Երեքշաբթի, 22 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Իսկ գուցե դեռ ուշ չի՞». Մարինե Պետրոսյան

«Իսկ գուցե դեռ ուշ չի՞». Մարինե Պետրոսյան
80
Այսօր, 01:24

Բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «1988: 1988-ի Ղարաբաղյան շարժում։ Հաղթանակ։ Հաղթանակ առաջին Ղարաբաղյան պատերազմում։ Սրանք հիմնասյուներն էին՝ Հայաստանի Հանրապետությունը սրանց վրա էր կանգնած։ Նիկոլ Փաշինյանը եկավ և սրանք քանդեց։ Հայաստանը տարավ պարտության և մեր հաղթանակի պտուղները լցրեց ջուրը։ Հետո ասեց՝ Ղարաբաղյան շարժումը սխալ էր, Ղարաբաղյան հաղթանակը Հայաստանի ինքնիշխանությանը խանգարում էր։ Էս ա մեխը։ Էս ա Նիկոլ Փաշինյանի գլխավոր արածը։ Նիկոլը մեխը խփել ա մեր ազգի ողնաշարին և շարունակելու ա խփել էնքան, մինչև լրիվ կոտրի։
Ղարաբաղյան շարժումը Հայաստանում ղեկավարել ա Ղարաբաղ կոմիտեն, որի առանցքային անդամներից էր Լևոն Տեր-Պետրոսյանը։ Տեր-Պետրոսյանը դարձավ նորանկախ Հայաստանի առաջին նախագահը։ Հենց Տեր-Պետրոսյանի օրոք մենք տարանք մեր հաղթանակը Արցախում։ Բայց Տեր-Պետրոսյանի նախագահության տարիները նաև տնտեսական մեծ դժվարությունների և սոցիալական կտրուկ անկման տարիներն էին։ Արդյունքում, եթե հայոց հասարակության մի որոշակի հատված պաշտամունքի հասնող սեր ունի առաջին՝ հաղթանակած նախագահի նկատմամբ, ապա մեկ ուրիշ, հաստատ ոչ ավելի փոքրաքանակ հատված, ատում ա առաջին նախագահին՝ որպես «ցուրտ ու մութ» տարիներ բերողի։
Հայաստանի երկրորդ նախագահը՝ Ռոբերտ Քոչարյանը, նույնպես Արցախյան շարժման ղեկավարներից էր՝ Արցախում։ Հետո կանչվեց Երևան և դարձավ Հայաստանի Հանրապետության նախ վարչապետը, հետո՝ երկրորդ նախագահը։ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի նկատմամբ նույնպես հայոց հասարակության բավական լայն շերտերում կա խոր և չթուլացող ատելություն՝ կապված Քոչարյանի իշխանության տարիներին կատարված անօրինականությունների հետ։
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես որպես քաղաքական գործիչ կայացել և հայտնի ա դարձել Արցախյան շարժման, Արցախյան հաղթական պատերազմի արդյունքում։ Հետո դարձել ա Հայաստանի երրորդ նախագահ՝ մարտի 1-ով ավարտված ընտրությունների արդյունքում։ Եվ Սերժ Սարգսյանի նկատմամբ նույնպես հայաստանյան հանրության մի մեծ հատվածի մեջ կա բացասական վերաբերմունք՝ կապված նման ձևով իշխանության եկած լինելու, իսկ վերջին տարիներին նաև՝ Նիկոլին բերած լինելու կասկածների հետ։
Հայաստանի նախկին երեք նախագահներն էլ, իրանց աջակից դեմքերով և ուժերով, Նիկոլ Փաշինյանի հիմնական ընդդիմությունն են էսօր։ Երկրորդ և երրորդ նախագահների աջակիցները՝ խորհրդարանում և փողոցում, իսկ առաջին նախագահն ու իրա աջակիցները՝ հիմնականում խոսքով և վերլուծությամբ։ Հիմնական ընդդիմությունն են, բայց արդեն քանի տարի պայքարելով՝ չեն կարողանում հաջողության հասնել։
Ինչո՞ւ։ Արդեն ասեցի՝ ինչու։ Որովհետև բոլոր երեք նախագահների նկատմամբ էլ հայաստանյան հանրության տարբեր շերտերի մեջ կա բացասական վերաբերմունք՝ նրանց իշխանության տարիների հետ կապված դառը հիշողությունների պատճառով։ Արդյունքում Նիկոլ Փաշինյանը հաղթող ա դուրս գալիս և պահում ա աթոռը։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պահում ա աթոռը, այլ նաև ջնջումի սև գիծ ա քաշել ամբողջ Ղարաբաղյան շարժման և դրա հիմքի վրա ստեղծված Հայաստանի Հանրապետության վրա։
* * *

Էս տեքստս գրելու ընթացքում Հայաստանում նոր ցնցումներ եղան։ Վաղը Նիկոլը հարձակվելու ա Վեհարանի վրա։ Մենք փաստացի ոնց որ վերադառնում ենք նախապետական ժամանակներին, երբ հայերս միլլեթ էինք թուրքական սուլթանությունում։ Խրիմյան Հայրիկի ականջը կանչի։
Բայց չէ, դեռ լրիվ ու վերջնական չենք վերադարձել նախապետական ժամանակներին, դեռ կա, դեռ մի քիչ կա Հայաստանի 1991-ին հռչակված հանրապետությունը, դեռ մի քիչ կա, չնայած աթոռին էսօր Նիկոլն ա նստած։
Իսկ գուցե դեռ ուշ չի՞, գուցե էս ծայրահեղ իրավիճակը օգնի Հայաստանի Հանրապետության առաջին, երկրորդ և երրորդ նախագահներին ոչ ստանդարտ լուծումնե՞ր գտնել։ Գուցե Սամվել Կարապետյանի գործոնը օգնի՞ դրան։
Երանի երանի։ Եղիցի»։

Աղբյուրը`   Մարինե Պետրոսյան