Ուրբաթ, 17 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Նիկոլը եկեղեցու դեմ մղվող կռվում էլ կարող է հաջողել»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Նիկոլը եկեղեցու դեմ մղվող կռվում էլ կարող է հաջողել»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
137
Այսօր, 10:42

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հետևելով վերջին երկու օրերի զարգացումներին՝ սկսում եմ մտածել, որ Նիկոլը, ցավոք, եկեղեցու դեմ մղվող այս կռվում էլ կարող է հաջողել։ Ավելին՝ իր առջև դրված խնդիրների կեսն արդեն լուծել է։ Մնացած կեսը լուծելու համար բավական ժամանակ ունի։ Չի շտապելու։ Դանդաղ է աշխատելու, բայց հետևողական։
Վստահ եմ՝ Նիկոլը նախապես գիտեր, թե հոգևորականներից ով և որ պահին է միանալու եկեղեցու դեմ արշավին, ով և որ պահին է ողջույններ ու օրհնություն փոխանցելու իրեն և դեռ ով ու ինչ կանի մոտ ապագայում։ Եկեղեցու դեմ իրականացվող այս արշավի սցենարը նախապես էր մշակված և մինչ այս պահը, վստահ եմ՝ անշեղորեն է իրագործվում։
Հարցս այլ է։ Իսկ ո՞րն է եկեղեցին պաշտպանելու ծրագիրը։ Տարբեր քաղաքական գործիչների հայտարարություններ եմ կարդում ու ոչինչ չեմ հասկանում՝ վերջն ի՞նչ։ Մի բան արվելու է, թե՞ մի քիչ էլ Նիկոլին կքննադատենք ու վերջ։
Եկեղեցու հայտարարություններից էլ բան չեմ հասկանում։ Հորդորում են՝ սադրանքներին չտրվել, ամուր մնալ և այլն։ Լավ, չտրվենք։ Բայց միթե՞ Նիկոլի արածը սադրանք է։ Ես այդպես չեմ կարծում։ Կոնկրետ ծրագիր է, որն իրականացվում է՝ անկախ նրանից եկեղեցին դա սադրանք կկոչի, թե՞ ոչ, կամ կտրվի այդ սադրանքին, թե՞ ոչ։ Մկրտիչ Սրբազանն ակնհայտորեն սադրանքի չի տրվել և ի՞նչ եղավ։
…Երկար-բարակ գրում եմ՝ անընդհատ հետաձգելով ճշմարտությունն ասելու՝ շատ դժվար պահը։ Իսկ ճշմարտությունն այն է, որ մեր եկեղեցին ինքն իր համար կանխորոշեց այս ճակատագիրը։ Ճիշտ այն պահին, երբ հրաժարվեց Բագրատ Սրբազանից ու նրա սկսած պայքարից։ Հետո, երբ սկսեց ջոկողություններ դնել Բագրատ և Միքայել սրբազանների մեջ։ Հասկանո՞ւմ եք՝ եկեղեցին ակամայից ի ցույց է դրել իր ներքին վախերը (կարող է՝ սխալ բառ եմ օգտագործում), մտահոգությունները, տարաձայնությունները… ու էլի շատ բան, իսկ Նիկոլն այդ ամենը նկատել է։ Նկատել ու հիմա էլ արյան հոտ առած շնաձկան պես եկել է հերթական զոհի ետևից։
Եվ հաջողելու է։ Որովհետև միասնական դիմադրություն չկա։ Որովհետև եկեղեցին շարունակում է Բագրատ Սրբազանին ու մյուս 17 արդարներին մեկ աչքով նայել, իսկ Միքայել և Մկրտիչ սրբազաններին՝ մեկ այլ։ Որովհետև ի աջակցություն Սամվել Կարապետյանի գազի տաքացուցիչներով ցույցեր են կազմակերպվում, իսկ Մկրտիչ Սրբազանի համար՝ ոչինչ։ Ով եղունգ ունի, իր գլուխն է քորում, ու այդպես բաժան-բաժան եղած հերթով հայտնվում բանտերում։
Ցավոք, սա է իրականությունը։ Հատիկ-հատիկ տանում են մեր հոգևոր և քաղաքական առաջնորդներին։
Ախ դու Կըկու, հիմար Կըկու,
Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու…
Մեր երկրում տեղի ունեցող ամեն բան իր բացատրությունն ունի։ Այլ հարց է, թե որքանով ենք պատրաստ նայել ճշմարտության աչքերին։ Նայել ու տեսնել, որ մենք ենք մեղավոր։ Մենք՝ եկեղեցին, ընդդիմությունը, մտավորականությունը, էլիտաները… Մենք ենք սնում Նիկոլին։ Մեր երկչոտությամբ, ամբիցիաներով, զգուշավորությամբ, անհետևողականությամբ, անվճռականութմաբ ու շատ ուրիշ այլ բաներով ենք սնում նրան։ Դա է իրականությունը։
Գիտեմ, որ ասածներս շատերին կարող է և դուր չգալ, բայց այլ տարբերակ չկա՝ հիվանդությունը բուժելու համար ճիշտ ախտորոշում է պետք։ Իսկ ով համարում է, որ սխալ է ասածս, հանգիստ կարող է իրեն դուրս դնել իմ նշած «մենք»-ից։ Հուսով եմ՝ Նիկոլը հաջորդը նրանց ետևից չի գնա։
Ես անսահման սիրում և հարգում եմ մեր եկեղեցին, նրա սպասավորներին ու անդամներին։ Եվ իրապես հուսով եմ՝ որ գրածս կօգնի ճիշտ որոշումներ կայացնելուն։ Մեզ բռնցքվել է պետք, միավորվել։ Վեհարանի դիմաց այս օրերին ընդդիմադիր առաջնորդների ու հանրային գործիչների հերթեր պետք է գոյանային։ Բայց ոչ՝ բոլորը նստած սպասում են, թե ինչ կանի Վեհափառը և գուշակում, թե ով կլինի հաջորդը։
Մինչդեռ, գուշակելու կարիք չկա. բարի ծերունի Հեմինգուեյը շատ հստակ է տվել այն հարցի պատասխանը, թե ում մահն է գուժում զանգը…»։