Կիրակի, 01 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Ամենակարևորը կրկին մնաց ստվերում»․ Մետաքսե Հակոբյան

«Ամենակարևորը կրկին մնաց ստվերում»․ Մետաքսե Հակոբյան
213
Ուրբաթ, 30 մայիսի, 2025 թ., 17:18

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս գիշեր Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Սյունիքի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ արձակված կրակոցները, որի հետևանքով վնասվել է բնակելի տուն և խոցվել է կենդանի, վկայում են Հայաստանի սահմանների շարունակական խոցելիության և անվտանգային համակարգի փաստացի բացակայության մասին։ Այս միջադեպը չպետք է դիտարկվի որպես սովորական սահմանային լարվածություն․ սա պետության տարածքային ամբողջականության, քաղաքացիների ֆիզիկական անվտանգության և ռազմաքաղաքական սուվերենության հերթական ոտնահարում է, իսկ ավելի կարճ՝ պատերազմ։
Այդուհանդերձ, այս ճակատագրական պահին, երբ պետությունը կանգնած է իր հարավային դարպասների պաշտպանման մարտահրավերի առաջ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահվածքը՝ հրապարակային ցինիզմը, քաղաքական անզորությունը և փողոցային հռետորաբանությունը, ոչ միայն անպատասխանատու են, այլև վտանգավոր։ Երբ երկրի ղեկավարի հրապարակային ելույթը շեղում է ուշադրությունը անվտանգային աղետի վրա կենտրոնանալու անհրաժեշտությունից և փոխարենը վերածվում է անձնական վիրավորանքների հարթակի, դա արդեն խոսում է պետական ապամոնտաժման քաղաքականության մասին։
Աշխարհագրական ճշգրտությամբ հարվածող կրակոցներին ի պատասխան՝ պետական լռություն, իսկ քաղաքական դաշտում՝ հռետորական կրակոցներ սեփական ժողովրդին։ Այս համադրությունը միայն մեկ բան է նշանակում՝ կառավարական մակարդակում տեղի է ունենում իրականության ժխտում, պատասխանատվության փախուստ և ժողովրդի պաշտպանված լինելու պահանջի խեղաթյուրում։
Հայաստանի Հանրապետության սահմանները չեն կարող պաշտպանվել վիրավորական մեմերով, իսկ հայերի անվտանգությունը չի ապահովվում «թասիբով տղու» կեցվածքներով։
…Համատարած լրջության, պետական մտածողության և ռազմավարական գործողությունների բացակայություն։
Հ.Գ. Լռելը դավաճանություն է, իսկ խոսելը՝ պատասխանատվություն»։

Աղբյուրը`   Մետաքսե Հակոբյան