Երկուշաբթի, 10 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Ադրբեջանում կամայականորեն կալանավորված 23 հայերի նկատմամբ բեմադրված դատավարություններ են տեղի են ունենում». Արարատ Միրզոյան

«Ադրբեջանում կամայականորեն կալանավորված 23 հայերի նկատմամբ բեմադրված դատավարություններ են տեղի են ունենում». Արարատ Միրզոյան
192
Այսօր, 18:19

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում:

«...Հնդկաստանը եղել է առաջին երկրներից մեկը, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը 1991 թվականին: Ընդամենը 4 տարի անց մենք ստորագրեցինք մեր երկրների միջև Բարեկամության և համագործակցության վերաբերյալ պայմանագիրը, և այս տարի մենք արդեն նշում ենք այս կարևոր փաստաթղթի 30-ամյակը: Սա և՛ խորհրդանշական, և՛ կարևոր պահ է՝ գնահատելու այն ամենը, ինչ ձեռք է բերվել, և համատեղ աշխատելու ավելի հավակնոտ ծրագրերի ուղղությամբ:

Իհարկե, մեր ժողովուրդների միջև շփումները շատ ավելի հեռուն են ձգվում, քան վերջին 34 տարիները: Թեև մեզ բաժանում է աշխարհագրական հեռավորությունը, Հայաստանը միշտ դիտել է Հնդկաստանը՝ որպես մտերիմ գործընկեր՝ մի ժողովուրդ, որի հետ մենք կիսում ենք խորը քաղաքակրթական կապեր և բարեկամական հարաբերությունների երկար պատմություն:

...Թեև տնտեսական ակտիվությունն աճում է, այն դեռևս չի հասել ցանկալի մակարդակներին: Մենք նպատակ ունենք առաջիկա տարիներին էապես մեծացնել երկկողմ առևտրի ծավալները՝ կենտրոնացնելով մեր ջանքերը հայկական ընկերություններին Հնդկաստանի հետ գործարար կապեր հաստատելու հնարավորություններ ընձեռելու վրա: Այս ձգտումը դարձավ Երևանում կայացած Միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստի քննարկումների առանցքը, և որպես հայկական կողմի համանախագահող՝ ես հանձնառու եմ առաջնահերթություն տալ այս գործունեությանը՝ խթանելով ինստիտուցիոնալ ներգրավվածությունը և ուժեղացնելով բիզնեսից-կառավարություն (B2G) և բիզնեսից-բիզնես (B2B) փոխգործակցությունները: Կարծում եմ, որ մեր փորձագիտական համայնքները կարող են նպաստել այս ջանքերին՝ ավելի խորաթափանց վերլուծություններով և առաջարկություններով, որոնք կարող են ավելի մոտեցնել մեր գործարար շրջանակներին:

Մարդկանց, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի խոչընդոտների վերացումը կարևոր պայման է դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների կառուցվածքային սահմանափակումների հասցեագրման և համաշխարհային շուկայի ինտեգրման խթանման համար: Փոխկապակցվածության ընդլայնումը առանցքային նշանակություն ունի այս նպատակին հասնելու համար: Հայաստանը խորապես շահագրգռված է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի և Չաբահար նավահանգստի զարգացման նախաձեռնության շրջանակներում երկխոսության և համագործակցության խթանմամբ: Այս առումով, Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ համագործակցության ձևաչափը մեծ նշանակություն ունի, և ուրախ եմ, որ մենք արդեն նախաձեռնել ենք այս մեխանիզմը և գործնական քննարկումներ ենք սկսել այս հարցի շուրջ:

Հայաստանը և Հնդկաստանը կարող են հաստատել փոխշահավետ համագործակցություն բոլոր ոլորտներում: Բարձր տեխնոլոգիաները, ՏՏ-ն, կրթությունը, գիտությունը, զբոսաշրջությունը, ավիացիան, լոգիստիկան և դեղագործությունն առանձնանում են որպես համագործակցության հատկապես խոստումնալից ուղղություններ։

Ցավոք, Հայաստանն անմիջականորեն բախվել է այդպիսի մարտահրավերների: Չնայած բոլոր դժվարություններին, անվտանգության սպառնալիքներին, Հայաստանը հետևողականորեն աշխատում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի, և միայն երկխոսության միջոցով ձեռք բերված համաձայնությունները կարող են բերել երկարատև կայունություն և տարածաշրջանային առաջընթաց: Թերևս այս տեսլականը չէր կարող ավելի լավ սահմանվել, քան Մահաթմա Գանդիի հայտնի ուղերձում. «Չկա ճանապարհ դեպի խաղաղություն, խաղաղությունն է ճանապարհը»:

Այս համոզմամբ Հայաստանը ներգրավված է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում, և այսօր, ավելի քան երբևէ, մենք մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը, մի փաստաթղթի, որի միջոցով երկու երկրների միջև միջպետական հարաբերություններ կհաստատվեն՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների հարգման վրա։

Կարևոր է նշել, որ անցյալ տարի երկկողմ բանակցություններն արդեն հանգեցրեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի ստորագրմանը՝ ճանաչելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք. Ալմա-Աթայի հռչակագիրը վերահաստատեց, որ Խորհրդային միության փլուզումից հետո Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի վարչական սահմանները դարձել են երկու անկախ հանրապետությունների միջև միջազգային սահմաններ: Մենք հաջողությամբ արդեն սահմանազատել ենք ավելի քան 12 կիլոմետր սահման և աշխատում ենք գործընթացի արդյունավետ շարունակության ուղղությամբ, ինչը զգալիորեն նպաստում է տարածաշրջանային կայունությանը:

Հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում մենք Ադրբեջանին ներկայացրել ենք կոնկրետ, փոխշահավետ առաջարկներ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, որոնց իրականացման արդյունքում և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կարող են ապրանքներ փոխադրել միմյանց երկաթուղային ենթակառուցվածքով։

Բացի այդ, տարածաշրջանային կայունության և կանխատեսելիության ապահովման նպատակով, մենք ներկայացրել ենք սպառազինությունների փոխադարձ վերահսկման և ստուգման մեխանիզմի ստեղծման վերաբերյալ առաջարկ։

Ցավոք, մենք չենք կարող փաստել, որ մեր կառուցողական մոտեցումը լիովին փոխադարձվում է Ադրբեջանի կողմից։ Ավելին, մենք շարունակում ենք լսել բարձր մակարդակի հրապարակային հայտարարություններ և նարատիվներ, որոնք ենթադրում են ինքնիշխան Հայաստանի Հանրապետության դեմ տարածքային պահանջներ՝ ներառյալ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» նարատիվի միջոցով։

Միևնույն ժամանակ, դեռևս կան հումանիտար խնդիրներ, այն է՝ պահվող անձանձ ազատ արձակումը։ Մինչ մենք խոսում ենք այստեղ, Ադրբեջանում կամայականորեն կալանավորված 23 հայերի նկատմամբ բեմադրված դատավարություններ են տեղի են ունենում՝ անտեսելով մարդու իրավունքների չափանիշները և պատշաճ դատական գործընթացը։ Ամբողջական կարգավորման և տևական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասարակություններին պատրաստել հաշտեցման. չլուծված հումանիտար խնդիրները կարող են միայն խանգարել այդ գործընթացին։

Հայաստանը նաև ներգրավված է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Մենք վստահ ենք, որ լիարժեք կարգավորումը, հատկապես այս պահին դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը, էապես կնպաստեն տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը: Մենք շարունակում ենք այս երկխոսությունը և գործնական քայլեր ենք ձեռնարկել։ Նաև պայմանավորվել ենք համատեղ վերականգնել Անիի կամուրջը, որը երկու երկրների ընդհանուր սահմանին գտնվող նշանավոր պատմական վայր է: Սա լրացնում է արդեն իսկ իրականացված որոշումները, որոնք սահմանում են ուղիղ օդային թռիչքներ և վերացնում օդային բեռնափոխադրումների խոչընդոտները։ Մենք նաև պայմանավորվել ենք բացել սահմանը դիվանագիտական ​​անձնագրեր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար, թեև վերջիններս դեռ կյանքի չեն կոչվել։ Իրագործվելուց հետո այս համաձայնություններն օգուտ կբերեն ոչ միայն Հայաստանին և Թուրքիային, այլև ավելի լայն տարածաշրջանին, քանի որ ապաշրջափակված տրանսպորտային ուղիները կծառայեն որպես տարածաշրջանային խաղաղության և կայունության վճռորոշ գործոն:

Սիրելի՛ ընկերներ,

Գիտակցելով առևտրային և տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների բացման կարևորությունը, ինչպես կարող եք տեսնել իմ կողմից արդեն նշված առաջարկներից՝ Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը նպատակ ունի ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները՝ հիմնվելով ինքնիշխանության, ազգային իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։ Նախագծի էությունը ենթադրում է հարավկովկասյան բոլոր երկրների միջև հաղորդակցության զարգացում՝ վերանորոգված և նոր ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի, մալուխային կապերի և էլեկտրահաղորդման գծերի միջոցով։ Տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ բանակցություններում Հայաստանն առաջնորդվում է համապարփակ մոտեցման, ներառականության, տարածաշրջանային երթուղիների ոչ խտրական օգտագործման և բոլոր շահագրգիռ կողմերի համար բարգավաճ ապագայի կառուցման հնարավորության տեսլականով:

...Ամփոփելով՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև գործընկերությունը պարունակում է հսկայական ներուժ և հեռանկարներ բոլոր ուղղություններով։ 21-րդ դարի բարդ աշխարհաքաղաքական իրականության պայմաններում մեր երկրները միավորված են ոչ միայն ընդհանուր արժեքներով և պատմական կապերով, այլև համագործակցության, երկխոսության, փոխադարձ վստահության և հարգանքի վրա հիմնված համատեղ տեսլականով։

Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար։

Այժմ պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին»,- մասնավորապես ասել է Միրզոյանը։