«Հորդորում եմ անհապաղ տրամադրել իմ պաշտպանյալի բժշկական ամբողջական պանակը»․ Զարուհի Փոստանջյան
147
Այսօր, 19:12
Փաստաբան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ ԱՐՏՈՆԱԳԻՐ N 30 Ում՝ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՏԵՓԱՆ ՍԱՄՎԵԼՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՑ 7 օգոստոս, 2025 թվական Պարոն Զեյնալյան, Սույնով կրկին հաստատում եմ իմ՝ որպես պաշտպանյալի՝ պարոն Ստեփան Սամվելյանի լիազորված պաշտպանի, պաշտոնական պահանջը՝ տրամադրել վերջինիս բժշկական ամբողջական փաստաթղթերը, ով ներկայում գտնվում է կալանքի տակ և վերջերս բուժում է ստացել ձեր կողմից ղեկավարվող կենտրոնում։ Ձեր կողմից վկայակոչված նորմատիվ ակտերը կիրառելի չեն քրեական վարույթի շրջանակներում, որտեղ ես հանդես եմ գալիս որպես իմ պաշտպանյալի օրինական ներկայացուցիչ։ Այդ իսկ պատճառով Ձեր մերժումը լուրջ խախտում է իմ պաշտպանյալի իրավունքների՝ ինչպես ազգային օրենսդրությամբ, այնպես էլ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով նախատեսված պաշտպանության շրջանակում։ Իմ պաշտպանյալը հստակ կերպով լիազորել է ինձ ստանալու իր բժշկական փաստաթղթերը։ Ես դա պահանջել եմ ոչ միայն նրա առողջական վիճակի վերահսկման համար, այլև ՄԻԵԴ դիմում նախապատրաստելու նպատակով՝ հատկապես Ձեր կողմից տրամադրված բժշկական օգնության որակի և շարունակականության տեսանկյունից։ Մինչ օրս Դուք չեք տրամադրել այդ փաստաթղթերը՝ հղում անելով իրավական տեսանկյունից անտեղի և չկիրառելի նորմերին, որոնք որևէ առնչություն չունեն քրեական վարույթում հանդես եկող պաշտպանի գործունեության հետ։ Ձեր մերժումը դիտարկում եմ որպես խիստ ձևական մոտեցում, որը խոչընդոտում է պաշտպանության իրավունքի իրագործումը։ Մասնավորապես, փաստում եմ հետևյալ մտահոգիչ հանգամանքները․ • 2025 թվականի օգոստոսի 1-ին, ապա 4-ին իմ պաշտպանյալը ենթարկվել է սրտի կորոնարոգրաֆիայի և ստենտավորման Ձեր հիվանդանոցում, • Ընդամենը մեկ օր անց՝ օգոստոսի 5-ին, նրան դուրս են գրել՝ առանց պատշաճ հետվիրահատական հսկողության կամ խնամքի ապահովման, • Ստեփան Սամվելյանի արդեն գոյություն ունեցող առողջական խնդիրները, այդ թվում՝ երիկամային անբավարարությունը և շաքարային դիաբետը, չեն դիտարկվել կամ պատշաճ կերպով չեն բուժվել, • Չնայած նրան նշանակվել էին մի շարք անհրաժեշտ դեղամիջոցներ՝ ձեր իսկ հիվանդանոցի բժիշկների կողմից, որոնք Ստեփան Սամվելյանը պետք է անպայմանորեն ընդուներ սրտի ստենտավորումից հետո, այդ դեղամիջոցներից ոչ մեկը նրան չի տրամադրվել առնվազն մինչև այսօր՝ այն է օգոստոսի 7-ը 2025 թվական, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում նրա առողջության և կյանքի համար։ Բացի այդ, ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ որոշ բժշկական հիմնարկներ, այդ թվում՝ Հերացի անվան համալսարանական հիվանդանոցը, լիովին կատարել են իրենց իրավական պարտականությունները և ինձ՝ որպես լիազորված պաշտպանի, տրամադրել են իրենց մոտ առկա բժշկական ամբողջական փաստաթղթերը՝ առանց հղում կատարելու Ձեր կողմից նշված ոչ կիրառելի իրավական նորմերին։ Ուստի հորդորում եմ Ձեզ մանրամասնորեն ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը՝ այն դրույթները, որոնք կարգավորում են պաշտպան-հաճախորդ հարաբերությունները քրեական վարույթի շրջանակում։ Ձեր ներկայիս մոտեցումը ոչ միայն իրավական հիմք չունի, այլև խաթարում է պաշտպանության հիմնարար երաշխիքները։ Ցանկացած դեպքում, ցանկանում եմ տեղեկացնել, որ ես պատշաճ կերպով փաստագրել եմ Ձեր հիմնարկի՝ բավարար բժշկական խնամք ապահովելու ձախողումը՝ հիմնվելով այսօր ստացած բժշկական փաստաթղթերի վրա։ Դրանք, մասնավորապես, վերաբերում են նրան, որ Դուք դուրս եք գրել իմ պաշտպանյալի հիվանդանոցից լուրջ սրտաբանական միջամտությունից ընդամենը մեկ օր անց՝ առանց պատշաճ հետվիրահատական հսկողության կազմակերպման, ինչպես նաև նրան, որ Դուք նրան չեք տրամադրել նշանակված դեղամիջոցները և այն ընդունելու ձեաչափը: Այսինքն, Ստեփան Սամվելյանը զրկված է դեղեր ստանալու հնարավորությունից արդեն երկու օր շարունակ, ինչը վտանգում է իմ պաշտպանյալի կյանքի հիմնարար իրավունքը: Ձեր պահանջը՝ ինձանից ներկայացնել անձնագիր, կրկին որևէ իրավական հիմք չունի։ Ես արդեն ներկայացրել եմ իմ փաստաբանի վկայականը, որը լիովին բավարար է՝ իմ պաշտպանյալի անունից գործելու համար։ Հայաստանի քրեական օրենսդրությամբ որևէ դրույթ գոյություն չունի, որը Ձեզ լիազորում է մերժել պաշտպանին՝ իր լիազորությունները իրացնելու համար բժշկական փաստաթղթերի տրամադրումը։ Եթե ունեք որևէ կոնկրետ իրավական դրույթ, որը Ձեր հիմնարկին իրավունք է տալիս մերժել բժշկական տեղեկությունների տրամադրումը քրեական գործով հանդես եկող օրինական պաշտպանին, խնդրում եմ այն հստակ նշել։ Հակառակ դեպքում՝ Ձեր մերժումը դիտարկում եմ որպես ապօրինի գործողություն, որը խոչընդոտում է արդարադատության իրականացումը և իմ պաշտպանյալի՝ առողջության և արդյունավետ պաշտպանության իրավունքները։ Հիշեցնում եմ, որ ոչ միայն ձեր բուժհաստատության պատասխանատվության մասին է խոսքը, այլ նաև՝ պետության, քանի որ իմ պաշտպանյալը՝ որպես կալանավորված անձ, գտնվում է պետության հսկողության ներքո : Խստորեն հորդորում եմ անհապաղ տրամադրել իմ պաշտպանյալի բժշկական ամբողջական պանակը՝ առանց որևէ հետագա անհարկի ձգձգման։ Ձեր ոչ հիմնավոր և անօրինական մերժումը դիտարկում եմ որպես կանխամտածված արգելք Ստեփան Սամվելյանի ՄԻԵԴ-ով երախավորված հիմնարար իրավունքների համատեքստում։ Հարգանքով՝ Մեղադրյալ՝ Ստեփան Սամվելյանի պաշտպան Զարուհի Փոստանջյան»։