից, որպես այդ համակարգի մեջ տարբեր պայմաններում հայտնված մարդ։
1. Թո՛ղ լարվածությունը, դրանից ոչ մի օգտակարություն չկա։
2. Հաշվի առ, որ մնացածը ևս լարված են, բայց ամենքի մոտ այդ լարվածությունը տարբեր կերպ է դրսևորվելու։ Մեկը կդառնա ագրեսիվ, մեկը՝ փակ, մեկը անիմաստ քայլեր կանի։
3. Հիշի՛ր, այնտեղ բոլորին պակասում է սերը, դժվար է, բայց եթե առաջնորդվես սիրով, բոլորը կունենան քո կարիքը։
4. Ոչ մի դեպքում թույլ մի տուր, որ պատիվդ ոտնահարեն։ Քո պատիվը ընտանիքն է, հայրենիքը ու մարդկային արժեքները, որ ունես։ Չունեցար պատիվ, չես ունենա հարգանք քո հանդեպ։
5. Խոր էության մեջ քեզ վիրավորել փորձողը քո անգիտակից հայրենակիցն է ու քո նպատակը նրան հաղթելը չի, այլ նրան օգնելը, որ քո մեջ թշնամի կամ ստրուկ չփնտրի, դուք լիքը ընդհանուր շահեր ունեք։
6. Սպաներին հակառակվելուց առաջ, փորձիր հասկանալ, ինչպես ասում են՝ մտիր նրա դրության մեջ։ Սպան ձեզ հավաքող ոսպնյակն է, եթե այն կոտրեք, կհայտնվեք կանոնավոր քաոսի մեջ։
7. Եթե տեսնում եք, որ սպան անհայրենիք վարձկան է ու ինքն է քաոս ստեղծում, փորձեք ինքնակազմակերպվել ու հավաքական կերպով լուծել խնդիրը։ Եթե ողջ ստորաբաժանմամբ որոշում կայացնեք ու ակնհայտ սխալ հրամանը չկատարեք, եթե ոչ առաջին, ապա առնվազն երկրորդ դեպքում իր վերադասները պատժելու են իրեն, ոչ թե ձեզ։
8. Ֆիզիկական վարժություններից մի խուսափիր, մի ընկիր ալարկոտների հոգեբանության մեջ։ Շատ քրտինք մարզումների ժամանակ, քիչ արյուն մարտի դաշտում։ Մարզվելը օգտակար է ամեն դեպքում։
9. Սովորիր ոչ միայն քո զենքից օգտվել, այլ ավելիից, քան նախատեսված է։ Քեզնից ոչինչ չի գնում։
10. Ազատ ժամանակ վաստակիր, որ գիրք կարդաս։ Համարիր որ դու, քո իսկ հիմնադրած քոլեջում ես, որտեղ կարող ես սովորել ինչ-որ ուզես։ Երկու տարին բաժանիր կիսամյակների և սովորիր բաներ, որոնք քեզ չեն սովորեցնելու գրեթե ոչ մի տեղ։ Քո ուզած գիրքը քեզ տվողը միշտ կգտնվի, համառորեն փնտրիր նրան։
11. Համակարգում ծնված օրվա լարվածությանը մի դիմադրիր, փորձիր հասկանալ, թե ոնց է աշխատում համակարգը, բոլոր համակարգերը ունեն ընդհանրություններ։ Կյանքի ցանկացած փուլում հայտնվելու ես տարբեր համակարգերում։
12. Մի մտածիր, որ գնում ես պարտված բանակ։ 2020 թվականին բանակը չի հանձնվել, զինվորը չի հանձնվել, ես չեմ հանձնվել։ Հանձնվել ու չգրավված լեռները հանձնել են գրիչով։
13. Տեղանքիդ հետ մտերմացիր, բնությունը մեր ամենահավատարիմ զինակիցն է։
14. Սառը ջրի հետ շատ շփվիր, բայց քեզ տաք պահիր։ Սնվիր առողջ մթերքով։
15. Հին զինվորների տարօրինակ լեգենդներին շատ մի հավատա, ինքդ էլ հետո լեգենդներ չհորինես հաջորդ սերնդի նորակոչիկներին։
Քո հույսով ենք այստեղ, վստահում ենք խոհեմությանդ ու արիությանդ։ Հայրենիքի սահմանները ուղիղ կապված է քո զորության հետ։
Որ սկսվի, գիտակից հայրենակիցներդ գալու են, միայն հո քոնը չի էս երկիրը...
Բարի ծառայություն քեզ, հայ զինվոր»:

Աղբյուրը`   Գեղամ Օհանյան