Երկուշաբթի, 11 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Իրանից ադեկվատ ազդակներ են գալիս». Ռոբերտ Անանյան

«Իրանից ադեկվատ ազդակներ են գալիս». Ռոբերտ Անանյան
191
Երեկ, 23:06

Լրագրող Ռոբերտ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրանից ադեկվատ ազդակներ են գալիս Հայաստան-ԱՄՆ կոմունիկացիոն գործարքի վերաբերյալ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պատասխանել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, մասնավորապես, «Թրամփի ուղու» վերաբերյալ լրագրողների հարցին: Նախագահ Փեզեշքիանն ասել է հետևյալը. «Այնպես չէ, ինչպես լուրերում ուռճացնում են։ Այս ուղու հետ կապված՝ Իսլամական Հանրապետության պահանջները հաշվի են առնվել»։ Լրագրողի հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ ներկայությունը չի մտահոգում Իրանին, նա պատասխանել է. «Հարցերից մեկը դա է։ Բայց տարածքային ամբողջականության հարցը, դեպի Եվրոպա կամ հյուսիս մեր ճանապարհի չփակվելու հարցերը հաշվի են առնվել։ Միակ մտահոգությունն այն է, որ ամերիկյան ու հայկական ընկերություններն են այդ ճանապարհը կառուցելու»։
Այսինքն, դատելով Իրանի նախագահի խոսքից՝ Իրանը համարում է, որ «Թրամփի ուղին» չի արգելափակում Իրանի ճանապարհը դեպի հյուսիս և Եվրոպա։ Այլ պաշտոնական Թեհրանը մտահոգված է, որ ամերիկյան և հայկական ընկերություններ են կառուցելու ճանապարհը։
Ես կարծում եմ՝ Հայաստանը և ԱՄՆ-ն երկաթուղագծերի, ավտոճանապարհների կառուցմանը կարող են ներգրավվել նաև իրանական ընկերությունների։ Նրանցից որոշները Եվրոմիության ֆինանսավորմամբ այսօր մասնակցում են Հայաստանում «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցմանը։
Հաջորդը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերին, նշել է․ «Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններին, պետք է ասել, որ մենք բազմիցս քննարկումներ ենք ունեցել նրանց հետ։ Վաղը ինձ կզանգահարի Հայաստանի արտգործնախարարը։ Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանը նույնպես կզանգահարի, իսկ երեքշաբթի օրը նախատեսված է Հայաստանի փոխարտգործնախարարի այցը Թեհրան։
Մենք կողմերի հետ անընդհատ խորհրդակցությունների մեջ ենք։ Զանգեզուրի և բարձրացված հարցերի վերաբերյալ մեր դիրքորոշումը լիովին պարզ է. մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղություն, և մենք նախկինում հայտարարել ենք մեր պատրաստակամության մասին համագործակցել և օգնել երկու երկրների միջև խաղաղության գործընթացին։
Տարածաշրջանի վերաբերյալ մեր դիրքորոշումները նույնպես պարզ են. մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանի բոլոր երկրները լիակատար ինքնիշխանություն պահպանեն իրենց տարածքների նկատմամբ և աջակցում ենք տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը։ Մենք նաև պաշտպանում ենք միջազգային սահմանները և չենք ընդունում դրանցում որևէ փոփոխություն։
Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը ներառում է հետևյալ երեք սկզբունքները՝ տարածաշրջանի երկրների ինքնիշխանության նկատմամբ հարգանք, տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանք և ընդդիմություն սահմանների ցանկացած փոփոխությանը։
Սրանք բացարձակապես համապատասխանում են Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումներին։ Միջանցքի հարցը լիովին մի կողմ է դրվել, և խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է, որը կկառուցվի Հայաստանի ինքնիշխանության և իրավասության ներքո՝ այս երկրի տարածքում։ Այս նախագծի իրականացումը մի ընկերության պատասխանատվությունն է, որն, ինչպես ասվել է, կլինի ամերիկա-հայկական ընկերություն, որը գրանցված է Հայաստանում և գործում է այս երկրի օրենքներով։
Իհարկե, ինչպես նշվել է արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, տարածաշրջանում ցանկացած օտարերկրյա ներկայություն, ցանկացած ձևով, կարող է բացասական հետևանքներ ունենալ տարածաշրջանի խաղաղության և կայունության համար։ Մենք միշտ բարձրացրել ենք այս հարցը ադրբեջանական և հայկական կողմերի հետ և վերահաստատելու ենք այն։
Մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին։ Մինչ այժմ մեր սկզբունքային դիրքորոշումները հարգվել են, բայց ամերիկյան ընկերության հնարավոր ներկայությունը մտահոգության տեղիք է տալիս, և մենք կշարունակենք այս հարցով մեր խորհրդակցությունները։
Իրանը զգուշացրել է տարածաշրջանում ցանկացած օտարերկրյա ներկայության առնչությամբ և ընդգծել, որ նման գործողությունը կարող է սպառնալ խաղաղությանը և կայունությանը։ Ամերիկյան ընկերության հնարավոր ներկայությունը այս նախագծում մտահոգության առիթ է Իրանի համար, և այս հարցը քննարկվել է կողմերի հետ, և զարգացումներին ուշադիր հետևում ենք»:
Ես կարծում եմ, որ Հայաստանի հարավային շրջանները կարող են դառնալ Իրանի, ԱՄՆ-ի, Հայաստանի, ԵՄ-ի համագործակցության հրաշալի օրինակ։ Հայաստանը ռեգիոն չի բերում առճակատումային սխեմաներ, այլ ձգտում է ռեգիոնալ ապաշրջափակման, որը օգուտներ կբերի ինչպես Իրանին, այնպես էլ մեզ և արևմտյան մեր գործընկերներին։
Որպես դրական ժեստ՝ ԱՄՆ-ն կարող է նաև Իրանի դեմ որոշ տնտեսական սանկցիաներ չեղարկել՝ ցույց տալու, որ հայ-ամերիկյան այս գործակցությունը իրանական կողմին տնտեսապես կամ քաղաքականապես թուլացնելը չէ, կամ բլոկադայի ենթարկելը։
Ինչքան Իրանի համար է կարևոր Հայաստանի հետ անխափան կապ ունենալը, նույնքան Հայաստանի հետ է կարևոր Իրանի հետ անխափան կապը։ Ավելին՝ հայ-ամերիկյան ընկերության ներգրավումը Հայաստանի օրենսդրության հարգմամբ՝ կկանխարգելի միջանցքային տրամաբանությունը, և կկանխի վտանգը, որ Իրանի հետ սահմանը դուրս գա Հայաստանի վերահսկողությունից։
Եթե այնտեղ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության զինծառայողներ տեղակայվեին, և հայ-իրանական սահմանը շարունակեին հսկել ռուսները, դա կնշանակեր, որ մենք կորցնում ենք հարավային սահմանի նկատմամբ վերահսկողությունը։ Սակայն Հայաստանն է ապահովելու ճանապարհի անվտանգությունը։
Այնտեղ չի գալու ամերիկյան ռազմական ուժ, չեն գալու ամերիկյան հատուկ ծառայություններ, չեն գալու ԱՄՆ-ի պետական կառույցների ներկայացուցիչներ՝ ինչպես փորձում են խեղաթյուրել ռուսական կեղծ լուրեր տարածող պրոպագանդիստները։ Վստահ եմ՝ Հայաստանին կհաջողվի Իրանի մտահոգությունները փարատել և շարունակել մեր երկրների դրական գործակցությունը։
Վերջին օրերին Իրանից ծայրահեղ ագրեսիվ հայտարարություններ են հնչել հայ-ամերիկյան գործարքի թեմայով։
«Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ոչ թե խաղաղության միջանցք է, այլ պատերազմի»,- այս մասին Իրանի խորհրդարանի փոխնախագահ Ալի Նիկզադն ասել է տեղական լրատվամիջոցների հետ զրույցում։ Նա նշել է, որ Իրանի խորհրդարանը դեմ է այս ծրագրին:
«Ինչո՞ւ է ԱՄՆ նախագահը միջամտում տարածաշրջանի գործերին 13 000 կիլոմետր հեռավորությունից, և եթե դա առևտրային միջանցք է, ապա ինչո՞ւ են նրանք ուզում ռազմականացված ընկերություն հիմնել»,– ասել է նա։
Իսկ Հայաստանում Իրանի նախկին դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը Իրանի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, նշել է, որ թույլ չեն տա, որ ԱՄՆ-ի ծրագրերն իրականացվեն․ «Կովկասը մերն է, այնպիսի ընդհանուր սահման, ինչպիսին մենք ունենք, ոչ ոք չունի։ Այնպես չէ, որ կարծեք՝ ԱՄՆ-ի յուրաքանչյուր ծրագիր իրականացվելու է, ընդհանրապես այդպես չէ։ Մեր ուժերը պատրաստ են, և եթե որևէ բան լինի, մեր ուժերն առաջինը կլինեն, որ կմտնեն տարածաշրջան։ Մենք դա պաշտոնապես հայտարարել ենք։ Մենք դա հաստատակամ ենք ասել։ Մենք ոչ մեկի հետ կաշկանդված չենք»։
Tasnim լրատվական գործակալության լրագրողի հետ հարցազրույցում Իրանի Գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս «Զանգեզուր» միջանցքի վերաբերյալ ձեռնարկած քայլի և այս անցուղին 99 տարով վարձակալելու իր պնդման մասին հարցին, ասել է. «Արդյո՞ք Հարավային Կովկասը անտեր տարածաշրջան է, որ Թրամփը վարձակալի այն։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական կետերից մեկն է, և այս անցուղին չի դառնա Թրամփի սեփականությունը հանդիսացող միջանցք, այլ կդառնա գերեզմանատուն Թրամփի վարձկանների համար»։
Շեշտելով Իրանի մշտական ​​հակադրությունը այսպես կոչված Զանգեզուրի միջանցք ձևավորմանը, նա բացատրել է Իրանի դեմ լինելու պատճառները՝ ընդգծելով, որ այս միջանցքը փոխում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը, տեղաշարժում է սահմանները և նախատեսված է Հայաստանը մասնատելու համար։
«Երբ Թուրքիան և Ադրբեջանը պնդում էին այս միջանցքը կառուցելու իրենց պահանջի վրա, Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը, այն ժամանակվա Իրանի զինված ուժերի շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Շահիդ Բաղերիի հրամանատարությամբ, բազմաթիվ զորավարժություններ անցկացրեցին Իրանի հյուսիս-արևմուտքում, ինչը ցույց տվեց մեր երկրի պատրաստակամությունն ու լրջությունը՝ կանխելու այս գործողությունը»։
Ընդգծելով, որ «մեկ այլ երկրի կողմից միջանցք վարձակալելը միամիտ հայտարարություն է, և Թրամփը միամիտ է ձևանում», Վելայաթին հայտարարել է. «Այս պնդումը, որ Թրամփը միջանցք է վարձակալում աշխարհի այս կողմում, նման է աշխարհի այս կողմում գտնվող մեկի կողմից Պանամայի ջրանցքը վարձակալելուն։ Սա անհնար է և չի լինելու»։
Նշելով, որ «Թրամփը, ինչպես միշտ, անում է աչքի ընկնող, բայց անբովանդակ հայտարարություններ», Վիլայեթին ասել է. «Թրամփը կարծում է, որ ինքը անշարժ գույքի գործակալ է և ուզում է վարձակալել երկրամաս կամ տարածաշրջան։ Ռուսաստանի հետ, թե առանց նրա, մենք կկանխենք Հարավային Կովկասի անվտանգության վտանգումը։
Այս դավադրության իրականացմամբ Հարավային Կովկասի անվտանգությունը կվտանգվի, և, հետևաբար, Իրանը ընդգծել է, որ կշարժվի Հարավային Կովկասի անվտանգության ուղղությամբ՝ Ռուսաստանի հետ, թե առանց նրա, և, իհարկե, մենք կարծում ենք, որ Ռուսաստանը նույնպես ռազմավարական առումով դեմ է այս միջանցքին»։

Աղբյուրը`   Ռոբերտ Անանյան