Երեքշաբթի, 15 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Քիչ է մնում՝ գան, մեր մեջքին էլ շենք կառուցեն»․ Բաբկեն Թունյան

«Քիչ է մնում՝ գան, մեր մեջքին էլ շենք կառուցեն»․ Բաբկեն Թունյան
203
Երեկ, 09:42

Երևանի Անաստաս Միկոյան 64 հասցեում կառուցված բնակելի 6 շենքից բաղկացած համալիրի բնակիչներից խլում են իրենց պատկանող՝ ընդհանուր բաժնային սեփականությունը։ Այս մասին հայտնում են բնակիչները, ովքեր առավոտից փակել էին Եղվարդի խճուղին։ Որոշ ժամանակ անց ճանապարհը բացվեց, բնակիչները հաղորդեցին, որ եթե պատկան մարմինները չլուծեն երեք տարի ձգվող խնդիրը, իրենք մեծ ակցիաներ կիրականացնեն։

Բնակիչները հայտնեցին, որ կառուցապատող «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն նախագծով ծանրաբեռնված և կանաչապատման ու բարեկարգման համար նախատեսված 0,4 հա հատվածն առանձնացրել է, այնուհետև վաճառել իրեն փոխկապակցված մեկ այլ ընկերության՝ «ԿԱԷՌ Մայնինգ» ՍՊԸ-ին, որտեղ, ըստ իրենց տեղեկության, պետք է շենք կառուցվի։

Բնակիչները նախապես հրապարակել էին իրենց պահանջագիրը, որտեղ մասնավորապես ասված է․ «Նախագծային փաստաթղթերով հաստատված և մեր գնման իրավունքներով սահմանված 3.37055 հա հողամասի նկատմամբ մեր ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի ապահովում,
● այս հողամասից 0.4 հա մակերեսով հողամասի առանձնացման մասով իրավական գնահատական և գործարքի չեղարկում,
● բացառապես ՀՀ օրենսդրության պահանջներին և գնման պայմանագրերի կետերին համապատասխան սեփականության իրավունքի փոխանցում,
● 3-րդ անձանց իրավունքներից ազատ գույքի փոխանցում գնորդներին,
● գնման պայմանագրերով ձեռք բերված անշարժ գույքի համար գնորդների կողմից որևէ լրացուցիչ գումարներ վճարելու բացառման երաշխավորում գրավառու Ամիօբանկ ՓԲԸ-ի կողմից․․․և այլն»։
ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը ևս այս շենքի բնակիչ է, նրա խոսքով՝ փոխանցման ակտը չի ստորագրելու․ «Հիմարություն է գրված այդ փոխանցման ակտում, ոչ միայն ես, այլև այս շենքի ոչ մի բնակիչ չի ստորագրելու, քիչ ա մնում՝ գան, մեր մեջքին էլ շենք կառուցեն»,- ասում է Թունյանը՝ նկատի ունենալով ապօրինի օտարված 0,4 հա հողի վրա նախատեսված շինությունը։ «Ինչ խոստացել են պետք է անեն, որի համար պետք է նաև կառավարության կողմից ճնշում լինի»,- ասաց Թունյանը՝ նշելով, որ աշխատանքային խումբ է ձևավորվել խնդրի լուծման համար։ Սակայն բնակիչների խոսքով նրանց ոչ միայն Ավինյանը չի ընդունում, այլև կառավարությունից հարկ չեն համարում լսել։

Միկոյան 64 շենքի բնակիչների ակցիան