«Պետք է զգուշանալ, երբ ագրեսորը խոսում է խաղաղությունից»․ Արմեն Հովասափյան
51
Այսօր, 17:10
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլի «խաղաղության» գաղափարի մասին մետաստազները և Բաքվից հնչող ռազմատենչ պնդումները լսելիս հիշեցի աշխարհահռչակ գերմանացի ռազմական տեսաբան Կառլ Կլաուզևիցի այն միտքը, ըստ որի՝ «ագրեսորը միշտ իրական խաղաղություն սիրողն է․ ավելին՝ նա կգերադասեր տիրանալ ձեր տարածքին առանց որևէ դիմադրության հանդիպելու»։ Կլաուզևիցի՝ 150 տարի առաջ ասված այս միտքը երբեք չի կորցրել իր արդիականությունը։ Այս խոսքերը գուցե առաջին հայացքից պարզ են թվում։ Իրականում դրանք բացահայտում են քաղաքական ագրեսիայի խորքային տրամաբանությունն ու հոգեբանությունը՝ այն կերպ, ինչպես այն դրսևորվել է բազմաթիվ պատմական դեպքերում։ Գաղտնիք չէ, որ ագրեսորը շատ հաճախ հանդես է գալիս ոչ թե որպես հարձակվող, այլ որպես խաղաղություն պահպանող, ինքնապաշտպանվող կամ արդարության վերականգնող։ Նա ձգտում է հնարավորինս խուսափել դիմադրությունից՝ ոչ թե «բարությամբ» պայմանավորված, այլ որովհետև դիմադրությունը բերում է կորուստներ, իսկ դա նշանակում է քաղաքական և ռազմական ռիսկ։ Այլ կերպ ասած՝ խաղաղության կոչերն ու բարոյականության պաթոսը դառնում են գործիքներ՝ իրական նպատակները քողարկելու համար։ Պատմական տարբեր ժամանակաշրջանների օրինակները վկայում են, որ այս երևույթը համընդհանուր բնույթ ունի։ Ժամանակին Հիտլերը հայտարարում էր, թե ցանկանում է միայն միավորել գերմանացիներին առանց պատերազմների և խաղաղությամբ միացնել Սուդետի մարզը։ Արևմտյան առաջնորդները հավատացին՝ հանձնելով տարածքը Մյունխենի համաձայնագրով։ Արդյունքում եղավ Չեխոսլովակիայի ամբողջական օկուպացիան և Եվրոպայի սրտում նոր պատերազմի բռնկումը։ Բացի դրանից 1931-ին Ճապոնիան «խաղաղությամբ» ցանկանում էր վերահսկել Մանջուրիան՝ տնտեսական ու ռազմավարական նպատակներով։ Գործողությունը ներկայացվում էր որպես «կարգի հաստատում», սակայն իրականում այն դարձավ նոր կայսրության կառուցման մեկնարկ։ Ցցուն դեմքեր են նաև, երբ, նախ 1956-ի Հունգարիայում, ապա 1968-ին Չեխոսլովակիայում, տեղի ունեցած հեղափոխական շարժումները ճնշվեցին ԽՍՀՄ-ի կողմից՝ «հակահեղափոխության վտանգը չեզոքացնելու» պատրվակով։ Խաղաղության լեզվով՝ տանկեր մտցվեցին մայրաքաղաքներ։ Ավելի թարմ. Իրաքում 2003-ին ԱՄՆ-ը հայտարարեց զանգվածային ոչնչացման զենքերի սպառնալիքի մասին և խոստացավ «ազատագրել» իրաքցիներին։ Սակայն այդ զենքերը երբեք չգտնվեցին, իսկ երկիրը սուզվեց քաոսի ու արյունահեղության մեջ։ Իսկ, օրինամ Թուրքիայի ներխուժումը Կիպրոս (1974) ներկայացվեց որպես կիպրոսցի թուրքերի պաշտպանություն, սակայն փաստացի գրավվեց երկրի տարածքը, որը մինչ օրս բաժանված է՝ մշտական լարվածությամբ ու ռազմական ներկայությամբ։ Այս բոլոր դեպքերում մի բան մշտապես կրկնվում է․ ագրեսորը ձգտում է խուսափել դիմադրությունից՝ խաղալով զոհի, փրկչի կամ խաղաղարարի դերը։ Նա նախընտրում է հնազանդություն «բարյացակամ բանակցությունների» միջոցով, իսկ եթե այդպես չի ստացվում՝ դիմում է բացահայտ ճնշման։ Խաղաղասիրական լեզուն, փաստորեն, դառնում է քաղաքական լեգիտիմության ստացման, միջազգային արձագանքը մեղմացնելու կամ ներքին հանրությանը մանիպուլացնելու փայլուն գործիք։ Ամփոփելով՝ պատմական փորձը ցույց է տալիս, որ երբ ագրեսորը խոսում է «խաղաղությունից», իրականում պետք է շատ ավելի զգուշանալ, քան երբ նա խոսում է պատերազմի մասին․ որովհետև խաղաղասիրական խոստումները շատ հաճախ նոր բռնության ու հերթական արհավիրքի նախերգանք են հանդիասանում»: