Չորեքշաբթի, 12 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Նախագիծը պետք է անհապաղ հետ կանչվի». Տիգրան Քեյան

«Նախագիծը պետք է անհապաղ հետ կանչվի». Տիգրան Քեյան
175
Երեկ, 14:36

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության հիմնադիր Տիգրան Քեյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված Վարչական դատավարության օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը կոպտորեն խախտում է Սահմանադրությամբ ամրագրված անձանց իրավունքները։ Նախարարության վերջին պարզաբանումները, որոնք նպատակ ունեն հերքել հանրային մտահոգությունները, իրականում հաստատում են մեր բարձրացրած խնդիրները և մատնանշում նախագծի էության վտանգավորությունը։
Նախարարությունը փորձում է ներկայացնել, թե իբր նախագծով տուգանքի վճարումը չի դառնում պարտադիր նախապայման՝ բողոքարկման համար, սակայն իր իսկ պարզաբանումներում ընդունում է, որ՝
1) Եթե դատարանը մերժի հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը, վարչական ակտը չի կասեցվի, և անձը ստիպված կլինի վճարել տուգանքը՝ նույնիսկ դրա օրինականությունը վիճարկելու ընթացքում։
2) Եթե դատարանը նույնիսկ քննի գործը և կայացնի որոշում հօգուտ հայցվորի, տուգանքի գումարը միայն հետագայում, դատական գործընթացից հետո, ենթադրաբար կարող է վերադարձվել։
3) Այսինքն՝ փաստացի անձը զրկվում է իր իրավունքների պաշտպանության առանցքային հնարավորությունից՝ ստիպված լինելով նախ վճարել տուգանքը, այնուհետև պայքարել դրա օրինականությունը հաստատելու համար։
Այս մոտեցումը ակնհայտորեն հակասում է Սահմանադրության 61-րդ հոդվածով ամրագրված արդար դատաքննության իրավունքին, ինչպես նաև խախտում է անձանց սեփականության և պաշտպանվածության հիմնարար երաշխիքները։ Օրենսդրությամբ պետք է երաշխավորվի, որ մինչ վարչական ակտի օրինականության հարցը դատարանում վերջնականապես լուծված չլինի, որևէ հարկադրանք, այդ թվում՝ տուգանքի վճարման պահանջ, չի կարող կիրառվել։
Այս նախագիծը չի կարող դիտարկվել իրավական պետության սկզբունքներին համահունչ և պետք է անհապաղ հետ կանչվի»:

Աղբյուրը`   Տիգրան Քեյան