Երկուշաբթի, 11 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Երևանում ապրելու համար անհրաժեշտ բնական բոլոր պայմանները ոչնչացված են». Աննա Կոստանյան

«Երևանում ապրելու համար անհրաժեշտ բնական բոլոր պայմանները ոչնչացված են». Աննա Կոստանյան
60
Երեկ, 21:30

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Համացանցում տարածվում է Նուբարաշենի աղբանոց-աղետանոցի տեսանյութեր։ Երևանցիներն ամառային շոգից, տապից, տոթից ու փոշուց խեղդված՝ ստիպված են հանդուրժել նաև տասնամյակներ կուտակված աղբի այրման հետևանքով առաջացած ծուխը։ Երևանը էկոլոգիական աղետի առաջ է կանգնած, այստեղ ապրելն այլևս անտանելի ու առողջության համար ծայրահեղ վտանգավոր է դարձել, և սա կարող եմ ասել իմ սեփական օրինակով. ամեն առավոտ արթնանում ես ծանրության զգացումով՝ հոգնած, ֆիզիկապես թույլ ու ծույլ։ Երևանում ապրելու համար անհրաժեշտ բնական բոլոր պայմանները ոչնչացված են. ստվեր ապահովող ծառերը կտրել են, չկա մաքուր օդ նույնիսկ հորդառատ անձրևից հետո, որովհետև օդում շինարարական նպատակով կիրառվող նյութերն ու հարակից մարզերի փոքր ու միջին կրծած սարերի ու բլրակների ավազն ամբողջությամբ քամին լցրել է ցածրադիր փոսը՝ Երևան։ Մեգամայրաքաղաք կառուցելու համար մասսայական տրվող շինթույլտվությունները բյուջե լցնելու նպատակով աղետ են դարձել երևանաբնակ մարդու համար. թվում է, թե մայրաքաղաքը զարգացում է ապրում, սակայն միջին վիճակագրական քաղաքացու կենսամակարդակը կտրուկ իջել է, ու սա հասկանալու համար բավարար է ընդամենը այցելել երևանյան ցանկացած բժշկական հաստատություն ու մեկ ժամ նստելով հետևել հերթերին։ Եթե վիճակագրական մարմինների տարեկան զեկույցներն ուսումնասիրեք, կպարզեք, թե որքան են շատացել Երևանում ապրող մարդկանց սրտանոթային հիվանդությունները, չեմ խոսում այլ՝ բազմատեսակ խնդիրների մասին, որոնք առաջանում են նման աղտոտ միջավայրում ապրող մարդկանց մոտ։
Հայաստանը՝ որպես տեխնոլոգիական պետություն (այդպես են չէ՞ սիրում ասել տնտեսական կամուրջներից հրճվանք ապրող այս նորագույնները) վաղուց պետք է ունենար աղբի վերամշակման գործարան. պոլիէթիլենային տոպրակների օրենքը զոռով ընդունել տվեցին, աղբի սորտավորման մի քանի իմիտատիվ՝ գունավոր ու պլաստիկե արկղ շարեցին մատերի վրա հաշված վայրերում, անունը դրեցին աղբի կառավարման պրոգրես։ Իսկ վերահսկողություն կա՞, արդյոք այդ գունազարդ տարաներում աղբն իսկապես սորտավորվում է, թե զուտ օտարերկրացիների աչքին թոզ փչելու համար արվեց։
Հիշում եմ 2013 կամ 2014 թվականն էր, աշխատում էի մի կազմակերպությունում, որտեղ աշխատանքի բերումով պետք է թարգմանեի չինական մի կազմակերպության կողմից ներկայացված՝ աղբի վերամշակման գործարանի սարքավորումների ու դրանց տեղայնացման մանուալ։ Չեմ հիշում ով էր այն ժամանակ էկոնոմիկայի նախարարը, բայց շատ լավ հիշում եմ, թե ինչու այդ պրոյեկտը դադարեցվեց. չինական կողմի պարտավորությունների շրջանակը ծրագիրն ու ներդրումներն էին, գործարանի կառուցումը, տեղացի աշխատողներին կրթական ծրագրով ապահովելը, և միակ պահանջը հայկական կողմից՝ ապահովել համապատասխան տարածքն (որը կարծեմ արդեն կար) ու տրամադրել «աղբը»։ Ու կռահեք, թե ինչու պրոյեկտը վիժեցվեց. դե պարզապես մեր խելոքներն ուզում էին իրենց «սիրասուն» աղբը փողով ծախել չինացիներին։
Արդյունքում էսօր Երևանը շրջապատված է ծխացող աղբի բարձր բլուրներով, որոնք այնքան են բարձրացել, որ շուտով շուռ կգան ու կթափվեն հետ ուղիղ մայրաքաղաքի մեջ»։

Աղբյուրը`   Աննա Կոստանյան