Երեքշաբթի, 13 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Միայն Մխիթարյան միաբանությունը բավական է, որ Հռոմի պապի մակարդակով հարցեր լուծենք». Դավիթ Կարապետյան

«Միայն Մխիթարյան միաբանությունը բավական է, որ Հռոմի պապի մակարդակով հարցեր լուծենք». Դավիթ Կարապետյան
158
Այսօր, 00:48

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վատիկանից Վարշավա,
Երուսաղեմ ու Մոսկվա,
Կրեմլի Կիրիլ - Մեհրիբան,
Բացահայտենք մութ շղթան…
Նորություն չէ, որ Վատիկանը նաև կրոնաքաղաքական բիզնես կենտրոն է, իսկ որտեղ փող, «կրուպնի մագարիչ», կաշառք ու «ատկատ», այնտեղ՝ մեղք ու «ռազվռատ»:
Կյանքն է այդպես.
кто платит, тот заказывает музыку.
Ալիևին հաջողվեց փողով գնել Հունգարիան, այնտեղից հետ բերելով Ռամիլ Սաֆարովին, փողով գնել ու ՌԴ-ից հետ բերել մեկ այլ զինվորականի, ով գլխատել էր արցախցի պապիկին, փողով գնել եվրոռուս բարձրաստիճան չինովնիկների, նավթով գնել մի շարք եվրոպական երկրների առաջնորդների, փողով վարձել ահաբեկիչների, որոնք կռվեցին Արցախում, փողով գնել նաև Արցախն ու 44-օրյա «հաղթանակը»:
(5 միլիարդի ու Բաքվից բանկային փոխանցումը չենք մոռացել)…
Այնպես որ, այս շարքը շարունակելի է:
Այս համատեքստում ժամանակին Ալիևին
հաջողվեց Հռոմի Պապին բերել Բաքու, ով Հեյդար Ալիևի անվան մզկիթում մասնակցելով միջկրոնական միջոցառմանը՝ երկար ճառով փառաբանեց Ադրբեջանում կրոնական ազատությունն ու համերաշխության մթնոլորտը։
Այնուհետև, տարիներ անց, Ալիևը տիկնոջ հետ Պապի կողմից օծվեցին, իսկ Մեհրիբանը Ֆրանցիսկոսի կողմից պարգևատրվեց Վատիկանի բարձրագույն պապական ասպետական պարգևով՝ «Order of Pope Pius IX», քանի որ նրա ղեկավարած՝ Հեյդար Ալիևի հիմնադրամը ֆինանսավորել էր Վատիկանի կատակոմբների վերականգնման և Պապական գրադարանի ձեռագրերի թվայնացման ծրագրերը։
Իսկ այս տարի, ապրիլի 10-ին նրանց հաջողվեց Հռոմի պապական «Գրիգորյան համալսարանում»՝ «Քրիստոնեությունը Ադրբեջանում» վերտառությամբ գիտաժողով անցկացնել, որտեղ ադրբեջանցի և օտարազգի գիտնականները ներկայացնում էին Ադրբեջանի տարածքում քրիստոնեական ժառանգության «պաշտպանության» և «բազմամշակութայնության» հարցերը, Արցախի տարածքում գտնվող հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության բազմաթիվ կոթողներ, այդ թվում՝ Դադիվանքը, Ամարասը, Գանձասարը, Ղազանչեցոնցը ներկայացնելով որպես հին ալբանական կամ ուդիական ժառանգություն։
Համագումարին Հայաստանից կամ Հայաստանը ներկայացնող չի եղել, այն չեղարկելու կամ բողոքարկելու ոչ մի քայլ նախապես չի ձեռնարկվել:
ՀՀ իշխանությունները, Վատիկանում ՀՀ դեսպանատունը, Մայր Աթոռն անգամ գիտաժողովից հետո ոչինչ չեն ձեռնարկել, բողոքի նոտա չեն հղել:
Միայն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության առաջնորդ Արամ 1-ին վեհափառն է Հռոմի Պապին բողոք ներկայացրել ՝ փաստերը խեղաթյուրող գիտաժողովի անցկացումը թույլ տալու համար:
Իհարկե, այս ամենը չի թվարկվում, որ անիծենք, քարկոծենք, մատնանշենք Պապի անհավատարմությունը կամ բողոքենք մեր բախտից ու հետին խելքից:
Նրանք անում են այն, ինչ իրենց շահն է սպասարկում:
Սա նրա մասին է, որ մեղմ ասած թերանում ենք մեր անելիքներում:
Որ կաղում ենք այնտեղ, որտեղ պետք է աշխատանք տարվի։
Որ ապատիկ ու ամորֆ ենք դարձել, իսկ դա ճակատագրական ու անդառնալի հետևանքներով է հղի:
Որ մեր եկեղեցու և գործող իշխանությունների անգործության ու անհետևողականության պատճառով որպես երկիր ու ազգ կորցնում ենք հեղինակությունն ու հարգանքը:
Առավել ևս՝ որպես երկիր, որն աշխարհում առաջինն է ընդունել քրիստոնեությունը՝ որպես պետական ​​կրոն։
Վերոնշյալի արդյունքում է, որ Ադրբեջանի ալբանա-ուդիական քրիստոնեական համայնքի ներկայացուցիչները, այսպես կոչված՝ Ալբանական (Կովկասյան) եկեղեցու վերածննդից հետո առաջին անգամ մասնակցեցին Տիրոջ գերեզմանի տաճարից Սուրբ Կրակի դուրսբերմանը։
Ընդհանրապես, միջազգային պրակտիկայում ընդունված է Վատիկան ու Երուսաղեմ ուղարկել դեսպաններ, որոնք դիվանագիտական կորպուսի գուրուներն են։
Իսկ մենք այսօր չգիտենք, թե ով են հիմա Վատիկանում ու Իսրայելում մեր դեսպանները:
Սա արդեն իսկ պետության կողմից լուրջ թերացում է:
Իր մասով էլ՝ Սուրբ Աթոռը ոչ միայն կրոնական կառույց է, այլև միջազգային հարաբերությունների բավականին լուրջ սուբյեկտ, որն անելիք ունի:
Այս դեպքից հետո արձագանքն ու անելիքը հետևյալն է.
Հնարավոր բոլոր ընդունելի միջոցներով աղաղակել փաստերի խեղաթյուրման մասին,
բողոքի նոտա հղել, պահանջել պաշտոնական տեղեկագրերից հեռացնել
այդ անբարո գիտաժողովի մասին տեղեկատվությունը, ընդ որում՝ պայմանով որ նման հարթակ այլևս չի տրամադրվելու, այնուհետև ավելի բարձր մակարդակի գիտաժողով կազմակերպել՝ ներառելով հեղինակավոր մասնագետների, էթնոգետների, կրոնագետների, մշակութաբանների ու հայագետների։
Հատկապես Իտալիայում հայկական ահռելի ռեսուրս ունենք, որը ճիշտ չենք գործածում։
Միայն Մխիթարյան միաբանությունը բավական է, որ Հռոմի պապի մակարդակով հարցեր լուծենք:
Էլ չեմ խոսում, թե ինչ հեղինակություն, դերակատարություն ու լայն հնարավորություններ ունի Հայոց Պատրիարքությունն Երուսաղեմում, դեռևս 14-րդ դարից:
Ինչևէ, ֆրանցիսկոս Պապին «չներվեց հայերի նկատմամբ ուրացումն» ու հիմա ամոթից, թե տարիք-հիվանդությունից, համենայն դեպս՝ «Քրիստոնեությունը Ադրբեջանում» խայտառակ գիտաժողովից տասն օր անց նա վախճանվեց:
Հանուն արդարության պետք է ասել, որ Ֆրանցիսկոս պապի օրոք Գրիգոր Նարեկացին հռչակվեց տիեզերական եկեղեցու վարդապետ, նրա արձանը տեղադրվեց Վատիկանում, ճանաչվեց Հայոց ցեղասպանությունը, պատարագ մատուցվեց՝ ոգեկոչելու անմեղ զոհերի հիշատակը:
Նա նաև այցելեց Հայաստան՝ իրեն համարելով ուխտավոր դեպի առաջին քրիստոնյա երկիր, որտեղ նա այցելեց Ծիծեռնակաբերդ, Գյումրի, Խոր վիրապ:
Նրա օրոք Հայ առաքելական ու կաթոլիկ եկեղեցիների հարաբերությունները եթե ոչ աննախադեպ, ապա բավական բարձր մակարդակի են եղել ու բավական բեղմնավոր համագործակցություն է եղել:
Ադրբեջանը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ևս «Արևմտյան ադրբեջան» խորագրով ցուցահանդես է կազմակերպել։
Տվարդովսկի հրապարակում կազմակերպվել է ցուցահանդես՝ «Արեւմտյան Ադրբեջանի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով, որն ուղղված է հայկական մշակութային ժառանգության յուրացմանը և ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ հավակնություններին։
Ցուցահանդեսում Ադրբեջանի կողմից ներկայացվել են ՀՀ տարածքում գտնվող շուրջ 3.500 պատմամշակութային հուշարձան, 500 գերեզմանոց և 391 մզկիթ՝ որպես, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջանի» պատմական ժառանգության անբաժան մաս։
Մասնավորապես, ցուցահանդեսում ներկայացվեն են պաստառներ, որոնք Երևանը հիշատակելով՝ «Ռավան», «Իրավան», «Իրիվան» ներկայացրել են այն որպես ադրբեջանական մշակութային ժառանգության քաղաք։
Երևանի բերդը, պարսկական Կապույտ մզկիթը, Երևանի Պետական համալսարանի շենքը, անգամ հայկական ավանդական ուտեստներից տոլման ու ղավուրման, ժենգյալով հացն ու լավաշը, երաժշտական գործիքներից՝ դուդուկն ու զուռնան ներկայացվել են որպես ադրբեջանական։
Ընդ որում, ցուցահանդեսի բացման մասին պաշտոնական հաղորդագրությամբ նախապես հանդես է եկել Լեհաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանը:
Հերթական այս խայտառակության մասով կանխարգելիք գործառույթներ չեն իրականացվել, Հայաստանից արձագանք ևս չկա:
Արձագանք չկա նույնիսկ համայն Ռուսիո ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլի Բաքու այցի շրջանակներում՝ Մեհրիբան Ալիևային, իբր ավանդական արժեքների պահպանման համար, «Սուրբ Օլգայի» առաջին աստիճանի շքանշանով պարգևատրմանը:
Մի կնոջ, որի ընտանիքն անձամբ պատասխանատու է հայկական սրբավայրերի ոչնչացման, հնագույն վանքերի ավերման, Արցախի հազարավոր քրիստոնյաների վտարման ու սպանության համար, ովքեր քրիստոնեական ժառանգության, մշակութային ու հոգևոր արժեքների էթնոցիդ են իրականացնում, մշակութային խաչեր են ոտնահարում, վանքեր, եկեղեցիներ պայթեցնում կամ խեղում։
Մի մարդու, ով ամուսնու հետ հայատյացության մարմնացումն են, ում ծրագրերում Հայի և Հայաստանի ոչնչացումն է:
Ու սա պարզապես հայ ազգի դեմ ուղղված անբարոյական քայլ կամ պղծություն չէր, սա սրբապղծություն էր՝ ուղղված ողջ քրիստոնեությանը։
Իհարկե, հասկանալի է բարձրաստիճան եկեղեցականի «բիզնես գործուղման» ու նման շողոքորթության նպատակը, որն ի դեպ՝ պատշաճ չգնահատվեց:
Հասկանալի չէ, մեր քար լռության պատճառն այս կապակցությամբ:
Ինչ խոսք՝ լուռումունջ ենք:
Ձայն չհանենք, չխոսենք, «как бы чего не вышло»…
Չնայած՝ ձայն հանողն այս ամենը ջրի երես հանում է, վտանգները, հնարավոր ու հավանական սցենարներն ասում է, հետևություն անողն էլ իր հետևությունն անում է:
Իշխանություններն էլ որդեգրած՝ «ձայն բարբառո անապատի» իմպոտենտ քաղաքականությունը վարում է:
Սա է այսօրվա մեր իրականությունը…
Է՜հ…»:

Աղբյուրը`   Դավիթ Կարապետյան