Երեքշաբթի, 08 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«ՀՀ-ում իշխանափոխությունից հետո ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը պետք է վերադառնա պետության արտաքին քաղաքական օրակարգ». ՀՀԿ ԳՄ

«ՀՀ-ում իշխանափոխությունից հետո ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը պետք է վերադառնա պետության արտաքին քաղաքական օրակարգ». ՀՀԿ ԳՄ
118
Երեկ, 19:30

Հայաստանի Հանրապետական կուսակության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որում ասված է. «ՀՀԿ Գործադիր մարմինը՝

– իր վրդովմունքը արտահայտելով գործող վարչախմբի կողմից տարվող արցախուրաց քաղաքականության նկատմամբ,
– արձագանքելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ կոչվող հիմնարկի վերջին մեկնաբանությանը,
– վերահաստատելով իր հավատարմությունը Արցախյան շարժման իդեալներին, սկզբունքներին և նպատակներին,

– սատարելով արցախահայությանը, այդ թվում՝ սեփական հայրենիքում ապրելու և ինքնորոշման իրավունքների պաշտպանության հարցերում, Կրկին փաստում է, որ.

– 2018-ի իշխանազավթումից հետո ՀՀ գործող վարչախումբը Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ որդեգրել է արկածախնդիր, դավաճանական և աղետալի քաղաքականություն:

– Հարցականի տակ դնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված և մինչ այդ երկար տարիների ընթացքում բանակցված կարգավորման Հիմնարար սկզբունքների և տարրերի ճակատագիրը՝ հակադրվել է միջազգային հանրությանը, փաստացի հրաժարվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջմղման և պաշտպանության սահմանադրական քաղաքականությունից՝ դիվանագիտական առավելություն ապահովելով ադրբեջանական կողմի համար:

– Փաստացի չեղարկելով Հայաստանի դիվանագիտական հաջողությունը հանդիսացող՝ Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի և Ժնևի 2016-2017 թվականների պայմանավորվածությունները՝ նպաստել է հարցը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի քաղաքականությանը և հայկական կողմին զրկել շփման գծում անվտանգության միջազգային մեխանիզմների ներդրման՝ միջնորդների հետ մինչ այդ համաձայնեցված փաստարկից:

– «Սեփական կետից» և «Ինչ ուզում ենք՝ բանակցում ենք» դավադիր ու կործանարար մոտեցումներով ապահովել է Ադրբեջանի համար բարենպաստ պայմաններ նախկինում ձեռք բերված հայանպաստ պայմանավորվածությունները միջազգային հանրության շրջանում չեզոքացնելու և զրոյացնելու գործում:

– Այս ձևախեղված և կանխամտածված քաղաքականությամբ հնարավորություն է ստեղծել ադրբեջանական ագրեսիայի համար, ապա խիստ կասկածելի ռազմական և դիվանագիտական հանգամանքներում տարել է երկիրը դեպի պարտություն ու կապիտուլյացիա։

– Հայ ժողովրդից թաքցրել և ցայսօր թաքցնում է մինչև պատերազմը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից 2019 թվականին արված նոր առաջարկությունների փաթեթը։

– 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին խաբել է ժողովրդին՝ խոստանալով, ապա նաև կառավարության ծրագրում ներառելով Ադրբեջանի կողմից զավթված արցախյան տարածքների դեօկուպացիա և խնդրի կարգավորում Հիմնարար սկզբունքների հիման վրա, իսկ հետո դրժել խոստումները

– Տրվելով գեոպոլիտիկ արկածախնդրությանը և թելելով հայ ժողովրդի հետ կապ չունեցող շահերը՝ «իջեցրել է Արցախի հարցի նշաձողը», միջնորդական սցենարներից նախընտրել Արցախի կարգավիճակի հարցը չեղարկող տարբերակը, 2022 թվականի հոկտեմբերին Գրանադայի, և այնուհետև Պրահայի հայտարարություններով հրաժարվել է Արցախի հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում պահելու և դրա լուծմանը հետամուտ լինելու սահմանադրական պարտավորությունից։

– Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակման և Արցախի շրջափակման ընթացքում չի գործադրել բավարար դիվանագիտական և հումանիտար ջանքեր միջազգային ճնշմամբ շրջափակումը վերացնելու, արցախահայության հումանիտարվճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ։

– Չի ցուցաբերել որևէ նախաձեռնություն 44-օրյա պատերազմի հրահրման և պատերազմի ընթացքում արձանագրված բազմաթիվ ռազմական հանցագործությունների համար Ադրբեջանի ղեկավարությանը միջազգային առկա իրավական գործիքակազմով պատասխանատվության կանչելու և ենթարկելու հարցով։

– Հանցավոր անգործությամբ 2023 թվականի սեպտեմբերին նպաստել է Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային և ցեղասպանական գործողություններին։

Այսպիսով.

1. Հայաստանի գործող վարչախումբը, պաշտոնավարման առաջին իսկ օրվանից իրականացրել է Արցախի հարցից հրաժարվելու դավաճանական քաղաքականություն։

2. Արցախի Հանրապետության լուծարման մասին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը չունի իրավական ուժ և թե՛ հակամարտության կողմերի, թե՛ միջազգային

հանրության համար չի կարող հիմք համարվել Արցախի հարցը փակելու և Ղարաբաղյան հակամարտությունը հանգուցալուծված համարելու համար։

3. Արցախի բռնի հայաթափումը, որն իրականացվեց Ադրբեջանի կողմից՝ Հայաստանի վարչախմբի անուղղակի հանցակցությամբ, մարդկության դեմ ոճիր է և ցեղասպանական գործողություն, որը չունի վաղեմության ժամկետ, և որի առաջացրած հետևանքները չեն կարող լեգիտիմ համարվել։

4. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ և Հայաստանում անխուսափելի իշխանափոխությունից հետո բանակցային գործընթացը պետք է վերադառնա պետության արտաքին քաղաքական օրակարգ, իսկ գործող վարչախմբի գործողություններն արժանան համարժեք իրավական գնահատականի»։