Երեքշաբթի, 08 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Շատ հայեր ցավալի երկընտրանքի առաջ են կանգնած». Արմեն Գևորգյան

«Շատ հայեր ցավալի երկընտրանքի առաջ են կանգնած». Արմեն Գևորգյան
140
Երեկ, 19:42

«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում ԵԽԽՎ Բյուրոյի և մշտական հանձնաժողովի գործունեության հաշվետվության ժամանակ
«7 ապրիլի, 2025թ.
Հարգելի' գործընկերներ,
Մեկ ամիս է անցել այն պահից, ինչ Հայաստանը և Ադրբեջանը հայտարարեցին այսպես կոչված խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման մասին: Միջազգային հանրության կողմից այս լուրն ընդունվեց «կառուցողական խանդավառությամբ»՝ չնայած այն հանգամանքին, որ հայ հասարակությունը դեռ չի տեսել պայմանագրի տեքստը, որն այդպես էլ հրապարակված չէ:
Պայմանագիրը դեռ չի ստորագրվել:
Հայաստանում շատերն այժմ այդ գաղտնի «խաղաղության պայմանագիրն» ընկալում են որպես մի բան, որը մեզ հեռացնում է իրական խաղաղությունից: Ապագայի հանդեպ վստահություն ստեղծելու փոխարեն ընթացիկ բանակցությունները խոր անվստահություն են առաջացրել: Խաղաղության գաղափարն ինքնին խեղաթյուրվում է, և շատ հայեր ցավալի երկընտրանքի առաջ են կանգնած՝ ընդունել այն որպես նոր դարաշրջանի մեկնա՞րկ, թե՞ որպես վերջնական պարտության խորհրդանիշ:
Համոզված եմ՝ կհամաձայնեք, որ ցանկացած համաձայնագրի արժեք ոչ միայն այն ստորագրելու, այլև հստակ երաշխիքների և արդյունավետ իրագործման մեխանիզմների առկայության մեջ է: Երկարատև խաղաղությունը պահանջում է զսպումների և հավասարակշռության ամուր համակարգեր, հատկապես՝ փխրուն տարածաշրջանային համատեքստերում: Մեր դեպքում այդպիսի մեխանիզմները լիովին բացակայում են:
Բացի այդ, բանակցությունների ընթացքում ի սկզբանե արդարադատության և էսկալացիայի նվազեցման խթանմանը միտված միջոցներն այժմ բացառված են, և Ադրբեջանը ցույց տվեց, թե ինչպես են հեշտությամբ անտեսվում եվրոպական զսպման մոտեցումները:
Հարգելի' գործընկերներ,
Թույլ տվեք մեկ անգամ ևս ձեր ուշադրությունը հրավիրել Բաքվում հայ գերիների նկատմամբ ներկայումս տեղի ունեցող խայտառակ դատավարությունների վրա: Դրանք շարունակելը հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ ո'չ ստորագրելու, և ո'չ էլ իրականում կյանքի կոչելու որևէ խաղաղության համաձայնագիր Հայաստանի հետ: Մենք չպետք է մոռանանք՝ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի հետ համաձայնությունները պահպանելու պատմություն չունեն, ոչ էլ՝ այդպիսի պատմություն կառուցելու մտադրություն: Նրանց նպատակը խաղաղ գոյակցությունը չէ, այլ «պատմական հնարավորության» օգտագործումը՝ վերջնականապես լուծելու այն, ինչ նրանք դեռ անվանում են «հայկական հարց»»:

Աղբյուրը`   Արմեն Գևորգյան