«Թրամփի նախաձեռնությունը կասկածելի է և վտանգավոր»․ Դավիթ Անանյան
109
Այսօր, 16:48
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջին օրերին հանրային քննարկումների ուշադրության կենտրոնում են հարկման համակարգի հետ կապված հարցերը՝ հատկապես հարկային վարչարարությունը և ֆինանսական կարգապահությունը, որոնք հաճախ ուղեկցվում են տարաբնույթ մեկնաբանություններով և հուզական արձագանքներով։ Այս համատեքստում տեղեկատվական առումով էականության շեմը բարձրացնելու նկատառումներից ելնելով, արժե մի փոքր անդրադարձ կատարել միջազգային անցուդարձին, և, օրինակ՝ ներկայացնել Միացյալ Նահանգներում այդ ոլորտում տեղի ունեցող զարգացումները և նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրային նպատակները։ Նախորդ դարի սկզբին, մինչև ԱՄՆ-ում եկամտային հարկի հայտարարագրման համակարգի ներդրումը, երկրում բյուջեի հիմնական եկամուտները ապահովվում էին մաքսատուրքերի հաշվին։ Թե՝ այն ժամանակ, և թե՛ այժմ ԱՄՆ-ը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով և համախառն ներքին սպառման ծավալներով աշխարհում առաջատարն է, և, բնականաբար, ներմուծման ծավալները թե՛ մեկ դար առաջ, թե՛ այժմ զգալի են։ Հենց այս հանգամանքից ելնելով է, որ նախագահ Թրամփը փորձեր է անում ստեղծել «Արտաքին եկամուտների ծառայություն»՝ նպատակ ունենալով աստիճանաբար կրճատել կամ նույնիսկ վերացնել եկամտային հարկը և փոխարենը, մեծացնել երկրի մաքսային սահմանին գանձվող մաքսատուրքերն ու պարտադիր վճարները։ Վերջերս նախագահ Թրամփը իր սոցիալական ցանցերում նաև գրառում կատարեց, ըստ որի մաքսատուրքերի բարձրացման շնորհիվ հնարավոր կլինի ամբողջությամբ ազատել տարեկան 200,000 դոլարից ցածր եկամուտ ունեցողներին եկամտային հարկից: Նման տեսլականն անմիջապես բուռն արձագանք գտավ և բազում հարցեր ու մտահոգություններ առաջացրեց մասնագիտական հանրության մոտ, քանի որ, ըստ էության, «սակագնային պատերազմի» հիմնական զոհերը ոչ թե օտարերկրյա տնտեսություններն են լինելու, այլ ամերիկյան ներքին սպառողները, ովքեր բախվելու են գների թանկացմանը։ Մյուս կողմից, այսօր դաշնային բյուջեի եկամուտների ընդամենը փոքր մասն է գոյանում մաքսատուրքերի հաշվին: 2024 թվականին, օրինակ, 4.9 տրիլիոն դոլարի բյուջետային եկամուտներից մաքսատուրքերի բաժինը կազմել է ընդամենը 100 միլիարդ դոլար։ Միևնույն ժամանակ նախորդ տարի եկամտային հարկերն ապահովել են 2.4 տրիլիոն դոլար դաշնային եկամուտներ։ Բնականաբար, եկամտային հարկը մաքսատուրքերով փոխարինելու թրամփյան տեսլականի իրագործելիությունը գրեթե անհնար է նման համատեքստում։ Պատկերը հստակ է նաև կանխատեսումների վրա հիմնված թվերով։ Մասնագետների գնահատմամբ, եթե 200,000 դոլարից պակաս եկամուտ ունեցող անձիք ազատվեն եկամտային հարկից, դա 2025 թվականին կբերի մոտ 740 միլիարդ դոլարի բյուջետային կորստի, որը մի քանի անգամ գերազանցում է մաքսատուրքերի հնարավոր աճից սպասվող լրացուցիչ եկամուտները։ Բացի այդ, տնտեսական պատմությունն ու տվյալներն այդքան էլ օպտիմիստական ապագա չեն կանխորոշում Թրամփի առաջարկի համար։ 20-րդ դարի սկզբին, երբ մաքսատուրքերն ապահովում էին պետական եկամուտների նկատելի մասը, դաշնային կառավարության ծախսերը ՀՆԱ-ի ընդամենը 2%-ն էին՝ ընդգրկելով հիմնականում պետական պարտքի սպասարկումը, պաշտպանության ծախսերը և ենթակառուցվածքներին ուղղվող ծախսերը։ Այսօր, դաշնային ծախսերն առնվազն տասն անգամ ավելի մեծ են: Մաքսատուրքերի վրա հիմնված հարկային համակարգը ոչ միայն անարդյունավետ է ժամանակակից պետության համար, այլ նաև ռիսկային այն առումով, որ մասնագետների պնդմամբ նման համակարգը գործնականում բարձր կախվածություն է ունենալու Չինաստանի տնտեսությունից, ինչը քաղաքականապես անընդունելի է ԱՄՆ-ի քաղաքական շրջանակների համար։ Այսպիսով, նախագահ Թրամփի նախաձեռնությունը, որքան էլ ոչ ստանդարտ ու գրավիչ հնչի, գործնականում կասկածելի է և տնտեսական ռիսկերի առումով խիստ վտանգավոր»։